Հեղափոխություն Արցախի խնդրում. վարչապետը բացեց խաղաքարտը


Հեղափոխություն Արցախի խնդրում. վարչապետը բացեց խաղաքարտը

  • 12-02-2019 18:24:03   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի նոր իշխանության քաղաքականությունն Արցախի հարցում հեղափոխական է, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության ծրագիրը եւ պատասխանելով հարցին, թե ընդդիմախոսները ոչ հեղափոխական են համարում արտաքին քաղաքականության բլոկը:
 
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը հեղափոխության հարթակից ազդարարել է, որ արտաքին քաղաքականության բլոկում չի պատրաստվում շրջադարձերի: Միեւնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ Արցախի հարցում Հայաստանի քայլերը հեղափոխական են: Այն, ինչ ես ասացի նոր, դա հեղափոխական չէ՞, հարցրել է Նիկոլ Փաշինյանը:
 
Իսկ մինչ այդ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից անդրադարձել էր բանակցությանը Արցախի կողմ լինելու եւ ի պատասխան դրան Ադրբեջանի առաջ քաշած «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» գործոնին:
 
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ի պատասխան Արցախի լիարժեք կողմ լինելու եւ Արցախի անունից չբանակցելու մասին իր մոտեցման, Ադրբեջանը չի կարող առաջ քաշել «համայնքի» տարբերակը, քանի որ Արցախում նախկինում բնակված ադրբեջանցիներն այսօր Ադրբեջանի քաղաքացի են եւ մասնակցում են այդ երկրի իշխանության ձեւավորմանը, հետեւաբար Ալիեւը ունի նաեւ նրանց մանդատը, եւ ըստ այդմ չկա նրանց առանձին մասնակցության հիմք եւ տրամաբանություն, ի տարբերություն Արցախի, որի հանրությունը ընտրում է իր իշխանությունը:
 
Նիկոլ Փաշինյանը հարց է բարձրացրել խորհրդարանի ամբիոնից՝ եթե Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացնում «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», ապա կարելի՞ է եզրակացնել, որ Ադրբեջանի իշխանությունը չի ներկայացնում նաեւ այդ երկրի բնակչության այլ շրջանակների, օրինակ ազգային փոքրամասնություններին:
 
Սա իրապես հեղափոխական բաղադրիչ է, որ առաջ է քաշում Երեւանը, փաստացի ակնարկելով այն մասին, որ Արցախի հետ բանակցելու հարցում Բաքվի «համայնքային» պատասխանի դեպքում հայկական կողմը կարող է առաջ քաշել Ադրբեջանի փոքրամասնությունների գործոնն ու օրինակ դիմել թալիշներին, լեզգիներին, խնդրելով պարզաբանել՝ Ալիեւին տալի՞ս են արցախյան գործընթացում իրենց անունից բանակցելու մանդատ:
 
Այլ կերպ ասած, Երեւանը մի կողմից ակնարկում է Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների խնդիրը խաղարկելու պատրաստակամության մասին, միեւնույն ժամանակ դրանով նաեւ քաղաքական առաջարկ անելով այդ փոքրամասնություններին՝ արցախյան գործընթացում դաշնակցելու հնարավորության մասին, երբ նրանք կարող են գործակցել Երեւանի հետ եւ սուբյեկտություն ապահովել Բաքվի հետ իրենց խնդիրների հարցում:
 
Գործնականում, խորհրդարանի ամբիոնից Հայաստանի վարչապետը բարձրաձայնում է իսկապես հզոր խաղաքարտի մասին, որն իր ներուժով կարող է պարունակել Ադրբեջանի իշխանության խորքային ապամոնտաժման հեռանկար, երբ ձգտելով փոխել ռեգիոնում Արցախով հաստատված ստատուս-քվոն՝ այդ թվում տարաբնույթ ռազմա-դիվանագիտական շանտաժի փորձերով, Ադրբեջանը կարող է կորցնել ստատուս-քվոն իր սահմաններում:
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն