Վտանգավոր խաղ


Վտանգավոր խաղ

  • 21-03-2019 13:16:24   | Հայաստան  |  Վերլուծություն

Ժիրայր Սեֆիլյանն օրերս հայտարարեց, թե կա Արցախի աբխազացման վտանգ: Թե ինչ նկատի ուներ աբխազացում ասելով, եւ որտեղից է վտանգը, Սեֆիլյանը չի մանրամասնել, խոստանալով այդ մասին խոսել առաջիկայում:
 
 
Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի անկախությունը ռուս-վրացական պատերազմից հետո, սակայն այդ ճանաչումը դարձել է Աբխազիայի փաստացի «ռուսաֆիկացման» պաշտոնական արձանագրումը: Ընդհանրապես, Ռուսաստանի հետ կապված հակամարտությունները՝ Աբխազիա, Հարավային Օսիա, Պրիդնեստրովիե, դրանց «ռուսաֆիկացումը» զրկում են նրանց միջազգային ճանաչման հեռանկարից, պահելով նախկին «մետրոպոլիաների» տարածքային ամբողջականության գերակայությունը: Իսկ Աբխազիայի ու Հարավային Օսիայի պարագայում առկա է ընդհանրապես էթնիկ դիմագիծը կորցնելու վտանգը՝ դրանից բխող հետեւանքներով:
 
 
Այդպիսին է միջազգային քաղաքական ներկայիս տրամաբանությունն ու իրականությունը:
 
Արդյոք սա նկատի ուներ Սեֆիլյանը Արցախի դեպքում:
 
Այս համատեքստում, ըստ էության Արցախի «աբխազացման հայտ» է ներկայացրել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ով հայտարարել է, որ Արցախը պետք է անցնի Ռուսաստանի մանդատի տակ:
 
Սամվել Բաբայանը այդ հարցազրույցում շարունակել է ապրիլյան պատերազմի վերաբերյալ իր տարօրինակ մտքերը, որին կոշտ արձագանքել է Արցախյան պատերազմի հերոս Վիտալի Բալասանյանը:
 
Ընդհանուր առմամբ, թե ապրիլյան պատերազմից հետո, երբ նա վերադարձավ մոսկովյան երկարատեւ «վտարանդիությունից» թե վերջին իր հարցազրույցում Սամվել Բաբայանը խնամքով շրջանցում է Ռուսաստանի թեման, ավելի ճիշտ՝ արդարացնում նրա պահվածքը:
 
Սամվել Բաբայանը հայտարարել է Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու մտադրության մասին, Ստեփանակերտը հայտարարել է, որ Բաբայանն առաջադրվելու օրենսդրական խոչընդոտ ունի:
 
Պետք է նկատի առնել, որ վերջին երկու տարիներին Հայաստանում ու Արցախում նրա ներքաղաքական ակտիվությանը սովորաբար ուղեկցում են լարվածությունն ու բախումնային իրավիճակները: Սա անկարեւոր հանգամանք չէ, նկատի ունենալով Արցախի առաջիկա համապետական ընտրությունների բացառիկ կարեւորությունը:
 
Վերջին շրջանում ռուսական պետական հեռուստաալիքները նկատելի ջանքեր են գործադրում Հայաստանի ու Արցախի միջեւ պառակտում մտցնելու ուղղությամբ, ինչպես նաեւ դրսեւորում են «հոգատարություն» Արցախի հանդեպ, չմոռանալով սակայն հորդորել հանձնել տարածքները:
 
Դա արվում է Արցախի հարցում Հայաստանի կառավարության նոր մոտեցումների ֆոնին, որոնք մի կողմից ուղղված են Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելուն, մյուս կողմից՝ այսպես կոչված կարգավորման տրամաբանությունը փոխելուն: Այս քայլերը բնականաբար կոտրում են Մոսկվայի մենաշնորհային մանդատը Արցախի հարցում, որի էությունը երեւում է Կազանի պլանից ու ապրիլյան պատերազմից:
 
Եվ ահա, Սամվել Բաբայանը կոչ է անում Արցախի հարցում հաստատել Մոսկվայի մենաշնորհային մանդատը:
 
Սեֆիլյանն ասել է, որ չեն աջակցելու Բաբայանի թեկնածությանը, բայց պատրաստ են համագործակցել նրա հետ, եթե Բաբայանն աջակցի Սասնա ծռերի թեկնածուին Արցախում: Սեֆիլյանն այդպիսով փորձում է կանխե՞լ «Արցախի աբխազացումը»:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն