Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև ավտոմաքսատան պետը. Դավիթ Անանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև ավտոմաքսատան պետը. Դավիթ Անանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-04-2019 14:03:39   | Հայաստան  |  Հասարակություն



 
Աշխատանքից ազատման դիմում է գրել ոչ միայն Նորագավիթի ավտոմաքսատան աշխատակիցը, այլև մաքսատան պետը: 
 
Այս մասին ապրիլի 11-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ  զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը: 
 
Ըստ նրա՝ ավտոմաքսատան աշխատակիցներն աշխատանքից ազատվելու դիմում են գրել՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին: 
 
Լրագրողի այն հարցին, թե արդյոք իրավաչափ  էր վարչապետի հանձնարակականն ավտոմաքսատան աշխատակցին ազատելու հետ կապված, Դ. Անանյանն ընդգծեց. 
 
«Ապրիլի 9-ին առավոտյան 09։15-ից մինչև 13։00-ն վարչապետը եղել է ՊԵԿ-ում։ Այցելությունը սկսվել է Արարատյան մաքսատան մաքսային կետից, որից հետո եղել ենք ՊԵԿ տարբեր ծառայություններում։ Ամբողջ այցելության արդյունքներով վարչապետն իր տեսակետն է հայտնել հանրությանը։ Դուք կենտրոնացել է մի փոքր էպիզոդի վրա, որը ձեր կարծիքով առերևույթ սենսացիա է պարունակում»:  
 
Լրագրողների մյուս դիտարկմանը, թե արդյոք ստորադաս աշխատակիցն է մեղավոր ավտոմաքսատանը տիրող իրավիճակի համար, ՊԵԿ նախագահը շեշտեց, որ ամենագլխավոր պատասխանատուն ինքն է, սակայն եթե մարդիկ ակնկալում են, որ ինքը պետք է դիմում գրի և ազատվի, ապա նման բան չի լինի: 
 
«Դա իմ համար կլինի փախուստ այն խոշոր և ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ իմ վրա: Հետևաբար, եկեք պայմանավորվենք՝ ես դիմում չեմ գրելու, ես վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ ոք ոչ մի բան չի ասել: Մենք իրավունք չունենք՝ ոչ ես, ոչ պարոն վարչապետը իրավունք չունենք մարդուն ազատենք կամ չազատենք»,- նշեց նա: 
 
Հիշեցնենք, որ Նորագավիթի մաքսատան աշխատակցին դիմում գրելու հանձնարարություն տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն բանից հետո, երբ մաքսատուն կատարած այցի ժամանակ արձանագրել էր, որ տարածքը աղբի մեջ է, իսկ Հայաստանի դրոշը՝ սենյակի մի անկյունում դրված:
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն