Եթե ունենանք հեղափոխության տապալում, ապա դա լինելու է դատական համակարգի միջոցով. Նինա Կարապետյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Եթե ունենանք հեղափոխության տապալում, ապա դա լինելու է դատական համակարգի միջոցով. Նինա Կարապետյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-02-2019 17:05:05   | Հայաստան  |  Իրավունք



 
Եթե ունենանք հեղափոխության տապալում, ապա դա լինելու է դատական համակարգի միջոցով: 
 
Նման մտահոգություն փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով վեց տարի անազատության մեջ գտնվող Արմեն Ղազարյանի գործին: 
 
Ըստ նրա՝ Ա. Ղազարյանը միակը չէ Հայաստանում, ով ապօրինաբար գտնվում է անազատության մեջ, իսկ նման դեպքերը վկայում են դատական համակարգի «հիվանդ» լինելու մասին: 
 
Ն. Կարապետյանցի համոզմամբ՝ անգամ հեղափոխությունից հետո դատական համակարգը ինքնուրույն բուժվելու և ինքնամաքրվելու որևէ ցանկություն չունի: 
 
«Խորին համոզմունք ունեմ, որ դատական համակարգն ինքնուրույն առհասարակ չի փոխվելու, որովհետև դա ունի շատ պարզ տրամաբանություն: Տեսեք, դատական համակարգը տարիներ շարունակ կատարել է հրահանգներ, շատ դատավորներ քիչ թվով հրահանգներ են կատարել քիչ թվով գործերի մասով և դրա դիմաց ստացել են հնարավորություն մնացած գործերով իրենց նախասիրությամբ ու նպատակահարմարությամբ  որոշումներ կայացնել: Դա բերել է նաև կոռուպցիոն ռիսկերի»,- ընդգծեց նա: 
 
Ն. Կարապետյանցի խոսքերով՝ դատական համակարգի որևէ օղակին փոխվելը ձեռնտու չէ նաև այն պարզ պատճառով, որ այդ դեպքում տվյալ համակարգում գործող պաշտոնյաների զգալի մասը պետք է պատասխանատվության ենթարկվի:  
 
«Լրագրողները Հանուն Մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանն իր հերթին ընդգծեց, որ թե հեղափոխությունից առաջ, թե հետո փակ համակարգերում, ինչպիսիք են քրեակատարողական հիմնարկները, շատ ու շատ խնդիրներ կան, տեղ չհասած բողոքներ, իսկ իրավապահները ոչինչ չեն անում իրավիճակը շտկելու ուղղությամբ: 
 
«Ես ավելի շատ ուշադրությունը կհրավիրեի փակ համակարգերում մարդկանց վիճակի և պաշտոնյաների անտարբերության վրա: Հեղափոխությունից հետո թվում էր, որ այնտեղ գտնվող անմեղ մարդկանց ազատ կարձակեն: Բանտի ներսում առողջական խնդիրներ ունեցող շատ մարդիկ կան, անգամ տեսանք, որ հացադուլից հետո մահվան դեպք արձանագրվեց, և սա սթափեցնող չեղավ»,- նկատեց Ժ. Ալեքսանյանը՝ հավելելով, որ նոր իշխանությունների օրոք նման դեպքեր չպետք է արձանագրվեն: 
 
Իրավապաշտպանի գնահատմամբ՝ վերոնշյալ առումով իրենք ոչ մի փոփոխություն չեն տեսնում, ավելին՝ Գլխավոր դատախազությունը շարունակում է ամեն գնով պատժելու գործելաոճը: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Իրավունք