Հարութ Սասունյան. Նախագահ Թրամփը պատրաստվում է վնասել Միացյալ Նահանգների շահերին՝ պարզապես Էրդողանին գոհացնելու համար


Հարութ Սասունյան. Նախագահ Թրամփը պատրաստվում է վնասել Միացյալ Նահանգների շահերին՝ պարզապես Էրդողանին գոհացնելու համար

  • 15-07-2019 10:57:36   | ԱՄՆ  |  Վերլուծություն

Նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ սխալ թույլ տալու եզրին է, վտանգի ենթարկելով Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի այլ անդամների ապահովությունը, եթե որոշի պատժամիջոցներ չկիրառել Թուրքիայի նկատմամբ ռուսական S-400 հրթիռները ձեռք բերելու համար, որոնք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի զինահամակարգին և բացահայտում են ամերիկյան օդուժի նորագույն F-35 կործանիչների գործողության գաղտնիքները:
 
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեք բանաձև է ընդունել, նախազգուշացնելով Թուրքիային չգնել ռուսական հիթիռները, և սպառնացել է արգելել F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Բացի այդ, պետքարտուղար Մայք Պոմպեոն և ազգային անվտանգության պաշտոնյաները հրապարակայնորեն հայտարարել են, որ Միացյալ Նահանգները խիստ պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ ռուսական հրթիռների ձեռքբերման համար: Թրամփը, լինելով անվճռական մարդ և սեր տածելով բռնապետերի, և, հատկապես Թուրքիայի բռնակալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ, իր ամենագլխավոր խորհրդականներին և Կոնգրեսի մեծամասնությանն անտեսելու եզրին է՝ թույլ տալով Թուրքիային խախտել ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքը:
 
2019 թ. հունիսի 29-ին, երբ G-20-ի երկրների ղեկավարները հանդիպեցին Ճապոնիայի Օսակա քաղաքում, Էրդողանը վերջին հնարավորությունն ուներ համոզելու Թրամփին չպատժել Թուրքիային հրթիռների ձեռքբերման համար:
 
Ահա հատվածներ Թրամփի խիստ մտահոգիչ հայտարարություններից, որոնք նա արել է Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, լրագրողների ներկայությամբ.
 
Նախագահ Թրամփ. «... Ինձ համար մեծ պատիվ է լինել ընկերոջս հետ, մի մարդու, որի հետ շատ մտերիմ եմ եղել բազմաթիվ առումներով, և նա շատ լավ աշխատանք է անում, Թուրքիայի նախագահի: Եվ մեր հանդիպումը հիմնականում կապված է առևտրի հետ: Մենք ավելի ու ավելի շատ բիզնես ենք անում և ակնկալում ենք, որ հնարավոր կլինի քառապատկել այդ բիզնեսի ծավալները Թուրքիայի հետ: Մենք կարծում ենք, որ դա հոյակապ կլինի: Նրանք հմուտ վարպետներ են և հոյակապ արտադրանք ունեն: Եվ մենք բացահայտում ենք այդ: Մենք նաև ռազմական արտադրանքի առևտուր ենք անում, նրանք բավականին շատ են գնում մեր ռազմական տեխնիկայից: Եվ ինձ համար մեծ պատիվ է լինել Ձեզ հետ, պարոն Նախագահ»:
 
Այնուհետև մատնացույց անելով սենյակում գտնվող Էրդողանի շքախմբին, Թրամփն ասաց. «Նայեք այս մարդկանց, ինչ լավն են նրանք: Նայեք նրանց: Այնքան հեշտ է նրանց հետ բանակցել: Նայեք նրանց: Հիմնական դերասաններ: Հոլիվուդյան շրջանակներում նրանց նման մարդիկ չեն պատրաստում»: 
 
Էրդողանը պատասխանեց. «Պարոն Նախագահ, նախ, ուզում եմ հայտնել, որ մեզ համար շատ կարևոր է միասին հավաքվել Օսակայի գագաթնաժողովում: Եվ մենք այժմ նպատակ ունենք հասնել 75 միլիարդ դոլարի առևտրային մակարդակի: Շատ քայլեր կան, որոնք մենք պետք է անենք պաշտպանական արդյունաբերության ոլորտում, բայց ավելի կարևոր է, որ մենք ունենք ռազմավարական գործընկերություն: Իսկ ռազմավարական գործընկերությունը նաև մեզ խրախուսում է ստեղծել համերաշխություն բազմաթիվ ոլորտներում, և ես լիովին համոզված եմ, որ մեր համերաշխությունը կշարունակվի ռազմավարական գործընկերության շրջանակներում»: 
 
Այս ներածական ելույթներից հետո Թրամփը պատասխանեց լրագրողների հարցերին.
 
Լրագրող. «Պարոն Նախագահ, ի՞նչ եք անելու S-400-ների հետ: Արդյոք ԱՄՆ-ը պատրաստվում է պատժամիջոցնե՞ր կիրառել, եթե նա ձեռք բերի դրանք»:
Թրամփ. «Դե, մենք քննարկում ենք դա: Մենք բարդ իրավիճակում ենք, քանի որ նախագահին թույլ չի տրվել գնել «Փեթրիոթ» հրթիռներ: Ուստի, երբ նա գնել է մյուսները՝ S-200-ներ կամ 400-ներ, երբ նա գնել է դրանք, նա ցանկացել է դա անել, սակայն Օբամայի վարչակազմը նրան դա թույլ չի տվել, մինչև որ նա գործարք է կնքել այլ հրթիռներ ձեռք բերելու համար: Այսպիսով, նա գնում է այլ հրթիռ, իսկ հետո հանկարծ նրանք ասում են «Այժմ դուք կարող եք գնել մեր հրթիռը»: Դու չես կարող նման բան անել: Դա լավ չէ, լավ չէ»:
 
Լրագրող. «Արդյոք դա նշանակում է, որ հնարավոր է, այնպես որ կարող եք...»:
 
Թրամփ. «Մենք փնտրում ենք տարբեր լուծումներ: Դա խնդիր է, դրա մասին հարց չկա: Մենք փնտրում ենք տարբեր լուծումներ: Բայց նրան արգելված էր գնել, մինչև որ նա ասաց, թե ուրիշ բան է գնում: Իսկ հետո, երբ նա ուրիշ բան է գնում, բոլորն ասում են՝ «Լավ, Դուք կարող եք դա գնել: Դուք չեք կարող այդպես գործ անել: Թուրքիան եղել է մեր ընկերը և նրանք արել են, մենք միասին մեծ բաներ ենք արել: Մենք խոշոր առևտրային գործընկերներ ենք: Մենք պատրաստվում ենք ավելի խոշոր դառնալ: Ես կարծում եմ, որ 75 միլիարդը քիչ է: Կարծում եմ, որ շուտով այն կլինի ավելի քան 100 միլիարդ դոլար: Դուք չեք կարող վարվել մարդկանց հետ այնպես, ինչպես Օբամայի վարչակազմն էր անում...»:
Լրագրող. «Արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցնե՞ր կկիրառի Թուրքիայի դեմ S-400-ի ձեռքբերման համար»:
 
Թրամփ. «Մենք հետևում ենք դրան: Բայց դա երկիմաստ է՝ դա երկկողմանի փողոց է: Նրանք չեն վաճառել նախագահին, նրանք թույլ չեն տվել նրան գնել հրթիռը, որը նա ցանկացել է գնել, որը «Փեթրիոթն» էր: Իսկ հետո, երբ նա գնեց ուրիշից, նա ասաց «Այժմ մենք ձեզ կվաճառենք «Փեթրիոթը»: Այնպես որ, ես պետք է ձեզ ասեմ՝ նա ՆԱՏՕ-ի անդամ է, նրա հետ ես ընկերացել եմ: Պետք է արդարացի վերաբերվեք մարդկանց հետ: Դուք հասկանում եք դա: Դուք պետք է արդարացի վերաբերվեք մարդկանց հետ: Եվ ես չեմ կարծում, որ նրա հետ արդարացի վարվեցին: Չեմ կարծում, որ նրա հետ արդարացի վարվեցին»:
 
Լրագրող. «Գնդակը Ձեր դաշտում է, պարոն Նախագահ: Դուք կանե՞ք: Դուք եք որոշում կայացնողը: Պատժամիջոցնե՞ր կկիրառեք»:
Թրամփ. «Լավ, կտեսնվենք հյուրանոցում, ժամը 3:30-ին...»:
 
Լրագրող. «Պարոն Նախագահ, Դուք պատրաստվո՞ւմ եք հուլիսին մեկնել Թուրքիա: Դուք հուլիսին կմեկնե՞ք Թուրքիա, պարոն Նախագահ: Ե՞րբ եք գնալու Թուրքիա»:
 
Թրամփ. «Ինչ-որ պահի ես կմեկնեմ Թուրքիա: Ինձ հրավիրել են, և ես կմեկնեմ Թուրքիա, այո»:
 
Լրագրող. «Ա՞յս տարի, պարոն Նախագահ: Ա՞յս տարի կմեկնեք Թուրքիա: Հուլիսի՞ն կմեկնեք»:    
 
Թրամփ. «Մենք ամսաթիվ չենք նշանակել»:
 
Ապշեցուցիչ է, որ Թրամփը կողմնակցում է թուրք ղեկավարին ընդդեմ նախկին նախագահ Օբամայի, ԱՄՆ Կոնգրեսի և սեփական ազգային անվտանգության պաշտոնյաների: Երկրորդ, սուտ է, որ նախագահ Օբաման մերժել է Թուրքիային վաճառել ամերիկյան «Փեթրիոթ» հրթիռները: Թուրքիան չի ընդունել վաճառքի պայմանները:
 
Ինչպես իր որոշումներից շատերում, Թրամփը կարծես թե իր անձնական շահերը՝ մի քանի միլիոն դոլարի եկամուտ՝ Ստամբուլում Թրամփի երկու շենքերի վրա իր անունը ունենալու համար, վեր է դասում Միացյալ Նահանգների ազգային շահերից: Ինչո՞ւ էր նա բազմիցս գովաբանում բռնապետ և մարդու իրավունքների գլխավոր ոտնահարող Էրդողանին:
 
Այս հոդվածը գրելու պահին ռուսական հրթիռներն արդեն ճանապարհին էին դեպի Թուրքիա: Ինչպիսի՞ն կլինի Թրամփի վերջնական որոշումը պատժամիջոցների վերաբերյալ: Արդյոք նա վտանգի՞ կենթարկի ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների ազգային շահերը՝ պարզապես Էրդողանին գոհացնելու համար: Եթե նա այդպես վարվի, ես հուսով եմ, որ ոչ մի ամերիկահայ կամ որևէ ուրիշ մեկը չի քվեարկի Թրամփի օգտին 2020 թվականին... 
 
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Նոյյան տապան  -   Վերլուծություն