Երկու SIM քարտ նոր սերնդի iPhone-ներում. Ucom-ը գործարկեց eSIM տեխնոլոգիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
03-05-2019 14:52:10 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ucom ընկերությունն այսօր գործարկեց eSIM տեխնոլոգիան, իսկ դա նշանակում է, որ iPhone XS, XS Max և XR սմարթֆոններ ունեցողները, ովքեր Ucom շարժական կապի բաժանորդներ են, կարող են օգտագործել երկու SIM քարտ միաժամանակ:
Նոր տեխնոլոգիան եկել է փոխարինելու ֆիզիկական SIM քարտերին մասնավորապես նոր սերնդի iPhone-ներում, որոնցում ներկառուցված էլեկտրոնային SIM-ը կոչվում է eSIM: Այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է նախ բաժանորդագրվել eSIM ծառայությանը և ստանալ հատուկ QR ԿՈԴ, այնուհետև բացել շարժական կապի կարգավորումներն ինտերնետին միացված սմարթֆոնի վրա, սկանավորել QR կոդը, որից հետո ներբեռնել և հաստատել բաժանորդագրությունը:
Ինչպես մայիսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում նկատեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, նորամուծության առավելությունն այն է, որ հատկապես արտերկրում iPhone օգտագործող Ucom բաժանորդներն այլևս երկրորդ քարտի հետ կապված խնդիրներ չեն ունենա:
Ըստ նրա՝ այս պահին իրենց ընկերությունը բանակցում է նաև Apple Watch 3 կամ 4-ի և մի շարք այլ արտադրողների կողմից արտադրվող սմարթֆոնների օգտատերերին նույն հնարավորությունն ընձեռելու ուղղությամբ:
«Եթե սովորական SIM-ի դեպքում դուք ֆիզիկական քարտն էիք տեղադրում հեռախոսի մեջ, ապա այս դեպքում դուք ուղղակի QR կոդն եք գեներացնում, որն ավտոմատ բոլոր կարգավորումները տեղափոխում է ձեր հեռախոսի մեջ»,-նշեց Հ. Եսայանը՝ հավելելով, որ տարածաշրջանում Հայաստանն առաջինն է, որը գործարկում է նոր տեխնոլոգիան:
Այս պահին eSIM-ը գործում է աշխարհի ընդամենը 29 երկրներում: