Արցախում «Երևանի օրեր»-ի գալահամերգով մեկնարկել է «Մանսուրյան-80» համերգաշարը


Արցախում «Երևանի օրեր»-ի գալահամերգով մեկնարկել է «Մանսուրյան-80» համերգաշարը

  • 02-09-2019 17:06:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Մշակույթ

 
 
 
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Արցախում անցկացվող «Երևանի օրերն» ամփոփվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որով էլ տրվել է «Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի մեկնարկը:
 
«Յուրաքանչյուր այցելություն Արցախ պատվիրակության ուխտագնացություն է»,- ողջույնի խոսքում նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը։ 
«Երևանի մշակույթի օրերի ընթացքում մենք երեկ և այսօր եղանք նաև զորամասերում, սպարապետ Վազգեն Սարգսյանի վաթսունամյա հոբելյանին նվիրված միջոցառում ունեցանք, շփվեցինք մեր այսօրվա խաղաղ երկնքի երաշխավորի՝ մեր զինվորների հետ: Այստեղ, կարծում եմ, մեծ խորհուրդ կա. հայոց զինվորը, զենքով պաշտպանելով իր հողն ու հայրենիքը, պաշտպանում է հազարամյակների մեր գոյության կռվանը՝ հայ մշակույթը: Եվ պատահական չէ նաև, որ Երևանի մշակութային օրերը Ստեփանակերտում ամփոփում ենք մեր ժողովրդի համար մի շատ կարևոր օրվա՝ Արցախի Հանրապետության անկախության տոնի նախօրյակին»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը։
 
Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան և Ստեփանակերտ քաղաքների միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:
 
Ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի և բեղմնավոր գործունեության համար «Արգիշտի առաջին» հուշամեդալով է պարգևատրվել նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
 
Վերածննդի հրապարակում կայացած համերգի ընթացքում հնչեց Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ մատուցեց հրապարակում հավաքված հազարավոր ստեփանակերտցիներին ու քաղաքի հյուրերին։ Ի դեպ, համերգաշարն առիթ դարձավ, որ նորովի նոտագրվեն և հրատարակվեն Մաեստրոյի կինոգործերը։ 
 
Համերգաշարը կշարունակվի Երևանում և տրամաբանական ավարտին կհասնի մշակութային մայրաքաղաք Գյումրիում՝ սեպտեմբերի 13-ին։
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play