Համայնքների զարգացումը՝ ծրագրային ուղղություն. Հերմոնում լուծվել է տարիների վաղեմության խնդիր
18-03-2019 18:15:35 | Վայոց ձորի մարզ | Հասարակություն
Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղում, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 27 տարի, արտաքին լուսավորություն չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են, շարքից դուրս եկել։ Ամռանը, բնական լույսի հաշվին՝ խնդիրն ինչ-որ կերպ տանելի է եղել: Իսկ տարվա մյուս եղանակներին իրավիճակն առավել խոցելի է դարձել: Օրվա տևողության կրճատմանը զուգահեռ՝ կրճատվել է ոչ միայն ամենօրյա անցուդարձը, այլև որևէ նախաձեռնություն կյանքի կոչելու հույսը: Գյուղում արևի մայր մտնելու հետ է հարմարեցվել ամեն ինչ. անգամ մթերային խանութների աշխատանքը:
2018 թվականին, Հերմոնն ընդգրկվել է «Հայաստանում էկո-գյուղերի ցանցի զարգացում» ծրագրում: Աշնան սկզբին մեծ թափով աշխատանքներ են իրականացվել: Տարեվերջին արդեն գործակցող կողմերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), լուծել են քառորդ դար գյուղացուն մտահոգող խնդիրը: Ներդրվել է լուսավորության էներգաարդյունավետ համակարգ: Տեղադրվել է 33 LED լուսարձակ: Լուսավորվել է ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ տարածք՝ ընդգրկելով գյուղի հիմնական փողոցները: Նոր՝ 2019 թվականն այստեղ դիմավորել են լուսավորված փողոցներով:
«Գյուղացուն գյուղում պահողը նրա համար ստեղծված պայմաններն են: Ենթակառուցվածքների զարգացումն այն նվազագույնն է, որն անհրաժեշտ է այդ պայմաններն ապահովելու համար: Ուշադրության կենտրոնում գտնվող մարդը դառնում է ինքնավստահ, ստեղծող, դժվարությունները հաղթահարող: Համոզված եմ, որ այս գյուղի արտաքին լուսավորությունը տնտեսական արդյունավետություն ապահովելուն զուգահեռ կբերի նաև այլ փոփոխություններ: Մարդը ստիպված չի լինի խանութ կամ բուժկետ գնալ միայն օրվա լույս ժամերին: Կյանքի նկատմամբ լավատեսությունը կարևոր գործիք է՝ ձեռքբերումներ ունենալու համար: Մենք փորձում ենք ստեղծել այդ հնարավորությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կենսաբազմազանությամբ առանձնացող բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումն էկո-գյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Այս կերպ հնարավոր է դառնում այդ գյուղերն ինտեգրել մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:
Ծրագրի իրականացման արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն ֆինանսական խնայողություններ, որոնք կարող են ուղղվել գյուղի համար կարևոր այլ խնդիրների լուծմանը: Զուգահեռաբար, լուսավորություն ժամանակակից արդյունավետ էներգախնայող համակարգը կնպաստի տեղում կյանքի որակի դրական փոփոխությանն ու աշխուժացմանը:
Ի տարբերություն այլ լամպերի՝ LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են. դրանք կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր: