ԱԱԾ. Բացահայտվել եւ խափանվել է կոռուպցիոն սխեմա. թիրախում եղել են հաշմանդամները


ԱԱԾ. Բացահայտվել եւ խափանվել է կոռուպցիոն սխեմա. թիրախում եղել են հաշմանդամները

  • 03-05-2019 17:37:02   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին  ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները: 
 
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մ.Մ-ն և նույն հանձնաժողովի անդամները, գալով նախնական համաձայնության,  ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան բժշկասոցիալական փորձաքննություններ՝ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու, տևողության ժամկետները սահմանելու և քաղաքացիների օգտին այլ նախընտրելի որոշումներ կայացնելու դիմաց, 2018թ. դեկտեմբերից մինչև 2019 թվականի  ապրիլը, տասնյակ անձանցից պահանջել և որպես  խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 645 հազար դրամ գումար՝ յուրաքանչյուրից 20-55 հազարական դրամ: 
 
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 
 
Կատարվում է նախաքննություն: 
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն                                                                        3.05.2019
 
Նոյյան տապան  -   Իրավունք