Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» և «Արտագաղթած կարոտ»-ը թարմ շունչ են ստացել. գրքերի շնորհանդես-քննարկում
01-04-2019 09:49:06 | Հայաստան | Նոր գրքեր
«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ ժամանակակից գրող, պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանի գրքերի շնորհանդես-քննարկումը: Սամվելյանի ‹‹Ռոդենի ձմեռը›› և ‹‹Արտագաղթած կարոտ›› ժողովածուները վերջերս թարմ շունչ են ստացել: ‹‹Էդիթ Պրինտ›› հրատարակչության նախաձեռնությամբ վերահրատարակվել են և հանրությանը ներկայացվել նոր խմբագրությամբ և դիզայնով:
«Սա «Ռոդենի ձմեռը» գրքի երրորդ, «Արտագաղթած կարոտ» ժողովածուի երկրորդ հրատարակությունն է։ Նախնական շրջանում նախատեսվում էր վերահրատարակել միայն «Ռոդենի ձմեռը», բայց մեկ ամիս տևած քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր ունենք երկու վերահրատարակված գիրք»,-շնորհանդես-քննարկման ընթացքում նշեց Դավիթ Սամվելյանը:
Հեղինակը փաստեց, որ ժողովածուները ներառում են էսսեներ, պատմվածքներ և բանաստեղծություններ։ Ընդ որում՝ վերահրատարակման արդյունքում գրքերում ավելացվել են հավելվածներ բանաստեղծություններում ևս փոփոխություններ են արվել։ Գրքերի հիմքում մարդն է իր տարբեր ապրումներով, խնդիրներով, մարդկային բնավորությունն՝ իր բոլոր դրսևորումներով։
Գրողի այս գրքերը մեծ պահանջարկ և ժողովրդկանություն են վայելում ընթերցողների շրջանում, և պատահական չէ, որ քննարկման ընթացքում Դավիթ Սամվելյանին բազմաթիվ հարցեր հղեցին: Ընդ որում՝ հեղինակը ոչ միայն անդրադարձավ իր գործերին, այլև ժամանակակից գրականության միտումներին, ինչպես նաև սկսնակ ստեղծագործողներին խորհուրդներ տվեց:
Դավիթ Սամվելյանը տեղեկացրեց, որ եկող տարի մտադիր է ընթերցասերների դատին հանձնել իր նոր գիրքը, որում գերակշռելու են պատվածքները։ Անդրադառնալով վաճառքից դուրս եկած «Նա և նրա» ժողովածուին՝ գրողը տեղեկացրեց, որ այն գրախանութներ չի վերադառնա, քանի որ գրքի հետ ուրիշ պլաններ կան և դրա վերադարձը հնարավոր կլինի այլ նախագծի շրջանակներում:
‹‹Ռոդենի ձմեռը›› Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքն է՝ ‹‹Լուսե Երազ››, ‹‹Նա և նրա››, ‹‹Արտագաղթած կարոտ›› ժողովածուներից հետո: Գիրքը ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, ‹‹մութ ու ցուրտ տարիները››, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։
Գրքում միշտ ներկա են Երևանը, սերն ու դավաճանությունն իրար հանդեպ, քաղաքի հանդեպ և հենց սկզբունքներին ու ճշմարտություններին։ Ամբողջ ընթացքում կարմիր թելի պես ձգվում է հավատքի ու կրոնական ապրումների, բարոյականության ու ընդունված ‹‹ճիշտ›› բարքերի վերլուծությունն ու երբեմն՝ դրանց դրսևորման քննադատությունը։
Իսկ ‹‹Արտագաղթած կարոտ›› էսսեների և պատմվածքների ժողովածուն նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ...