Մարի Անդրեասովա Էսպարացան` «Մոցարտ» մրցանակի թեկնածու<br />


Մարի Անդրեասովա Էսպարացան` «Մոցարտ» մրցանակի թեկնածու

  • 28-09-2009 20:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ներկայումս Մանհեթենում ապրող, Մոսկվայում ծնված, բազմապրոֆիլ արվեստագետուհի Մարիա Անդրեասովա (Անդրեասյան) Էսպարացային 2009-ի միջազգային «Մոցարտ» մրցանակի թեկնածու է առաջադրել Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) Միջազգային կենսագրական կենտրոնը, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: Արվեստագետուհին շարունակում է իր հոր` լեգենդար կոմպոզիտոր եւ փիլիսոփա Իոսիֆ Անդրեասովի փառավոր ուղին: Հայրը վերոնշյալ նույն կենտրոնի կողմից 2000 թվականին արժանացել էր «Տարվա մարդ» միջազգային մրցանակին: Ինքը` Էսպարացան երեք տարի անընդմեջ (1984, 1985, 1986) ստացել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի կրթաթոշակը եւ սովորել նախ Մոսկվայի Չայկովսկու անվան երաժշտանոցում, ապա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի մաթեմատիկայի բաժնում, այնուհետեւ` Նյու Յորքի Ջուիլյարդ արվեստի դպրոցում: Ճանաչված է որպես ֆիլմերի երաժշտությունը գրող կոմպոզիտոր: Բայց նա նաեւ դաշնակահարուհի է, պրոդյուսեր, նկարչուհի եւ ներդրումային մարտավարությունների գծով ֆինանսիստ: Ինչպես գրում է «Ազգը», հունիսի 1-ին թողարկվել եւ 7-ին առաջին անգամ 200-ամյակի հոբելյանական հանդիսությունների շրջանակներում ցուցադրվել է Նյու Յորքի Սբ. Պատրիկ Մայր տաճարում իր ամուսնու մասին պատմող «Գույերմո Էսպարացա: Ամերիկացի քանդակագործը եւ սրբանկարիչը» վավերագրական ֆիլմը, որի երաժշտությունն է գրել եւ կատարել: 2000 թվականին Նյու Յորքի արվեստի ուսանողների լիգայի պատվավոր մրցանակին է արժանացել` Բեթհովենի, Ստրավինսկու, Շտրաուսի եւ բանաստեղծ Նիկոլայ Կլուեւի դիմանկարների իր շարքի համար: Աշխատակցել է Ռոբերտ եւ Ջորջ Սորոսների նյույորքյան ֆոնդային հիմնարկությանը: Գրել, կատարել եւ ձայնագրել է «Ժորժ Սանդ» պիեսի երաժշտությունը: Նրա ամուսնու ստեղծագործությունները մշտական ցուցադրության են դրված Վատիկանի թանգարանում (Հռոմ), Ֆանար թանգարանում (Ստամբուլ), Մ. Նահանգների ազգային արխիվներում եւ Սմիթսոնյան արվեստի թանգարանում (Մ. Նահանգներ): Մարիայի ծնողներն, ըստ լրատվության, ազգակցական կապեր են ունեցել Պյոտր Իլիչ Չայկովսկու եւ դրանից առաջ Ալեքսանդր Վասիլեւիչ Սուվորովի հետ: Մարիան սկսել է դաշնամուր նվագել 3 տարեկանից` հոր առաջնորդությամբ: Մորական պապը` պրոֆ. Լեոնիդ Վասիլեւիչ Կուդրյաշովը, եղել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի կենսաբանության ամբիոնի վարիչ: Իսկ մայրական ապուպապը` պրոֆ. Բենջամին Ալեքսանդրովիչ Լեբեդեւը, հիմնել է Արխանգելսկի համալսարանը: Չայկովսկու անվան կոնսերվատորիա է ընդունվել 6 տարեկանում: Պրոֆեսիոնալ առաջին ելույթը կատարել է 9 տարեկանում: Ծնողների հետ Նյու Յորք է տեղափոխվել 1979-ին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play