ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում


 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

  • 12-08-2019 14:04:03   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Այսօր Արարատբանկի 3մլն դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը (AMARBKB2KER7) ցուցակվեցին AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այս կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային եկամտաբերությունը` 5․5%, իսկ մարման ժամկետը՝ 51 ամիս։ Արժեկտրոնների վճարումները կատարվում են եռամսյակային պարբերականությամբ։ Սա Արարատբանկի 8-րդ ընթացիկ ցուցակումն է AMX-ում և 6-րդ դոլարային ցուցակումը։
 
Այսպիսով, անհատ քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են գնել և վաճառել այս թողարկման պարտատոմսերը բորսայում։ Ցուցակումը հնարավորություն է տալիս նաև կատարել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։
 
Արարատբանկի ներդրումային բանկային ծառայությունների վարչության պետ Վաչիկ Գևորգյանը նշեց․ «Արարատբանկը հաջողությամբ է իրականացրել իր 20-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը։ Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել են բազմաթիվ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչը վկայությունն է այն բանի, որ բանկը բարձր վստահություն ունի իր հաճախորդների և ներդրողների շրջանում, ինչպես նաև ամուր դիրքեր է զբաղեցնում ՀՀ արժեթղթերի շուկայում։ Ֆոնդային բորսայի հետ համագործակցության շնորհիվ Բանկի պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայի ամենաբարձր՝ Abond ցուցակում»։
 
Ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի համագործակցությունն Արարատբանկի հետ սկսել է 2007 թվականից։ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ համագործակցության շնորհիվ՝ Արարատբանկը դարձել է կապող օղակ քաղաքացիների և Դեպոզիտարիայի միջև՝ միջնորդավորելով ռեեստրավարման և պահառության գործողությունները, այդ թվում՝ գրանցելով և պահպանելով արժեթղթերի հանդեպ սեփականության  իրավունքը։ Իսկ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր՝ Արարատբանկը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իր մասնաճյուղերում ստանալ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ և կատարել այլ փոփոխություններ կապված կենսաթոշակային ֆոնդի ու ֆոնդի կառավարչի ընտրության հետ։
 
Արարատբանկի և Ֆոնդային բորսայի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում։ «AMX ֆոնդային բորսա» ամենամյա մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն է։ Արարատբանկը երկու տարի անընդմեջ ստանում է մրցանակբաշխության գլխավոր «AMX բորսայի անդամ» մրցանակը։
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ