Հունիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող միաբանական համագումարի Ա նիստին: Հավաքին մասնակցում են տարբեր երկրների թեմերում և համայնքներում ծառայություն իրականացնող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 66 միաբաններ, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:
Միասնական Տերունական աղոթքից հետո Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը բերեց համագումարի մասնակիցներին:
Նորին Սրբությունը գեղեցիկ ավանդույթ նկատեց միաբանական հավաքի գումարումը Արարատյան տոների շրջանում, որը պսակվում է Սուրբ Էջմիածնի Կաթողիկեի տոնով, երբ աշխարհի տարբեր կողմերից միաբանները համախմբվում են Մայր Աթոռում` իրենց ուխտը նորոգելու, զորանալու, ինչպես նաև անդրադառնալու Սուրբ Էջմիածնի առաքելությանը: Խոսելով սրբության խորանը կառուցելու Լուսավորիչ Հայրապետի կոչի և Սուրբ Էջմիածնից մեր ժողովրդի կյանքում դարեր շարունակ ջամբվող տերունապատվեր պատգամների մասին` Վեհափառ Հայրապետը հաստատեց. «Հայ Եկեղեցու յուրաքանչյուր սպասավոր, անկախ իր միաբանական պատկանելությունից, Սուրբ Էջմիածնի ուխտի միաբան է և Սուրբ Էջմիածնի առաքելության սպասավոր: Ահա, այս պատիվն ունենք մենք ամենքս` սպասավորները լինելու Սուրբ Էջմիածնի առաքելության, շարունակողները մեր սուրբ, նվիրյալ հայրերի ու հայրապետների գործի, որոնք կերտել են մեր ժողովրդի փառքը, ուղենշել այն ճանապարհը, որ երաշխավորել է մեր ժողովրդի անմահության ընթացքը:
Մեր լուսամիտ հայրապետները Սուրբ Էջմիածնի առաքելությունը դարձրել են ձեռագիր մատյաններ, տաճարներ ու վանքեր, դարձրել են մեր ժողովրդի համար արքայության ճանապարհ, անգամ եթե մեր պատմության ընթացքում այդ ճանապարհը ստիպված ենք եղել անցնելու գողգոթաներով: Սուրբ Էջմիածնի առաքելությունը մեր հայրապետների իմաստությամբ նաև ուժ ու զորություն է եղել մեր ժողովրդի զավակների համար, որպեսզի հավատով կերտեն մեր պետականությունը:
Այսօր այդ առաքելության շարունակողները մենք ենք: Ինչպես հաստատեցինք, մեծ պատիվ է դա, որ յուրաքանչյուրս պիտի ընկալենք և ամենայն պատասխանատվությամբ պիտի մոտենանք մեր առաքելությանը, որպեսզի մեր Եկեղեցին լինի պայծառ, մեր ժողովուրդը փարված մնա մեր հայրերի սուրբ հավատքին ու անխաթար պահի այն հատկապես ներկա ժամանակներում, երբ կան այսչափ մարտահրավերներ, գայթակղեցնող հրապույրներ, որոնք շեղում են հավատացյալին իր ուղիղ ճանապարհից, առ Աստված առաջնորդող իր ընթացքից»:
Հայոց Հովվապետը խոսեց նաև Սուրբ Էջմիածնի միավորող ուժի ու միասնության խորհրդի մասին` ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինն ազգի միասնականության խորհրդանիշն է, որովհետև Սուրբ Էջմիածինն այնտեղ է, որտեղ մեր ժողովրդի զավակները կայք են հաստատել և ապրում են, Սուրբ Էջմիածինն այնտեղ է, որտեղ հայ եկեղեցականն իր սպասավորությունն է բերում մեր ժողովրդին: Ըստ Վեհափառի խոսքի, Սուրբ Էջմիածինը Քրիստոսի Ավետարանն է, որ տրվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին, Սուրբ Էջմիածնի լույսն ամենուր է և ճառագում է մեր ժողովրդի հոգիներից ներս` կապելով նրանց մեր սուրբ Հայրենիքին:
Վերահաստատելով Առաքել Դավրիժեցու խոսքը` Նորին Սրբությունը նշեց, որ մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի հոգին, սիրտը, միտքը կապված է Սուրբ Էջմիածնի և մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի հետ, և պատգամեց միաբաններին, որ ամեն անգամ հավաքվելով Սուրբ Էջմիածնում` այս ուխտին և առաքելությանը անդրադարձ ունենան և կատարեն ուխտի նորոգությունը Սուրբ Էջմիածնի առաքելության:
Գարեգին Երկրորդ Հայրապետը հորդորեց այդ ճանապարհով առավել զորացնել միասնականության ոգին, եղբայրասիրությունը, որպեսզի կոչումին հավատարիմ կարողանան հանձնառության պատրաստակամություն դրսևորել և, համբերելով բոլոր դժվարություններին ու փորձություններին, միասնականությամբ կերտել իրենց հաղթական ընթացքը և արդարացնել հավատավոր ժողովրդի սպասումները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերը զորացնի հոգևոր հայրերին` հաստատուն մնալու իրենց հավատքի մեջ և նախանձախնդրությամբ արդյունավորելու իրենց առաքելությունը` ի փառս Աստծու, ի պայծառություն Հայոց Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայրենիքի ու աշխարհասփյուռ հայության:
Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև միաբանների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության տարբեր ոլորտներին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին և զանազան մարտահրավերներին: