Ազատամարտիկների կարծիքով՝ երկրի անվտանգության և սոցիալական ապահովության հարցերին չեն տրվում բավարար լուծումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ազատամարտիկների կարծիքով՝ երկրի անվտանգության և սոցիալական ապահովության հարցերին չեն տրվում բավարար լուծումներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 29-04-2019 15:17:21   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մեր իշխանությունների կողմից երկու շատ կարևոր խնդիր կա լուծելու. առաջինը՝ երկրի անվտանգության խնդիրն է ժողովրդով հանդերձ, երկրորդը՝ սոցիալական ապահովությունը: 
 
Այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը՝ անդրադառնալով հեղափոխությունից մեկ տարի անց ազատամարտիկների սոցիալական վիճակին և նրանց չլուծված խնդիրներին: 
 
Ըստ նրա՝ վերոնշյալ երկու խնդիրներին առայժմ չեն տրվում այնպիսի լուծումներ, որոնք բավարար կլինեն: 
 
«Մենք բողոքական չենք, չենք բողոքում ուղղակի բողոքելու համար, մենք բարձրաձայնում ենք մեր խնդիրները, որոնց մեր այսօրվա իշխանությունները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն: Այսօր ազգի կեսը սոցիալապես սարսափելի վիճակում է, բա պատկերացնում եք՝ Աստված չանի պատերազմ լինի մի քանի ամսով, մարդիկ չեն կարողանալու իրենց ընտանիքները պահեն և գնան կռվեն»,- նկատեց Վ. Ավետիսյանը: 
 
«Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ խորհրդի նախագահ Գագիկ Սարուխանյանի կարծիքով՝ նախորդ տարվա ապրիլից երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն այդպես էլ իրենց դրական ազդեցությունը չեն ունեցել ազատամարտիկների խնդիրների լուծման համար: 
 
Նրա խոսքերով՝  Հայաստանում «սերժիզմը» շարունակվում է, քանի որ նոր իշխանությունները կոնկրետ քայլեր չեն կատարում իրավիճակը շտկելու համար: 
 
«Մենք շատ մեծ հույսեր ունեինք այսպես կոչված հեղափոխությունից, բայց իրականում կարծես թե իշխանափոխանցում էր: Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց քայլել, ես ու իմ ընկերները մարդկանց ոտքի էինք հանում Երևանում: Մարդկանց հիմնականում ոտքի հանելը եղել է մեր նման տղերքի հաշվին»,- ընդգծեց Գ. Սարուխանյանը: 
 
Ազատամարտիկ Խաչատուր Խաչատուրյանն էլ իր հերթին շեշտեց, որ եթե Արցախյան պատերազմին մասնակցած և հաղթած ազատամարտիկիներին այսօր չեն գնահատում, ապա վաղվա ազատամարտիկներին ևս չեն գնահատի: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն