Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պետական չարաշահումները բացահայտելու համար. փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել պետական չարաշահումները բացահայտելու համար. փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 30-04-2019 18:15:45   | Հայաստան  |  Իրավունք



 
«Այս քրեական գործի հարուցումն ինքնին բացառում է մեղադրյալի կարգավիճակը Սանասարյանի համար»,- ապրիլի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեց Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը: 
 
Ըստ նրա՝ հեմոդիալեզի պարագաների գնման գործընթացի վերաբերյալ Գլխավոր դատախազության կողմից քրեական գործը հարուցվել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի որոշմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Վանաձորի բժշկական կենտրոններում կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա: 
 
«Հարուցված քրեական գործով Գլխավոր դատախազությունը հետևյալ տեղեկատվությունն է տվել, որ այդ երկու ԲԿ-ներում 2015-2018 թվականներին հեմոդիալեզի գնումների գործընթացը կազմակերպվել է այնպես, որ 2,2 անգամ արժեքից բարձր գնով է պետությունը ձեռք բերել, սա առաջինը. Երկրորդը՝ օրենքով  նախատեսված պահանջների խախտմամբ այնպիսի չափանիշներ են ներկայացվել գնման գործընթացին, որ միայն մեկ ընկերություն ունի նման մոդիֆիկացիայի ապրանք: Այսինքն՝ արդեն իսկ այդ մրցույթին կարող է հաղթել մեկ ընկերություն, հետևաբար մրցակցության մասին խոսք լինել չի կարող: Սա վերաբերում է պետական բյուջեից ֆինանսավորվող գործընթացին, արդյոք պարոն Սանասարյանն այս հարցում չպետք է լիներ ավելի վճռական և պետք է պահանջեր, որ այդ գործընթացը բերվի օրինականության դաշտ: Այսօր մեղադրանքն առաջադրված է ըստ էության Սանասարյանի այդ գործողության համար»,- ընդգծեց Ա. Սարդարյանը: 
 
Նրա բնութագրմամբ՝ անձին մեղսագրված է պետական պաշտոնը չարաշահելու և դրանով պետությանն էական վնաս պատճառելու մասին մեղադրանք մի բանի համար, որ այդ անձն ինքն է հայտնաբերել պետական չարաշահումներ և դրանց մասին տեղեկատվությունն ուղարկել Գլխավոր դատախազություն: 
 
Դ. Սանասարյանի մեկ այլ փաստաբան Ինեսսա Պետրոսյանն էլ շարունակեց պնդել, որ իր վստահորդի նկատմամբ շինծու մեղադրանք է առաջադրված: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք