Ֆոսֆորի պարունակությունը Սևանա լճում աճում է. Էրիկ Գրիգորյանը չբացառեց Սևանի իշխանի ցանցավանդակների հեռացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ֆոսֆորի պարունակությունը Սևանա լճում աճում է. Էրիկ Գրիգորյանը չբացառեց Սևանի իշխանի ցանցավանդակների հեռացումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-06-2019 16:42:00   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ֆոսֆորի պարունակությունը Սևանա լճում աճում է մի քանի տարբեր աղբյուրներից: 
 
Ինչպես հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, լճում ֆոսֆորի պարունակությունն ավելանում է Սևանի իշխանին տրամադրվող կերից, ռեստորանային տնտեսություններից, անասնապահությունից, մոտակա բնակավայրերից: 
 
Ըստ նրա՝ գերմանական ինստիտուտներից մեկի կատարած ուսումնասիրություններով պարզվել է, որ Սևանի իշխանի ցանցավանդակների տարածքներում ֆոսֆորի կոնցենտրացիաներն առավել բարձր են, քան այլ տեղերում: 
 
«Մենք հետազոտություններ ունենք այս պահին, որոնք կշարունակենք, և վերջնական արդյունքներով՝ կհասկանանք, թե ինչքանով է վտանգավոր այդ ցանցավանդակների լինելը Սևանա լճում: Անձամբ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ցանցավանդակային տնտեսությունները նախատեսված չեն այսպիսի փակ տիպի ջրավազանների համար: Որևէ խնդիր չենք տեսնում, եթե կոնցենտրացիաները, որոնք որ առաջանում են այդ ցանցավանդակային տնտեսություններից մասնագետները կհամարեն խնդրահարույց, ապա որոշում կայացնել դրանց հեռացման հետ կապված»,- ընդգծեց Է. Գրիգորյանը: 
 
Նրա խոսքերով՝ պետք է լայնամասշտապ աշխատանքներ իրականացվեն, որպեսզի հիմնավորված որոշումներ կայացնեն, սակայն միանշանակ է մի բան՝ բոլոր այն գործողությունները, որոնք կարող են վտանգել Սևանա լճի՝ որպես մաքուր ջրի ավազանի  հավասարակշռությունը, պետք է բացառվեն:  
 
Անդրադառնալով պոչամբարների խնդրին՝ Շրջակա միջավայրի նախարարը նշեց, որ նախորդ տարի ՀՀ պատմության ընթացքում առաջին անգամ իրականացվել է լքված, Սովետական միությունից մնացած պոչամբարների և թափոնակույտերի գույքագրում, ինչը հիմք է հանդիսացել, որպեսզի դիմեն Եվրոպական միության ևս 5 մլն եվրո արժողությամբ ծրագրի: 
 
Է. Գրիգորյանի փոխանցմամբ՝ համաձայնություն արդեն իսկ ձեռք է բերվել ֆիզիկական ռեկուլտիվացիա իրականացնելու համար, որին զուգահեռ այս պահին մշակվում է կենսաբանական ռեկուլտիվացիայի կարգը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն