400 հազար դոլար ոչնչի համար է ծախսվել. իրենք «Լիդիանի» տված նյութերից դուրս ոչ մի բան չեն արել
16-08-2019 19:04:29 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի հարցերին պատասխանել է բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը
-Տիկին Վարդանյան, Քննչական կոմիտեն ներկայացրեց Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության իրականացրած փորձաքննության արդյունքները: Ըստ Քննչական կոմիտեի եզրակացության՝ հանքավայրի շահագործումը մեծ ռիսկեր չի պարունակում շրջակա միջավայրի վրա: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
-Ամենավիճահարույց խնդիրն այստեղ այն է, որ մեր Քննչական կոմիտեն՝ ի դեմս կոմիտեի նախագահի և քննիչ Իվանյանի, կեղծ տեղեկատվություն են տրամադրում հանրությանը: Քննչական կոմիտեի նախագահը կառավարության նիստում ապատեղեկատվություն տրամադրեց: Նրա տրամադրած տեղեկատվությունն իրականությանը և «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությանը չի համապատասխանում: Դա հանցավոր արարք է, այդ մարդիկ կամ պետք է հրաժարական ներկայացնեն, կամ նրանց գործից պետք է ազատեն: Պետք է պարզել, թե իրենց շահագրգռվածությունը որն է, որ նման ձևով են իրենց պահում: 140 էջանոց եզրակացությունից իրենք ինչ-որ հատված են ներկայացնում, որը ոչինչ չի ասում: Միայն լսեք, թե քննիչը հարցազրույցում ինչ է խոսում: Եզրակացությունում նշվում է, որ հնարավոր չէ պարզել ազդեցությունը, որովհետև այդ փաստաթղթերում տվյալները չկան, քննիչն ասում է՝ տվյալները չափելի չեն: Այդ բոլոր ցուցանիշները չափելի են, բայց այդ տվյալները ներառված չեն եղել «Լիդիան» ընկերության ներկայացրած փաստաթղթերում: Այիսինքն՝ իրենք «Լիդիանի» տված նյութերից դուրս ոչ մի բան չեն արել ու չէին էլ կարող անել, որովհետև այդ մարդկանց առաջադրանքը դա է եղել: Եվ զարմանալի է, որ 400 հազար դոլար ոչնչի համար է ծախսվել:
-Փորձագիտական եզրակացության մեջ ի՞նչ մտահոգիչ դրույթներ եք առանձնացնում:
-Նույնիսկ այս պարագայում այդ եզրակացությունն ուսումնասիրելիս այնտեղ կգտնեք բազմաթիվ արտահայտություններ, որ հնարավոր չէ եզրակացություն անել, քանի որ տվյալները բացակայում են: Հնարավոր չէ ասել վտանգները, հնարավոր չէ չափել, այսինչ տվյալները մտահոգիչ են, կարող են բացասական ազդեցություն ունենալ և այլն: Այսինքն՝ անորոշ վիճակ կա, և դա խոսում է «Լիդիանի» փնթի աշխատանքի մասին: Այսինքն՝ իրենք կամ դիտավորյալ, կամ ոչ պրոֆեսիոնալ լինելով՝ ներկայացրել են կիսատ-պռատ մի փաստաթուղթ, և մեր փորձաքննություն իրականացնող մարմինը ոչ պատշաճ փորձաքննություն է արել:
Երկրորդ հարցը, ինչո՞ւ է քրեական գործի շրջանակներում արված փորձաքննական եզրակացությունը դրվել կառավարության որոշման կայացման հիմքում: Դա անընդունելի է, որովհետև ցանկացած քրեական գործ ունի իր շրջանակները: Եվ այդ շրջանակից դուրս հնարավոր չէ փորձագետին հարց առաջադրել: Հիմա կոնկրետ քրեական գործ է հարուցվել, որ պաշտոնատար անձինք իմացել են և դիտավորյալ ժողովրդին չեն հայտնել ռիսկերի մասին: Դա այնպիսի հոդված է, որ հազարից մի դեպքում կարելի է ապացուցել, որ իրենք իմացել են և դիտավորությամբ չեն հայտնել: Առաջինը պետք է ապացուցես, որ ինքը իմացել է, գիտակցել է դա, երկրորդը, որ ինքը դիտավորությամբ չի հայտնել: Հիմա այդ կասկածելի քրեական գործով, որն ապացուցելը շատ բարդ է, մի փորձաքննություն են նշանակում, հարցաշար են մշակում և ուզում են, որ այդ հարցաշարի հիման վրա կառավարությունը որոշում կայացնի: Հիմա նոր երևան եկած հանգամանքներ կան, չորս փորձագետներ, կանադական և ամերիկյան ընկերություններ տվել են եզրակացություն, որ այդտեղ թթվային դրենաժի վտանգը շատ մեծ է և 200-300 տարի դա չի մաքրվի: Նույն բանը «ԷԼԱՐԴ»-ն է ասում, նույն փորձագետների վրա հղում է արել: Եվ երբ ասում է, որ մեղմման մեխանիզմները 500 տարի պետք է կիրառվեն, դա նշանակում է, որ վտանգ կա, որ 100 չէ, այլ 500 տարվա մեխանիզմ է պահանջվում: Բայց 500 տարի հետո ով է ողջ լինելու, որ ապացուցի: Մենք անգամ երեկվա Թեղուտում չենք կարողանում այդ մեխանիզմները կիրառել, սնանկ են ճանաչվել, թռել են, և այդ ամբողջ վնասը մնացել է մեր պետության վրա:
-Ի՞նչ պետք է արվի այս պայմաններում: Մի կողմից Ջերմուկի բնակիչներն ու բնապահպանները շարունակում են բողոքել, և այսօր նրանց հետ հանդիպելու է վարչապետը: Մյուս կողմից էլ, ըստ ձեզ և այլ մասնագետների, ունենք նման ոչ լիարժեք փորձաքննության արդյունք:
-Այս պայմաններում պետք է հիմք ընդունվեն ժողովրդի իրավունքները: Մեր Սահմանադրության երրորդ հոդվածը ասում է, որ մարդը բարձրագույն արժեք է, և կառավարությունն իր որոշումներն ընդունելիս սահմանափակված է մարդու իրավունքներով: Հիմա Ջերմուկի բնակիչները, անկախ փորձաքննություններից ու բնապահպանական ազդեցություններից, իրենց դիրքորոշումը հայտնել են: Մարդիկ ասում են՝ մենք չենք ուզում մեր կենսական միջավայրը փոխել: Դա իրենց հիմանարար իրավունքներից մեկն է: Մարդիկ իրենց ամբողջ կյանքն ապրել են առողջարանային վայրում, մաքուր օդ են շնչել, չնայած շատ բարդ կլիմայական պայմաններում՝ 2100 մետր բարձրության վրա, երբ թթվածնի պակաս կա: Ջերմուկցիներն այդտեղ չեն կարող փոշու պայմաններում ապրել, որովհետև առանց այն էլ 2100 մետր բարձրության վրա ապրելը շատ դժվար է, բոլորը սրտի հետ կապված և այլ խնդիրներ ունեն: Դա կոմպենսացվում էր մաքուր օդով: Մենք առողջարան ենք կորցնում: Մեր հարկատուները տարիներ շարունակ գումար են դրել ու համաշխարհային նշանակության առողջարան են ստեղծել, հիմա այդ ամենը ջնջե՞նք, 10 տարվա ինչ-որ կասկածելի ծրագիր բերենք ու ամբողջն ավերե՞նք:
Մեր կառավարությունն այս պայմաններում պետք է ողջամիտ գտնվի, հարգի իր քաղաքացիների իրավունքները և որոշում կայացնի, մանավանդ որ մեր օրենսդրությամբ դա շատ հեշտ լուծվող հարց է: Ճիշտ է, որ վարչապետն ասում է՝ շատ պաշտոնյաներ սաբոտաժ են անում: Այո, սա սաբոտաժի հետևանք է: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատաման և փորձաքննության մասին օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետն ասում է՝ բնապահպանական փորձաքննական եզրակացությունը ուժը կորցրած է ճանաչվում այն դեպքում, եթե ընկերությունը մեկ տարվա ընթացքում չի իրականացրել այն գործունեությունը, որի համար տրվել է փորձաքննություն: 2016 թվականին տվել են հանքարդյունահանման համար փորձաքննական եզրակացություն: Մինչև 2017 թվականը “Լիդիան” ընկերությունը պետք է հանքարդյունահանում իրականացներ: Բայց չեն արել: 2017 թվականից հետո բնապահպանության նախարարը պետք է ուժը կորցրած ճանաչեր այդ փորձաքննության եզրակացությունը: Հենց այսօր էլ կարող է ուժը կորցրած ճանաչել, և դրանով թեման կփակվի: Ինչո՞ւ չեն անում, ինչո՞ւ վարչապետն այդ հարցը չի դնում նախարարի առաջ:
Երկրորդ հիմքը, որով դարձյալ ուժը կորցրած կարող է ճանաչվել այդ փորձաքննությունը, հետևյալն է: Նույն Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում նշված է, որ եթե նոր երևան եկած գործոններ կան, իսկ մենք արդեն երեք հիմքով դիմել ենք դատարան, դա նշանակում է, որ փորձաքննությունը լրիվ չի իրականացվել, և ուժը կորցրած է ճանաչվում: Հետո կարող են նոր փորձաքննություն անցկացնել: Հիմա ինչո՞ւ մեր օրենքը չեն կիրառում, ինչո՞ւ են խոսում արբիտրաժի և միջազգային դատարանների մասին: Կամ դա անգրագիտության հետևանք է, կամ էլ հատուկ են անում: