Եթե շինարարություն չեն անելու, թող վաճառեն. մենք կարող է գտնենք կառուցապատողներ, որոնք ի վերջո կավարտեն Կասկադը. Արթուր Մեսչյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Եթե շինարարություն չեն անելու, թող վաճառեն. մենք կարող է գտնենք կառուցապատողներ, որոնք ի վերջո կավարտեն Կասկադը. Արթուր Մեսչյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-05-2019 13:42:07   | Հայաստան  |  Հասարակություն



 
Երևանում կան փոսորակներ, որոնք ոչ միայն էսթետիկական և փոշու տեսանկյունից են վատ, այլև շատ վտանգավոր են: Այս համատեքստում Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը Կասկադն ավարտուն տեսքի բերելը համարում է առաջնային խնդիր: 
 
Ըստ նրա՝ Կասկադի հարցում ամենամեծ խնդիրն այն է, որ չգիտեն, թե ում հետ պետք է բանակցեն համալիրն ավարտելու համար: 
 
Ա. Մեսչյանի խոսքերով, քանի որ Կասկադի սեփականատերը հանդիսանում է Գաֆեսճյան կենտրոնը, որն այդպես էլ չի ավարտում համալիրի վերին հատվածի շինարարությունը, ուստի իրենք խնդրում և պահանջում են Գաֆեսճյանի ներկայացուցիչներին վաճառել այն: 
 
«Եթե շինարարություն չեն անելու, թող վաճառեն, որովհետև եթե վաճառեն, մենք կարող է գտնենք կառուցապատողներ, որոնք ի վերջո կավարտեն Կասկադը: Փառք Աստծո, Ասլան Մխիթարյանը (Կասկադի համահեղինակ, ճարտարապետ) ունի շատ լավ նախագիծ, ըստ որի՝ Կասկադն ավարտվում է, և ներքևի աստիճաններով դուք կարող եք բարձրանալ 50-ամյակի հուշարձանի հարթակի վրա: Ի միջայլոց, հարթակի վիճակն էլ է խայտառակ, այնտեղ ջրահեռացման խնդիրներ կան»,- նկատեց գլխավոր ճարտարապետը: 
 
Վերջինիս խոսքերով, եթե Երևանի քաղաքապետարանն ունենար բյուջետային միջոցներ, ապա ոչ թե երկարատև բանակցություններ կվարեր տարբեր կառուցապատողների հետ քաղաքի այս կամ այն խնդիրը լուծելու համար, այլ միանգամից կանցներ գործի: 
 
Ա. Մեսչյանի փոխանցմամբ՝ քաղաքապետարանը բազմաթիվ ծրագրեր ունի իրականացնելու, սակայն չի իրականացնում, քանի որ և փող չկա, և օրենքներն են անտրամաբանական: 
 
«Տեսեք, եթե լիներ օրենք, որ եթե դու փոսորակ ես արել և երկու կամ երեք տարի շինարարություն չես անում, ապա դու կորցնում ես այդ հողատարածքի սեփականության իրավասությունը, բոլոր հարցերը կլուծվեին: Ախր խնդիրն այն է, որ մենք ունենք օրենքների մի դաշտ, որ խոչընդոտում են ցանկացած տրամաբանությանը, էլ չեմ խոսում ճարտարապետական և քաղաքաշինական տրամաբանության մասին»,- ընդգծեց նա: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն