Քաղաքապետարանում հույս ունեն մետրոյի երկու նոր կայարանների կառուցումը սկսել 2020 թվականի սկզբից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Քաղաքապետարանում հույս ունեն մետրոյի երկու նոր կայարանների կառուցումը սկսել 2020 թվականի սկզբից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-05-2019 14:45:42   | Հայաստան  |  Հասարակություն



 
Երևանի քաղաքապետարանում հույս ունեն մինչև հունվար ավարտել մետրոպոլիտենի երկու կայարանների նախագծման աշխատանքները, իսկ 2020 թվականի տարեսկզբից սկսել շինարարական աշխատանքները: 
 
Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: 
 
Ըստ նրա՝ սա այն դեպքն է, երբ մետրոպոլիտենի կայարան կառուցելն իրականացվում է ոչ թե բյուջետային միջոցներով, այլ՝ կառուցապատողների: 
 
«Ընդհանրապես մետրոպոլիտենն իր կառուցվածքով շատ բարդ համակարգ է, տարբեր ոլորտի մասնագետներ պետք է ներգրավել, և մենք աշխատում ենք այդ մասնագետների հետ, որպեսզի վերջնականապես ճշտենք մետրոպոլիտենի քաղաքականությունը և բոլոր նրբությունները, որոնք կապված են այդ ծրագրի հետ»,- նկատեց Ա. Մեսչյանը: 
 
Վերջինս անդրադառնալով ճոպանուղու ծրագրին՝ նշեց, որ այն իրականացնելով՝ կլուծեն բավականին խնդիրներ կապված մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու հետ: 
 
Գլխավոր ճարտարապետի խոսքերով՝  իրենց սկզբնական խնդիրը Նոր Նորքը Երևանի կենտրոնին կապելն է, այնուհետև ծրագիրը կարող է ընդլայնվել՝ ներառելով նաև Հաղթանակի այգին: 
 
«Դա ևս կառուցվում է ոչ բյուջետային ներդրումով. մենք աշխատում ենք կառուցապատողների հետ, որոնք կֆինանսավորեն ճոպանուղու ծրագիրը»,- նշեց Ա. Մեսչյանը՝ անկեղծանալով, որ այս պահին ավելի շատ զբաղված են դիվանագիտությամբ, քան ճարտարապետությամբ՝ նկատի ունենալով տարբեր կառուցապատողների հետ բանակցությունները: 
 
Նրա փոխանցմամբ՝ այս պահին կան կառուցապատողներ, որոնք պատրաստ են իրականացնել ճոպանուղու ծրագիրը, սակայն նրանց անուններն առայժմ չեն հրապարակայանացնում, իսկ կառուցվելիք ճոպանուղին բացառապես տրանսպորտային միջոց կծառայի: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն