Կարոն սերունդ թողեց գիտության բնագավառում


Կարոն սերունդ թողեց գիտության բնագավառում

  • 31-05-2019 19:17:15   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Կրթամշակութային կյանքը և հայապահպանության խնդիրները Սիրիայում և Լիբանանում 1920-1930-ական թթ.» գրքի շնորհանդեսը: Ավա՜ղ, առանց հեղինակի…
 
3 տարի առաջ 30 տարեկան հասակում կյանքից հեռացավ պատմական գիտությունների թեկնածու, ՈԶ նվագախմբի երաժիշտ՝ շեփորահար, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի վերլուծաբան Կարո Ժամխարյանը:
 
Պատմաբանների սեղանին դրվեց մի արժեքավոր մենագրություն, որտեղ հեղինակը անդրադարձ է կատարել 600-ից ավելի գիտական աղբյուրի, ուսումնասիրել արխիվային փաստաթղթեր, հուշագրություններ ու տվյալ ժամանակի մամուլը:
 
Գրքի շնորհանդեսին ներկա էին պատմության ոլորտի ականավոր ներկայացուցիչներ, հեղինակի ընկերներն ու բարեկամները: 
 
Բացման խոսքով հանդես եկավ Պատմության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ. Աշոտ Մելքոնյան.«Կարոն հասցրեց շառավիղ թողնել և գիտական առումով ակոսեց մի կարևոր ճանապարհ: Այն գիտական աշխատանքը, որի վրա Կարոն տարիներով աշխատել էր, հիմա արդեն մենագրության տեսքով իբրև գիրքը մեր սեղանին է: Կարոն սերունդ թողեց գիտության բնագավառում, ինչը գիտնականի համար յուրահատուկ զավակ է…»:
 
Իրենց խոսքն ասացին նաև պ.գ.թ թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը, գրքի խմբագիր՝ պ.գ.թ դոցենտ Էդիկ Գևորգյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն,  Վահրամ Մկրտչյանը, ՀՊՄՀ Պատմության և իրավագիտության դեկան, պ.գ.թ դոցենտ Էդգար Հովհաննիսյանը, Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Անի Ֆիշենկճյանը, հեղինակի կինը՝ Էթերի Մամուլյանը, ով էլ գիրքը պատրաստել էր հրատարակության: 
 
Նշենք, որ Կարոն հանդես է եկել մեկ տասնյակից ավելի գիտական զեկուցումով, հեղինակել 2 տասնյակից ավելի գիտական հոդված, որոնց մեծ մասը հասցրել էր հանձնել տպագրության:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն