Արմեն Դավթյանն արժանի է, որ առնվազն իր ռեժիմը փոխվի․ Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութը` aravot.am)


Արմեն Դավթյանն արժանի է, որ առնվազն իր ռեժիմը փոխվի․ Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութը` aravot.am)

  • 11-02-2019 17:28:12   | Հայաստան  |  Իրավունք



ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ հարցի շուրջ առաջիկայում քննարկման է հրավիրելու արդարադատության նախարարին։ Այս մասին «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարի շրջանակներում տեղեկացրեց Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Ըստ նրա, «Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ կապ չունի՝ դաժան սպանություն է, թե մի գրիչի գողություն՝ հիմնականում խափանման միջոց է ընտրվում կալանքը: Սա սխալ ճանապարհ է»:
 
Նա տեղեկացրեց նաեւ, որ օրերս իրեն եւ Նիկոլ Փաշինյանին բաց նամակով է դիմել երկար տարիներ նրանց հետ միասին «Հայկական ժամանակ» օրաթերթում աշխատած՝ այժմ «Արմավիր» ՔԿՀ-ի բանտարկյալ Արմենակ (Արմեն) Դավթյանը, ով, մասնավորապես, խնդրում էր նրանց  միջնորդությունն ու երաշխավորությունը օրենքի շրջանակներում իր պատժի մնացած մասը բաց կալանքում կամ գուցե հանրօգուտ աշխատանքներում ընդգրկվելով կրելու հարցում։ 
 
Այն հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է այս առնչությամբ դրական լուծում, տիկին Զոհրաբյանը, մասնավորապես, պատասխանեց, թե զբաղվում է Արմենակ Դավթյանի խնդրով։ «Ես պարբերաբար «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպում եմ նրան ու կարող եմ ասել՝ այն գործը, որ Արմենն անում է այժմ քրեակատարողական հիմնարկում, նաեւ հոգեբանի գործ է՝ աշխատում է կալանավորների հետ, ինքը մեծ գործ է անում: Եվ Արմենն, այո, արժանի է, որ առնվազն իր ռեժիմը փոխվի՝ որպես առաջին քայլ»,- նշեց Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նոյյան տապան  -   Իրավունք