Ընդդիմությունն այն է, երբ կառավարող օղակներից դուրս կան ուժեր, հոսանքներ, խմբեր, որոնցից ազդվում է կառավարությունը


Ընդդիմությունն այն է, երբ կառավարող օղակներից դուրս կան ուժեր, հոսանքներ, խմբեր, որոնցից ազդվում է կառավարությունը

  • 10-06-2019 12:07:59   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը
 
 
Պարոն Սահակյան, Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծն ընդունվեց 72 կողմ, 32 դեմ ձայներով: Դուք գտնում եք, որ այս նախագիծը մեծ պրոբլեմ ունի պետության մեջ սոցիալական արդարության հասնելու կառավարության ստանձնած պարտավորությունների հետ: Ի՞նչը խանգարեց հեղափոխական հարկային օրենսգիրք ունենալուն:
 
 
Հեղափոխական հարկային օրենսգիրք ունենալուն խանգարեց այն ունենալու ցանկության բացակայությունը։ Ո՞վ է որոշում տնտեսական քաղաքականությունը։ Գոնե տեսանելի մակարդակում դրանք նախկին կառավարությունների կադրերն են։ Նրանք եթե լավ բան ստեղծելու ունակ լինեին, նախկինում կստեղծեին։ Անհնար է նույն մտածողության ու նույն գործողությունների պարագայում այլ արդյունք ակնկալել։ Հարկային օրենսգրքում իրականացվող փոփոխությունները, մեծամասամբ, անհասկանալի են։ Սակայն կան նաև դրական փոփոխություններ։ Դրանցից երկուսը շրջանառության հարկի ռեժիմով հարկման շեմի բաձրացումն է 58 մլն դրամից մինչև 115 մլն դրամի և միկրո ձեռնարկատիրության չհարկվող 24 մլն դրամ շեմի սահմանումը։ Սակայն դրանք հեղափոխական փոփոխություններ առաջացնող որակելու համար շատ վառ երևակայություն պետք է ունենալ։
 
Այս փոփոխություններով սոցիալական անարդարության հանգեցնելու վտանգների մասին նույնիսկ կառավարության ներկայացուցիչներն են խոսում։ Նրանք պնդում են, որ փոխարենը կստանանք տնտեսական աճի նախադրյալներ։ Թե ինչպես են այս փոփոխություններով դա ստանալու, շատերի, այդ թվում՝ կառավարության որոշ անդամների համար, անհասկանալի է։ Ավելի շուտ կարելի է հակառակը պնդել։
 
Կարո՞ղ ենք ասել, որ հետաձգվում է նման օրենսգրքով տնտեսական հեղափոխություն անելու հնարավորությունը:
 
Միայն կարելի է ենթադրել, թե ինչ է նշանակում տնտեսական հեղափոխություն։ Ես ենթադրում եմ, որ դա տնտեսական նախկին անարդար համակարգի փոխարինումն է նորով, արդարով։ Դրա համար գոնե տնտեսական զարգացման հայեցակարգ է պետք, ինչը չկա, գոյություն չունի։ Բոլոր լուծումները իրավիճակային են։ Հռչակված առաջնահերթություններով (տուրիզմ, գյուղատնտեսություն, ՏՏ ոլորտ) տնտեսությունը զարգացնելը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։
 
Այսպիսի հեղափոխության համար պետք է փոխել քաղաքական համակարգը, դրանով կանխատեսելի դարձնել երկիրը, դրական սպասումներ առաջացնել։ Պետք է ստեղծել ազատ ու արդար դատական համակարգ։ Պետությունը պետք է ամբողջ ուշադրությունն ուղղի տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը։ Անհնար է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնել առանց կրթության, առողջապահական ավելի լավ պայմանների, քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության։ Անհնար է այդ ոլորտը զարգացնել առանց արդյունաբերության այնպիսի ճյուղերի զարգացման, որոնց դեպքում մենք մրցակցային առավելություններ ունենք։ Որոշ դեպքերում պետք է շեշտը դնել մեր աշխարհագրական դիրքի ընձեռած հնարավորությունների վրա։
 
Չկա այդպիսի հայեցակարգ։ Սա քննարկման մի ահռելի թեմա է, երկու բառով ասելն անհնար է։ Տնտեսական հեղափոխության լինելու հնարավորությունն այս պայմաններում զրոյական է։
 
Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի հանձնարարականը ոստիկանապետին և ԱԱԾ պետին: Մասնավորապես հանձնարարեց սևազգեստ խմբերին տեղորոշել, ծաղկավոր բաբոչկաներ կապել և ճանապարհել օրինական կյանք։ Դուք այդպիսի վտանգ տեսնո՞ւմ եք այսօր:
 
Դա ինձ համար էական թեմա չէ։ Ըստ էության, վարչապետին նման տեղեկություն կարող էին հայտնել հենց իրավապահ մարմինները, որոնց էլ նա կարող էր անմիջապես հանձնարարականներ տալ և թեման չբերել կառավարության նիստ, որպեսզի բոլորի առաջ հնչեին հանձնարարականները։ Եթե հանրության համար որևէ վտանգ կա, իրավապահ մարմինները հատուկ վարժեցված են, որ այդպիսի վտանգները չեզոքացնեն։ Անկախ հագուստի գույնից, վտանգավոր խմբերը չեզոքացնելը իրավապահ մարմինների ամենօրյա գործը պետք է լինի, և լրացուցիչ հանձնարարականների անհրաժեշտություն չպետք է առաջանա։
 
Ես կարծում եմ, որ եթե այդպիսի իրական վտանգ կա, ապա հայտարարության հասցեատերը մենք չենք, այլ այդպիսի խմբերը։ Այդ դեպքում վարչապետը հայտարարեց, նրանք, անկասկած, լսեցին, իսկ դրա շուրջ այլ քննարկումներն անիմաստ են։
 
Տեսակետ կա, որ ընդդիմության չգոյությունը շատ ավելի մեծ ազգային անվտանգության խնդիր է, քան օրինակ, թույլ բանակը: Որքանո՞վ այսօր ունենք ընդդիմություն, ընդդիմության ձայնը որքանո՞վ է լսելի:
 
Ես հարցի մեջ մի նրբերանգ եմ տեսնում, որին անպայման ուզում եմ անդրադառնալ։ Տպավորություն է, որ մեր հանրության մեջ որպես ընդդիմություն է դիտարկվում միայն այնպիսի խումբը, որը կառավարող ուժի ցանկացած քայլ ենթարկում է քննադատության, և որքան հայհոյախառն, այդքան ուժեղ է նման ընդդիմությունը։ Ես այդպես չեմ կարծում։ Ինձ համար ընդդիմությունն այն է, երբ կառավարող օղակներից դուրս կան ուժեր, հոսանքներ, խմբեր, որոնցից ազդվում է կառավարությունը, որոնք այս կամ այն հարցում զսպում են նրան։ Անկասկած կան այդպիսի խմբեր և նույնիսկ ֆեյսբուքի հայկական տիրույթն է այդպիսի դեր կատարում։ Այդպիսի դեր կատարում է մամուլը, որքան էլ որ այն որակի հետ խնդիրներ ունի։ Ավելին, երբեմն հակազդեցության այդ միջոցներին ավելի մեծ նշանակություն է տրվում, քան իրականում պետք է տալ։ Չնայած, գուցե դա ավելի շատ դրական, քան բացասական կողմեր ունի։
 
Ընդհանուր առմամբ, կառավարությունը վայելում է հանրության մեծամասնության աջակցությունը և զուտ իրավական մեխանիզմներով ի վիճակի է ցանկացած որոշում ընդունել նույնիսկ քաղաքական մեծ հակազդեցության պայմաններում։ Սա, իհարկե, մեծագույն սխալն է, որ արվեց, օրինակ՝ եկամտահարկի դրույքաչափը համահարթեցնելու պարագայում։ Հիմա, առավել ևս հեղափոխական այսպիսի գործընթացներից հետո, պետք է որոշումները հնարավորինս մեծ համակարծության պայմաններում կայացվեն։ Խնդիրն այն է, որ մենք կարող ենք թևակոխել զարգացման մի փուլ, երբ ամեն հաջորդ կառավարություն մյուսի կառուցածի վրա հիմնվելով կարող է իր քաղաքականությունը մշակել։ Առանց համակարծության մթնոլորտում որոշումների, վտանգ կա, որ ամեն հաջորդը քանդելու է նախորդի կառուցածն ու իր պատկերացրածը կառուցի։ Դա ճիշտ ճանապարհ չէ։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ