Նորագավիթի բնակիչները «Սպայկա»-ից պահանջում են կանաչապատել հարակից տարածքը և բացել դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նորագավիթի բնակիչները «Սպայկա»-ից պահանջում են կանաչապատել հարակից տարածքը և բացել դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 06-05-2019 14:44:29   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 26-ին ընդունած 717 որոշումը ոչ միայն ապօրինի է, այլև հանցավոր: 
 
Այս մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 
«Նորագավիթ» հայրենակցական միության նախագահ Աշոտ Եղիազարյանը: 
 
Ըստ նրա՝ հենց այդ որոշմամբ կառավարությունն ապօրինի կերպով Նորագավիթի շուրջ 163 հեկտար գյուղացիական բարձր նշանակության հողատարածքը նվիրել է «Սպայկա» ընկերությանը: 
 
«Ու ինչն է ամենասահմռկեցուցիչը. Այդ որոշման մեջ գրված է՝ Նորագավիթի հարակից ամայի տարածքներից 163 հեկտար տալ «Սպայկա»-ին, չիմացողներն էլ, որ նայեն, կասեն դե ամայի է, տվել են»,- նկատեց Ա. Եղիազարյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝  նախկին իշխանությունը Նորագավիթի այդ հողատարածքների նվիրատվության գործընթացը հնարավորինս անխոչընդոտ իրականացնելու համար 2012 թվականից այնպես է արել, որ այդ հատվածում ոռոգման ջրի խնդիր է առաջացել, իսկ բնակիչների հետ ունեցած վարձակալության պայմանագրերը չեն վերակնքվել: 
 
Ա. Եղիազարյանը հիշեցրեց, որ մինչև կառավարության վերոնշյալ որոշման ուժի մեջ մտնելը, Նորագավիթի բնակիչները տարիներ շարունակ վարձակալել են այդ հողատարածքները և պտղատու այգիներ հիմնել, որոնք ինքնանպատակ չեն եղել, այլ ունեցել են նաև բնապահպանական նշանակություն:  
 
«Պատկերացնո՞ւմ եք, 18-20 հազար հատ 15-20 տարեկան պտղատու ծառերը չեմ ասում կտրեցին, դա մեղմ է, ի՞նչ կտրել, սպանդի ենթարկեցին, ոչնչացրեցին: Լավ հիշում եմ, Դավիթաշենում մի քանի հատ բարդի կտրելը նախկին նախագահն ասեց՝ վանդալիզմ է, քաղաքապետն ասեց՝ հանցագործություն է, հարկավոր է քրեական գործ հարուցել: Հարցրեցի՝ բա սրան ի՞նչ անուն կտաք. ասեցի, եթե դուք դժվարանում եք ասել, ես սա կանվանեմ ոճրագործություն, դարի հանցագործություն»,- ընդգծեց Ա. Եղիազարյանը՝ հավելելով, որ բազմիցս այդ խնդրով դիմել է Երևանի նախկին քաղաքապետին, բայց ոչ մի պատասխան չի ստացել, իսկ հեղափոխությունից հետո Երևանի քաղաքապետարանից անհեթհեթ պատասխաններ է ստանում: 
 
հարցին, թե ո՞րն է այսօր իրենց պահանջը, երբ այդ հողատարածքներում արդեն հսկայական ջերմոցներ են գործում,
«Նորագավիթ» հայրենակցական միության նախագահը նշեց՝ իրենց պահանջն է, որպեսզի «Սպայկան» հարակից տարածքները կանաչապատի, նոր ծառեր տնկի և բացի դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը: 
  
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն