Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ, իսկ Հայաստանն ու Ռուսաստանը սպասում են․ ինչ է կատարվում
21-02-2019 22:28:20 | Հայաստան | Մամուլի տեսություն
Լևոն Քոչարյանը և Սիրուշոն արտագաղթում են. երգչուհին հերքում է
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ոդին՝ Լևոն Քոչարյանը, կնոջ՝ Սիրուշոյի հետ օրերս այցելել է Լոս Անջելեսում գործող First steps՝ «Առաջին քայլեր» անվանումով մանկապարտեզ իրենց երեխաներին այնտեղ տեղավորելու հարցով:
Ըստ մեր աղբյուրի՝ Քոչարյան կրտսերը պայմանավորվել է, որ առնվազն առաջիկա երկու ամիսներին երեխաները կայցելեն հենց այդ մանկապարտեզը»:
«Մեր երեխաներն հաճախում են և կշարունակեն հաճախել մանկապարտեզ Երևանում, որտեղ բնակվել ենք միշտ և շարունակելու ենք բնակվել»,– գրել է Սիրուշոն իր Instagram–ում՝ ի պատասխան այս հրապարակման։
Ռուսական կողմը ակտիվանում է. ինչու էր դեսպանն ամբողջ օրը խորհրդարանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ այցելել է խորհրդարան: Նա հանդիպել է իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին: Բացի այդ, ՀՀ-ում ՌԴ դեսպանը հանդիպումներ է ունեցել ԱԺ այն մշտական հանձնաժողովների նախագահների հետ, որոնք «Իմ քայլը» խմբակցության անդամ են` Անդրանիկ Քոչարյան, Ռուբեն Ռուբինյան, Բաբկեն Թունյան, Արման Եղոյան, Վարազդատ Կարապետյան:
Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպումների այս շարքն ուշագրավ է մեկ առումով. օրեր առաջ Հայաստան էին ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների խումբը` Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորությամբ, ու «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հենց Կալաշնիկովը խոստովանել էր. «ՌԴ-ում, չհասկանալով, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում, սկսում են հետևություններ անել, խոսել լավ ու վատ սպասելիքների մասին: Մենք չենք կարող չիմանալ մեր գործընկերներին, նրանց պատկերացումները և այդ պատճառով էլ եկել էինք»:
Այնպես որ, ՌԴ դեսպանի երեկվա հանդիպումները կարելի է համարել ռուս խորհրդարանականների այցի շարունակությունը: Սրանով կարծես դեսպանը փորձել է լրացնել վերջին ամիսների բացը` ավելի մոտիկից շփվելով իշխանության նոր ներկայացուցիչների հետ` հասկանալու նրանց տրամադրություններն ու ձեռք բերելու պայմանավորվածություններ:
Այս առումով պատահական չէ, որ խորհրդարանում վերջերս ստեղծվել է Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, որի ղեկավարը ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն է, բայց ՌԴ դեսպանը նրա հետ չի հանդիպել. նրան հետաքրքրել են հենց իշխանության ներկայացուցիչները»։
Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արևմուտքի հետ. Հայաստանը համաձայնություն չի տա. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Բավականին հետաքրքիր իրադրություն է առաջացել Ռուսաստան-Բելառուս տանդեմում: Եթե նկատեցիք` Սոչիում Պուտին-Լուկաշենկո 2 օր տևած բանակցություններից ոչ մի արտահոսք չեղավ։
Միայն Բատկան հարցին` որքանո՞վ եք պատրաստ միավորվել Ռուսաստանի հետ, մեկ նախադասությամբ պատասխանեց․ «Այնքանով, որքանով պատրաստ են ժողովուրդները», այսինքն` պատրաստ չենք»,- արձանագրեց մեր աղբյուրը:
Ինչքա՞ն կտևի այդ սագան, չէ՞ որ դրանից կախված` ՀԱՊԿ քարտուղարի խնդիրը ևս մնում է օդում։ «Դե, հիմա Լուկաշենկոն սկսել է խաղեր տալ Արևմուտքի հետ, Պուտինը համբերատար սպասում է. առջևում Բելառուսի ընտրություններն են, և չի բացառվում, որ, Ուկրաինայի նման, Ռուսաստանը կտրուկ դնի` կա՛մ-կա՛մ»:
Բելառուսի ՀԱՊԿ քարտուղարի թեկնածու Զասն ասել է` կարող են հարցը լուծել առանց կոնսենսուսի, առանց Հայաստանի։
«Հնարավոր չէ նման բան՝ դա կլինի կոնսենսուս «պա բելառուսկի»` ավանտյուրա, որովհետև առանց կոնսենսուսի հարցը լուծելու համար ևս կոնսենսուս է պետք՝ ՀԱՊԿ կանոնակարգն է այդպես պահանջում։
Այսինքն, Հայաստանը պետք է իր համաձայնությունը տա, որ այդ հարցն առանց իրեն լուծվի, իսկ Հայաստանը նման համաձայնություն երբեք չի տա։ Մինչև ապրիլ հարցը պարզ կլինի։
Ի դեպ, քննարկվում է նաև ՀԱՊԿ կանոնակարգը փոխելու հարցը, այդ թվում և գլխավոր քարտուղարի անսպասելի հրաժարականի և մյուս դեպքերի մասով, չի բացառվում՝ խնդրի լուծման գնան հենց այդ ճանապարհով»:
Սերժի Վաչոյի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի եղբորորդին` Աշոտ Ղազարյանը, որի դեմ ևս քրեական գործ էր հարուցվել, համաներումով ազատ է արձակվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Ղազարյանի դեմ քրգործ է հարուցվել խարդախության եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար. նա ծանոթներից մեկից` Գարիկ Աղաբեկյանից, 100 հազար ԱՄՆ դոլար էր վերցրել որպես կաշառք` հորեղբոր միջոցով «ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ ղեկավար նշանակելու համար:
Ի դեպ, քրգործ էր հարուցվել նաև Գ. Աղաբեկյանի դեմ` կաշառք տալու մեղադրանքով: Արդեն դատարանում նրանք երկուսն էլ ընդունել են մեղքը, խնդրել արագացված դատաքննություն կիրառել, որից հետո թեև Ղազարյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, բայց համաներմամբ ազատ է արձակվել:
Հետաքրքիրն այն է, որ 100 հազար դոլար կաշառքը տրվել է հենց նախագահական նստավայրի` Բաղրամյան 26-ի մոտակայքում. այդ մասին արձանագրված է քրգործով»: