Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Լեոնարդոն, ազգային առաջնության 34-րդ տուրի հանդիպումից հետո, Football Italia պարբերականին տված հարցազրույցում, իր կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ: Նշենք, որ «Ինտերին» հաջողվել է սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասնել հռոմեական «Լացիոյի» նկատմամբ:
-Սա յուրահատուկ հաղթանակ էր մեզ համար: Մինչեւ մրցաշրջանի ավարտը կարող է պատահել ամեն ինչ: Ես նույնիսկ հավատում եմ, որ «Ինտերը» դեռ կարող է չեմպիոն դառնալ, - հայտարարել է Լեոնարդոն:
Միաժամանակ նա խոսել է նաեւ ներկայումս թիմում տիրող իրավիճակի մասին:
-Այս մրցաշրջանը շատ բարդ ստացվեց «Ինտերի» համար: Թիմը գրեթե ամբողջությամբ փոխվեց. փոփոխություններ` մարզչական կազմում, ֆուտբոլիստները վնասվածքներ ստացան եւ այլն: Միակ բանը, որ մնացել է «Ինտերում» դա հաղթական ոգին է, որը թիմն երբեք չի կորցրել եւ չի կորցնի: Մի խոսքով, ցանկանում եմ նշել, որ իմ թիմը կարող է դեռ չեմպիոն դառնալ, եւ ես այստեղ եմ եկել միայն բարձրունքներ նվաճելու համար, - հայտարարել է «Ինտերի» գլխավոր մարզիչը: