Մոսկվան հանձնում է «իր օլիգարխներին», որոնք սկսել են խանգարել


Մոսկվան հանձնում է «իր օլիգարխներին», որոնք սկսել են խանգարել

  • 27-06-2019 12:17:53   | Հայաստան  |  Վերլուծություն

Մոլդովայի դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ եւ օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը ենթադրաբար միջազգային թմրասինդիկատներից մեկի ղեկավարներից մեկն է, եւ Ռուսաստանում նրա դեմ մեղադրանք է առաջադրվել:
 
Անցած շաբաթ համաշխարհային հանրությունն ականատես եղավ Ռուսաստանի, ԵՄ եւ ԱՄՆ համատեղ քաղաքական գործողության: Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը կարողացան պայմանավորվել, որը թույլ տվեց Մոլդովայից դուրս մղել օլիգարխ Պլախոտնյուկին, որը վերջին տարիներին երկրի փաստացի ղեկավարն էր եւ իրենով էր արել Մոլդովայի պետական ինստիտուտները: Պլախոտնյուկը փախուստի մեջ է:
 
Միջազգային փորձագետները դա համարում են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բարձր պիլոտաժը, որն ապրում է իր աստեղային ժամը եւ անհավանական ակտիվություն է դրսեւորում ամբողջ աշխարհում: Եթե որոշ քաղաքագետներ գնահատում են, որ Ռուսաստանը միջազգային հարաբերությունների նոր մակարդակ է բարձրանում, ուրիշներն էլ ասում են, որ Ռուսաստանը սկսում է«հանձնվել» ԱՄՆ-ին, եւ հիմա «դուրս գրելու» գործընթացն է տեղի ունենում:
 
Ռուսական դիվանագիտությանը հաջողվել է վերադառնալ ԵԽԽՎ: Դա տեղի է ունեցել նույն օրերին, երբ Վրաստանում հանրահավաքներ են ընթանում, որոնք որակվում են որպես հակառուսական: Իրականում Թբիլիսիում բողոքի գործողությունները հանգեցրել են վրացական «պլախոտնյուկի»՝ Բիձինա Իվանիշվիլիի դիրքերի սասանմանը, որին արդեն կարիերայի ավարտ են կանխատեսում: Չի բացառվում, որ հին օլիգարխները սկսել են խանգարել Մոսկվայի նոր քաղաքականությանը, եւ հիմա Լավրովը զբաղված է նրանց «դուրս գրելով»:
 
Երուսաղեմում Մերձավոր Արեւելքի հարցով հանդիպել են Բոլթոնը, Պատրուշեւը եւ Նեթանյահուն, Լավրովին խնդրում են ազդել Իրանի եւ ԱՄՆ վրա, իսկ Դոնալդ Թրամփը հայտարարում է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին Պուտինի հետ հանդիպման մասին: Ճիշտ է, վերջին պահին ամեն ինչ կարող են չեղյալ հայտարարել, ինչպես մեկ անգամ արդեն եղել է, բայց դա վերաբերում է Պուտինին, եւ ոչ թե Լավրովին: Լավրովի հանդեպ այլ վերաբերմունք է: Նա պատրաստվում է թռիչքի՝ հեռացնելով խանգարող տեղական օլիգարխներին՝ Պլախոտնյուկ, Իվանիշվիլի, Քոչարյան:
 
Այս ֆոնին շատ ակտիվ է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Եթե նախկինում Մոսկվան փորձում էր չցուցադրել Հայաստանի քաղաքականությանը միջամտությունը, հիմա ընդհակառակը, բացահայտ ցույց է տալիս: Կոպիրկինը Ռոբերտ Քոչարյանի, Հրայր Թովմասյանի, Արթուր Դավթյանի հետ հանդիպելով փորձում է ցույց տալ, որ առանց ռուսական ԱԳՆ-ի Հայաստանում ոչինչ չի կարող տեղի ունենալ՝ չնայած չի բացառվում, որ դա ընդամենը դեմքը փրկելու փորձ է Հայաստանը «դուրս գրելու» խաղի պայմաններում:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ «բարձրացրած ձեռքերի» քաղաքականություն  է վարում, ինչպես ապրիլյան հանրավաքների ժամանակ: Փաշինյանը ցույց է տալիս, որ ձեռքին քար չկա, ինչը զինաթափում է Ռուսաստանին: Այդ քաղաքականությունը թույլ է տվել «առանց արյան» լուծել ՀԱՊԿ, Քոչարյանի, սպառազինության հարցը, սակայն գլխավոր հարցը՝ տնտեսությունը, դեռ մնում է: Այժմ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի դեսպանի հետ խոսում է հայկական դուրս բերված կապիտալի վերադարձի մեխանիզմների մասին:
 
Ի՞նչ քաղաքականություն է Լավրովը վարում Հայաստանում: Ռոբերտ Քոչարյանն օլիգարխների շարքու՞մ է, որոնց Ռուսաստանը հեռացնում է իր ճանապարհից ԱՄՆ հետ հնարավոր մեծ համաձայնությունից առաջ: Ռուսաստանը Քոչարյանին առաջարկե՞լ է լքել Հայաստանը «պատանդ» չդառնալու համար:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն