Հայաստանում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել խորհրդարանում


Հայաստանում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել խորհրդարանում

  • 25-06-2019 18:10:18   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանում դիվանագիտական աշխատանքի ավարտի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Արժեւորելով այն գործընկերային հարաբերությունները, որոնք ձեւավորված են երկու երկրների միջեւ` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել դրանց խորացման գործում դեսպանի ունեցած դերակատարությունը: Արարատ Միրզոյանի խոսքով` մեր երկրում տեղի ունեցած չափազանց լուրջ փոփոխություններին զուգընթաց` դինամիկ փոփոխություններ ու զարգացում են ունեցել նաեւ հայ-գերմանական հարաբերությունները` ստանալով նոր մակարդակ:
 
Շնորհակալություն հայտնելով հրաժեշտի հանդիպման համար` Բերնհարդ Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ գերմանական կողմը միշտ կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացումը, երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի խորացումը, փոխադարձ այցերն ու փորձի փոխանակումը: Նրա խոսքով` Հայաստանում հաստատված նոր իրողությունների պայմաններում լայն հնարավորություն է ստեղծվել երկկողմ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու համար: Ըստ դեսպանի` Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ պայմանավորված էապես մեծացել է Ազգային ժողովի դերակատարությունը, ուստի գերմանական կողմը պատրաստակամ է շարունակելու եւ ընդլայնելու օրենսդիր մարմնին սատարման ծրագրերը` տարբեր ձեւաչափերով:
 
«Հայ-գերմանական հարաբերությունները միշտ աչքի են ընկել իրենց ջերմ, բարեկամական բնույթով եւ ընթացող փոփոխություններից հետո դրանք էլ ավելի խորացման հնարավորություն ունեն»,-ասել է գերմանացի դիվանագետը:
 
Կողմերն անդրադարձել են մեր երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, որոնք մասնավորապես ընթանում են հանրային կառավարման, արդարադատության, հարկային եւ այլ ոլորտներում: Երկուստեք ընդգծվել է Ազգային ժողովի դերը բարեփոխումների գործընթացում, խորհրդարանական կառավարման ձեւաչափում: Կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը:
Արարատ Միրզոյանն ընդգծել է Բերնհարդ Մաթիաս Քիսլերի ներդրած անձնական ջանքերը` հայ-գերմանական հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելու ուղղությամբ:
 
Դեսպանն իր հերթին հավաստիացրել է, որ միշտ հետաքրքրված է լինելու հայաստանյան գործընթացներով եւ իր հետագա գործունեությամբ եւս նպաստելու է հայ-գերմանական հարաբերությունների ամրացմանը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play