Հայաստանում ավտոբուսների արտադրության բիզնես պլան է կազմվում, որը կներկայացվի վարչապետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայաստանում ավտոբուսների արտադրության բիզնես պլան է կազմվում, որը կներկայացվի վարչապետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 12-04-2019 16:42:18   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
Հայաստանում ավտոբուսների արտադրության բիզնես պլան է կազմվում, որը 15 օրից ամբողջական կլինի և կներկայացվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 
 
Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: 
 
Ըստ նրա՝ հեղափոխությունից գրեթե մեկ տարի է անցել, սակայն տրանսպորտի ոլորտում էական փոփոխություններ այդպես էլ չեն կատարվել: 
 
Տ. Հովհաննիսյանի խոսքերով՝ այլևս դժգոհելու փոխարեն որոշել են գործի անցնել. մասնավորապես, ինժեներների, պատգամավորների և մարզպետների մասնակցությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, որը ավտոբուսների տեղական արտադրություն հիմնելու բիզնես պլան է կազմում: 
 
«Արտադրությունը նախատեսվում է հիմնել Տավուշի մարզում, քանի որ երկաթգիծն այնտեղով է անցնում և ավտոբուսների պահեստամասեր ներկրելն ավելի հեշտ կլինի: Սա փոքրիկ տնտեսական հեղափոխություն է, որի համար պայքարելու ենք: Աշխատանքային խումբը շուտով կփորձի հանդիպել վարչապետի հետ, որպեսզի էլ ստիպված չլինենք Հայկ Մարությանին կամ տրանսպորտի նախարարին հանդիպելու համար ակցիաներ իրականացնել»,- նշեց նա՝ հավելելով, որ 27 տարի է, Հայաստանում մեքենաշինության ոլորտ գոյություն չունի, և չգիտեն, թե ավտոբուսների արտադրություն հիմնելու դեպքում ո՞վ պետք է կառավարի իրենց, ո՞վ ստանդարտիզացում տրամադրի: 
 
Տ. Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Երևանի քաղաքապետարանն այժմ բանակցություններ է վարում Գերմանիայից և Ռուսաստանից թանկարժեք ավտոբուսների ներկրման համար այն դեպքում, երբ Հայաստանում կան բոլոր հնարավորությունները սեփական արտադրություն հիմնելու և ոլորտը սպասարկելու համար: 
 
«Ինժեներական խմբի մոտավոր հաշվարկներով 1000 աշխատատեղ կբացվի, բայց պատկերացրեք՝ մեքենաշինության ոլորտը զարգացնելլով՝ մենք ինչ առաջընթաց կունենանք, ինչ տեխնոլոգիաներ կզարգանան»,- ընդգծեց բանախոսը: 
 
Վերջինիս գնահատմամբ՝ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ «քնած» է, մինչդեռ ոչ ԵԱՏՄ անդամ հարևանները տարբեր արտադրություններ են զարգացնում: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ