Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը գնված աջ ղեկով մեքենաների ներմուծումը կավարտվի մայիսի 1-ին. Հակոբ Արշակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25-03-2019 18:07:40 | Հայաստան | Հասարակություն
Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը գնված աջ ղեկով մեքենաների ներմուծումը կավարտվի մայիսի 1-ին:
Ինչպես մարտի 25-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, համապատասխան օրենքի ընդունումից հետո 5-օրյա ժամկետում շրջանառվել է կառավարության երկու որոշում, որոնցից մեկը վերաբերում է այդ մեքենաների շահագործմանը, մյուսը՝ հաշվառմանը:
Ըստ նախարարի՝ օրենքով թույլատրված մեքենաները կարող են հաշվառվել և շահագործվել:
«Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, այս խնդրի գլխավոր շահագրգիռ կողմերը Պետեկամուտների կոմիտեն է և ոստիկանությունը: Տրանսպորտի նախարարությունը զբաղվում է այս հարցով այնքանով, որքանով ժամանակին սկսել է զբաղվել»,- նկատեց Հ. Արշակյանը:
Ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչու «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարական աշխատանքները կատարած աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել և ոչ ոք այդ հարցին ուշադրություն չի դարձնում, նախարարը պատասխանեց.
«Մեծ ուշադրություն է դարձվում այս հարցին: Խոսքը Տրանշ-2-ին է վերաբերում՝ Աշտարակ-Թալին հատվածին: Կապալառու իսպանական ընկերությունն ունեցել է հայկական ենթակապալառու ընկերություններ և նրանց հետ կնքել է պայմանագրեր, որպեսզի օգնեն իրենց այդ ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնելու հարցում: Նրանք օգնել են, իրականացրել են որոշակի ծավալի աշխատանքներ, սակայն իսպանական ընկերությունը չի վճարել այդ աշխատանքների դիմաց»:
Հ. Արշակյանի փոխանցմամբ՝ իսպանական ընկերությունն ունի սնանկության կառավարիչ, որի հետ բանակցություններ են տարվում: Առաջիկայում սպասվում է նաև սնանկության կառավարչի այցը Հայաստան: