Հովսեփ Նալբանդյանի 22-րդ հատորը՝ Հուշարձան մայրերուն»


 

Հովսեփ Նալբանդյանի 22-րդ հատորը՝ Հուշարձան մայրերուն»

  • 31-05-2019 11:40:37   | Հայաստան  |  Հասարակություն

 
Դարձյալ, հայրենի եզերքի ու իր պապերի արյան կանչով, Հայաստանում է հալեպահայ,  ամերիկաբնակ գրող, հայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս-խմբագիր, բարերար, Հայաստանի և Արցախի գրողների միությունների անդամ,  ազգային-հասարակական գործիչ Հովսեփ Նալբանդյանը:
 
Այս թվարկումները, պատկերացրեք, բացարձակ իրականություն են: Եվ, իհարկե, ազգանվեր գործ անելու համար կարևոր չէ, թե մարդը որտեղ է ապրում:
 
Ապրել Ամերիկայում և լինել ու մնալ այդքան հայ, երևի քչերին է հաջողվում:
 
Հովսեփի յուրաքանչյուր այցելություն Մայր Երկիր վերածվում է  հայ գրքի և գրատպության մի յուրօրինակ տոնի: Յուրաքանչյուր այցելությունից հետո երևի շատերն են հարց տալիս իրենք իրենց՝ իսկ դու ի՞նչ ես արել հայ գրքի, մայրենի լեզվի  տարածման գործում:
Նա, որ իր անձը նվիրել է մեր լեզվի և գրականության տարածմանը, արդեն գիտեն և համոզվել են շա՜տ-շա՜տերը: Եթե Ամերիկայում է՝ անվերջ գրում է և աշխատում, պեղում ու հավաքում վաղուց մոռացված  կամ չմոռացված հեղինակների գործեր,  ողջ էությամբ, կարծես ի վերուստ հանձնարարություն ստացած, անցնում է հերթական ու հերթական գրքի ստեղծման սուրբ գործին: 
 
Վերջերս  անծանոթներից մեկն, առաջին անգամ համացանցի միջոցով  ծանոթանալով նրա գրական գործունեությանը, կարդում է, որ տասնինը տարվա ընթացքում Հ. Նալբանդյանը գրել ու տպագրել է 22 գիրք (7581 էջ): Վերջինս, հաստատ համոզված լինելով, որ համակարգչային սխալ  է, այնուամենայնիվ,  հարցնում է  պ. Նալբանդյանին.
 
 -Երևի 2 պետք է գրեիք և սխալմամբ  22 եք գրել, այնպես չէ՞: 
 
Բայց երբ լսում է ճիշտ պատասխանը, չի կարողանում թաքցնել իր զարմանքը…
 
Դե՜, զարմանում է անծանոթը, իսկ ծանոթներն  այլևս  չեն զարմանում:
 Գուցե շատերին անհավանական թվա ասածս, բայց Հ. Նալբանդյանը հայ գիրն ու գրականությունը տարածելու համար ներդրել և ներդնում է իր ողջ կարողությունը:
 
Նրան ճանաչողները գիտեն, որ դատարկաձեռն երբեք չի գալիս Հայաստան:
 
Այս անգամ Հ. Նալբանդյանի նվերը մեր հանրությանը  «ՀՈՒՇԱՐՁԱՆ ՄԱՅՐԵՐՈՒՆ»  գիրքն է (Երևան, ապրիլ, 2019թ., 350 հեղինակ, 543 էջ), գիրք, որը մի յուրօրինակ ՁՈՆ է բոլոր հայ մայրերին: Ի դեպ, երջանիկ զուգադիպությամբ, այս օրերին հեղինակի մայրը՝ Անայիս Պարսումյան Նալբանդյանը նշում է իր ծննդյան 90 ամյակը: Այս գիրքը, ըստ հեղինակի մատենաշարի, 42-րդն է: «ՀՈՒՇԱՐՁԱՆ ՄԱՅՐԵՐՈՒՆ»-ը, ի դեմս Անայիս մայրիկի,  բոլոր հայ մայրերի մասին է,  ձոն է ու մայրերգություն…
 
Եվ պարզվում է՝ պատահական չէ, որ Հովսեփն այդքան նվիրված է հայ գրականությանն ու հայ գրքի տպագրությանը: Այդ սերը նրան անցել է մորից, մի կնոջից, որն, ապրելով Հայաստանից հեռու՝ օտար ափերում, իր զավակներին սեփական արյան կանչով ու մայրական դաստիարակությամբ հայ է պահել,  հայ դաստիարակել ու ներշնչել սեր հայ գիր ու գրականության հանդեպ: Հայրը՝ Ներսես Նալբանդյանը,  իր կյանքի 49 տարին Հալեպում նվիրել է տպագրական գործին, իսկ մայրը՝ տիկին Անայիսը,  ողջ կյանքում զբաղվել է հայապահպանության ազգանվեր գործով: Նրա ջանքերով բազմաթիվ որբեր անվճար կրթություն են ստացել հայկական դպրոցում, կրթվել ու դաստիարակվել հայի ոգով: Այսօր էլ Հ. Նալբանդյանի ականջին շարունակ հնչում է մոր խոսքը, որը նա մանկության օրերին է լսել. «Այսօր ալ կրցանք քանի մը երեխայ փրկել, մեր դպրոցը պիտի յաճախեն անվճար»: Պարզ է դառնում, որ ոչ մի պատահական բան չի լինում կյանքում: Այն, ինչ անում  է Հովսեփը, այդ ամենի ծիլերը ջրել ու արևին են տվել նրա ծնողները: Մոր սրտի խոսքը, ծնողների փափագն է այսօր իրագործում  Հ. Նալբանդյանը: 
 
Գրքի մի մասը չափածո ստեղծագործություններ են, իսկ մյուս մասը՝ արձակ:
 
Արձակ ստեղծագործությունների բաժնում զետեղված է նաև հեղինակի արձակ խոսքը   Անայիս մայրիկի մասին և վերնագրված է հենց մոր խոսքով «Վնաս չունի տղա՛ս»:   Վերնագիրն արդեն ամեն բան ասում է ու խոսում մոր և նրա տված դաստիարակության մասին: Ստեղծագործության շարունակությունն ընթերցելիս պարզ է դառնում, որ ազգասիրությունն ու հայրենասիրությունը, սերը հայերենի հանդեպ մոր կաթի հետ է անցել Հովսեփ Նալբանդյանին...
 
Միայն վերջին այցելության ժամանակ՝ ընդամենը 20 օրվա ընթացքում, Մայր Հայաստանում և Արցախում անցել է շուրջ 1300 կիլոմետր, այցելել և ելույթներ է ունեցել յոթ դպրոցներում և չորս տարբեր համալսարաններում; Հասել է Արցախի սահմանամերձ Մատաղիս գյուղ, այցելել գյուղի զոհված ազատամարտիկների ընտանիքներին, աջակցել նրանց, զրուցել հայ մամիկների հետ և իր որդիական ջերմությունը փոխանցել բոլորին:
 
Հասել է մինչև Ահնիձոր, եղել Հ. Մաթևոսյանի տանը և նրա անունը կրող դպրոցում: 
 
Հանդիպել է քաղաքական և հասարակական գործիչների հետ, երեք հեռուստաելույթ և երկու ռադիոելույթ է ունեցել (Ստեփանակերտում և Երևանում): Իր նոր հատորի համար կազմակերպել է երեք շնորհանդես, մասնակցել է նաև երեք այլ գրքերի շնորհադեսների: Շուրջ երեք հարյուր գիրք է նվիրել իր տարբեր հատորներից:
 
Ահա այսպիսին է օտար ափերում ծնված, օտար ափերում բնակվող, բայց ՄԱՅՐ-ՀԱՅՐԵՆԻՔԻ ու ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ համար ապրող յուրահատուկ ՀԱՅԸ:
 
 
 
ՄԱՐԻԱՄ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն