Եթե ոչ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը, ապա ի՞նչ


Եթե ոչ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւը, ապա ի՞նչ

  • 06-02-2019 23:41:52   | Հայաստան  |  Վերլուծություն

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ՀՀ նոր իշխանությունների ռազմավարության մեջ բավական երկար ժամանակ տիրող անորոշությունը սաստիկ լարել է հայ հասարակության նյարդերը: Հունվարի 28-ին՝ հայկական բանակի տարեդարձի տոնակատարության ժամանակ, Հայաստանի արտգործնախարարը դժվար կացության մեջ էր ընկել՝ ոչ մի կերպ չկարողանալով բացատրել, թե ինչի մասին է ժամերով խոսել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Նրան այլ բան չմնաց, քան հայտարարել, որ «բանակցությունների այլընտրանքն աղետն է»: Իրականում նա հաստատեց հանրային կասկածները, որ իշխանությունները որեւէ ռազմավարություն, որեւէ նպատակ չունեն: Բանակցություններն անցկացվում են հանուն բանակցությունների` ապավինելով «բախտին»: Այս օրերին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտնի գործիչ Վլադիմիր Կարապետյանին վարչապետի մամուլի քարտուղար նշանակելը իշխանությունների ռազմավարության վերաբերյալ ինտրիգները հասցրին գագաթնակետին: Արցախյան հիմնախնդրի փուլային կարգավորման ուղեգծի վերածնման ուրվականները, որի կողմնակիցը եղել եւ մնում է Վլադիմիր Կարապետյանը, մուտք գործեցին Հայաստանի տեղեկատվական դաշտ:
 
Կարելի էր ակնկալել, որ որոշ պարզաբանումներով հանդես կգա վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդպես էլ եղավ: Հունվարի 30-ին վերջինս հայտարարեց. «Մենք չենք կարող, սկզբունքորեն չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձեւը: Մեր կառավարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման այնպիսի քաղաքականություն է վարում,  որը չի վարել որեւէ կառավարություն: Եթե որեւէ մեկը փորձում է զուգահեռներ անցկացնել հին քաղաքական ուղեգծերի հետ, անմիջապես ասեմ, որ դա մոլորություն է»: Այսինքն, Փաշինյանը հրապարակայնորեն իրեն տարանջատեց իր նախորդներից: Բայց արդո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի նոր իշխանություններն իսկապես ունեն նոր ռազմավարություն: Եվ եթե այդպես է, ինչո՞ւմ է այն կայանում:
 
Մինչ տվյալ հայտարարությունը, Փաշինյանը բարձրաձայնել է եւս երկու բանաձեւ. բանակցություններում առաջնահերթություն է Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը, եւ բանակցություններում նա խոսելու է Հայաստանի Հանրապետության անունից, նա լիազորված չէ խոսել Արցախի բնակիչների անունից, ովքեր նրան չեն ընտրել: Թվում էր՝ իրավիճակում բավարար չափով հստակություն է մտցվել: Սակայն ամենակարեւոր հայեցակետերը մնում են անհասկանալի. ի՞նչ գործնական նպատակներ է հետապնդում Հայաստանի ղեկավարությունը բանակցություններում, եւ ո՞ր թեմաների համար է պատասխանատվություն ստանձնում այդ բանակցություններում: Չէ՞ որ, եթե ելնենք իրերի տրամաբանությունից, տարածքային կարգավորման հայեցակետերը դուրս են Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունից: Ընդհանուր առմամբ, մինչ այժմ քննարկված Մադրիդյան սկզբունքների բոլոր դրույթները վերաբերում են Արցախին եւ Ադրբեջանին: ՀՀ-ն պատասխանատվություն չի կրում այն խնդիրների համար, որոնք դուրս են նրա սահմանադրական տարածքից եւ սահմաններից:
 
Փաշինյանի կողմից այս բոլոր հայտարարությունները նշանակո՞ւմ են արդյոք, որ ցանկացած բանակցություններում նա հրաժարվում է քննարկել տարածքային հարցերը: Եթե այդպես է, ապա հնարավոր կլինի խոսել իրական գործնական բանակցային ռազմավարության մասին, որի նպատակն է Արցախը ներգրավել բանակցային գործընթացում: Ադրբեջանի վիճակը կբարդանա` խնդրի տարածքային դիտանկյուններն Արցախի հետ  քննարկելը նրա համար անընդունելի է: Բայց եթե զորքերի շփման գծում (Վիեննայի պայմանավորվածություններ) վերահսկման մեխանիզմներ տեղադրելու պահանջի անթույլատրելիությունն Ադրբեջանը հիմնավորեց նրանով, որ դա կնպաստի ստատուս-քվոյի ամրապնդմանը, ապա բացատրել միջնորդներին, թե ինչու են հրաժարվում Արցախի հետ ուղիղ բանակցությունից՝ այնքան էլ հեշտ չէ:
 
Գիտակցո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունների լրջությունը՝ ցույց կտա ժամանակը:
 
Հայացք Երեւանից կայքէջ acnis.am 
Նոյյան տապան  -   Վերլուծություն