Կառավարությունը պետք է հստակեցնի այն առաջնային ուղղությունները, որոնք Հայաստանը կդարձնեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր
14-05-2019 19:36:40 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Եթե նոր կառավարությունը խոսում է Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դարձնելու մասին, ապա պետք է նաև նշի, թե որ ուղղություններն են առաջնային:
Այս մասին մայիսի 14-ին Մամուլի ազգային ակումբում հրավիրված դասախոսություն-քննարկման ժամանակ նշեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը՝ անդրադառնալով «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման խոչընդոտներն ու հնարավորությունները Հայաստանում» թեմային:
Ըստ նրա՝ կառավարությունն իր ծրագրում ամրագրել է տեխնոլոգիական արդյունաբերության երկիր կառուցելու մասին կետը, ինչն ամբիցիոզ ցանկություն է:
«Ես կողմ եմ, որ լինի անպայման ամբիցիոզ ցանկություն. Ճիշտն ասած, տարիների ընթացքում մեզ խանգարել է անհավանական, ամբիցիոզ նշաձողեր չդնելը և դրանց չհասնելը, և համարելը, որ դա մերը չի: Բայց բարձր տեխնոլոգիաների ոլորտն այնքան բազմաճյուղ է, որ անհնար է բոլոր ճյուղերում հաջողություններ ունենալ»,- նկատեց Հ. Մուսայելյանը՝ հավելելով, որ պետությունը պետք է կարողանա հստակ գույքագրել Հայաստանի մրցակցային առավելությունները:
«Սինոփսիս Արմենիա»-ի տնօրենի խոսքերով՝ Հայաստանի մրցակցային առավելություններից է մարդկանց ճկուն մտածելակերպը, նոր տեխնոլոգիաներին արագ ադապտացվելու ունակությունը և ծայրահեղ հետաքրքրասեր լինելը, հետևաբար ըստ նրա՝ պետք է արվի ամեն ինչ, որպեսզի հայ ազգը սովորի կրեատիվ մտածել ու գործել:
Նրա փոխանցմամբ՝ ակնհայտ և լուրջ ձեռքբերումներ կան հեռահաղորդակցության ոլորտում, որտեղ տարբեր օպերատորների ներգրավվածությունը հանգեցրել է առողջ մրցակցության, ինչն էլ իր հերթին նպաստել է այդ ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը և ինտերնետ հասանելիությանը ամբողջ երկրի տարածքում:
Անդրադառնալով ՏՏ ոլորտի զարգացման խոչընդոտներին՝ Հ. Մուսայելյանն առաջին հերթին առանձնացրեց որակյալ կադրերի պակասը, ապա կրթական ծրագրերի անբավարարությունը, համալսարան-աշխատաշուկա (մասնավոր հատված) հետադարձ կապի բացակայությունը, տեղական ընկերությունների համար գլոբալ շուկայի անհասանելիությունը: