Տեսախցիկները դարձյալ կովկասյան հովազ են ֆիքսել՝ Հայաստանում


Տեսախցիկները դարձյալ կովկասյան հովազ են ֆիքսել՝ Հայաստանում

  • 13-02-2019 16:56:08   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
 
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ապահով կենսամիջավայր է դարձել կովկասյան հովազի համար: Տարածքում տեղադրված «թակարդ»-տեսախցիկները հունվարին երեք անգամ նկարահանել են նրա շարժը: Դա թույլ է տալիս արձանագրել, որ մեր երկրում կան անհրաժեշտ պայմաններ և բավարար սնունդ` կենսաբանների և կենդանասերների ուշադրության կիզակետում հայտնված այս կատվազգիի համար:
 
Կովկասյան հովազի և վայրի այլ կենդանատեսակների շարժի տեսագրությունները կարևոր փաստեր են՝ տարածքի պահպանությանն ուղղված քայլերը վերլուծելու և գնահատելու համար:
 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գործընկերների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և բրիտանական «Վորլդ Լենդ Թրաստ» (World Land Trust)-ի աջակցությամբ, 2011 թվականից հստակ քայլեր է իրականացնում մեր երկրում բնության և կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված նորագույն «թակարդ»-տեսախցիկներն էապես նպաստում են անհրաժեշտ մշտադիտարկումների կատարմանը: Դրանց օբյեկտիվները տարբեր ժամանակ հասցրել են ֆիքսել շատ կենդանիների՝ բեզոարյան այծերի, գորշ արջի, գառնանգղերի, լուսանի, անտառակատվի, գայլերի, վարազների և աղվեսների շուրջօրյա շարժը: Վերջին դիտարկումները հատկապես կարևոր ձեռքբերում են: Նկարահանման տեղանքը չի նշվում՝ որսագողության հնարավոր դեպքերը կանխելու նպատակով:
 
Արդեն 8 տարի տարածքը գտնվում է հիմնադրամի վերահսկողության տակ, ինչը բացառում է որսագողության, ապօրինի անտառահատումների և մարդու գործունեության բացասական ազդեցության հնարավոր դեպքերը: Այս առումով էապես կարևորվում է համագործակցությունը թե՛ պետական մասշտաբով՝ Բնապահպանության նախարարության հետ, թե՛ միջազգային գործընկերներների հետ, և թե՛ ներքին շրջանակներում՝ բնապահպանական տարբեր հիմնադրամների միջև:
 
Հովազի պահպանման գործում էական դեր ունեն հեռավոր, այդ թվում՝ սահմանային համայնքները: Կենդանու այս տեսակը գտնվում է մշտական միգրացիայի ու տեղաշարժի մեջ: Կովկասյան հովազը մեկ օրում կարող է անցնել հարյուրավոր կիլոմետրեր: Նրա պահպանման կարևորությունն ու նշանակությունը գիտակցող համայնքները կարող են անգնահատելի աջակցություն ցույց տալ կենդանու պահպանության հարցում:
 
Տարբեր կենդանատեսակների համար ապաստարանն ապահով կենսամիջավայր է   դարձել՝ լինելով միգրացիոն միջանցքի մի մաս: Էապես ավելացել է մի շարք տեսակների, մասնավորապես՝ բեզոարյան այծերի գլխաքանակը: Սա հատկապես կարևոր է, քանի որ կովկասյան հովազի ներկայությունն առավելապես պայմանավորված է տարածքում բավարար սննդի առկայությամբ: Ըստ առկա տվյալների, Հայաստանի տարածքում «թակարդ»-տեսախցիկներով հնարավոր է եղել նկատել ընդամենը 3-5 առանձնյակի:
 
Կովկասյան հովազի պահպանման ծրագիրն իրականացվում է 2012 թվականից, երբ առաջին անգամ ձյան վրա նկատվեցին հովազի առաջին ոտնահետքերը: Կենդանու մազափնջի գենետիկ ստուգումներն հավաստեցին, որ դրանք պատկանում են հովազին: Արդեն 2013 թվականին տեղադրված տեսախցիկներն երեք անգամ տեսագրել են տարածքում բնակվող արու հովազին, արդեն երկրորդ հովազին հաջողվել է   տեսագրել  2018-ին և 2019-ին հունվար ամսին:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ