Պետք է վերացվի հանցագործ աշխարհի պահանջվածությունը հասարակության մեջ


Պետք է վերացվի հանցագործ աշխարհի պահանջվածությունը հասարակության մեջ

  • 03-09-2019 11:37:22   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am  զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը
 
Քրեական օրենսգրքում փոփոխություններ են արվում՝ ուղղված  քրեական ենթամշակույթի դեմ պայքարին։ Բայց արդյոք մեր օրենսդրությամբ սահմանված է, թե ով է «օրենքով գողը» կամ քրեական հեղինակությունը։
 
 
Որ քրեական աշխարհի ողնաշարը պետք է ջարդել և նրանց դարձնել վերահսկելի կոնտինգենտ, դրանում ոչ մի խոսք չկա։ Ավելին, ես համարում եմ, որ այո, հնարավոր է օրենսդրական կարգավորման մեխանիզմների ներդրման միջոցով որոշակի զսպվածություն ստեղծել այդ կոնտինգենտի նկատմամբ, առավել ես, որ այդ ուղղությամբ պետք է արմատական փոփոխություններ իրականացնել, քանի որ քրեակատարողական հիմնարկները, ըստ էության, քրեական դպրոցներ են, որտեղ դաստիարակվում են այդպիսի արժեքային համակարգով անձինք։ Այնպիսի բարքեր են տիրում, որ ՔԿՀ-ներից դուրս եկող յուրաքանչյուր անձ իր մեջ կրում է նաև այդ արժեքներն, ու դրանք մետաստազի նման տարածվում են հասարակությունում, դպրոցում, բակում, ցավոք սրտի, նաև բանակում՝ բոլոր ողբերգական հետևանքներով հանդերձ։
 
Որ քրեական աշխարհի դեմ պետք է պայքար մղել, դրանում խոսք լինել չի կարող։ Որ դրա դեմ օրենսդրական կարգավորումներ պետք է ներդրվեն, այդտեղ էլ երկրորդ կարծիք լինել չի կարող, ուղղակի մեխազնիմների, ճիշտ գործիքակազմի մասին կարող է խոսք գնալ, թե ինչպես պետք է ընտրվեն այդ գործիքները և արդյոք ընտրված գործիքները կարող են լավագույնս ծառայել նպատակի իրագործմանը։ Միանշանակ, քրեական աշխարհի գոյությունը և ընդհանրապես այդ մշակույթի գոյությունը ես համարում եմ ներքին սպառնալիք Հայաստանի և նրա հասարակության համար, որովհետև այդ շերտը և այդ ենթամշակույթն ուղղակի կործանարար ազդեցություն ունեն հասարակության որոշակի սոցիալական շերտերի, հատկապես երիտասարդների վրա։ Ուստի, այդ առումով, ես կարծում եմ, որ կարևոր է քայլ անելն այս ուղղությամբ։
 
Վերջին ամիսների ընթացքում հանցավոր աշխարհի ներկայացուցիչների սպանությունները, «ռազբորկաները», Երևանի փողոցներում հրազենի միջոցով հարց լուծելու դեպքերը գալիս են արձանագրելու, որ այդ համակարգը կենսունակ է, այդ համակարգը հարցեր լուծելու հնարավորություն ունի, այդ համակարգն ունի իր ներքին չգրված օրենքները և նրանք երբեմն իրենց իրավունք են վերապահում հարցեր կարգավորել։ Ավելին ասեմ, այդ հարցերի կարգավորման փուլում ընտանիքներ են կործանվում կամ ողբերգական ավարտ ունենում։ Այս առումով, ես համարում եմ, որ որքան էլ կարող են քննարկել օրենքի թերի կամ անկատար լինելը, բայց որ այդ համակարգի դեմ պետք է ռեալ, կտրուկ և շատ համարձակ քայլերի գնալ, այդտեղ ոչ մի կասկած չկա։
 
Հատկապես քննադատվում է, որ ըստ էության, օրենքը անուղղակիորեն ընդունում է քրեական աշխարհի աստիճանակարգումը։
 
Բոլորի համար էլ հասկանալի է, որ նրանց մոտ ինչ-որ կոչումների կամ պաշտոնների համակարգ չկա։ Հասկանալի է, որ քրեական աշխարհում, պայմանական ասած, այդ աստիճանակարգվածությունն ինչ տրամաբանություն ունի։ Ավելին ասեմ, եթե մեր իրավապահ մարմինները, հատուկ ծառայությունները, օպերատիվ ծառայությունները չտիրապետեն այդ աստիճանակարգվածությանը,- ընդ որում, ես բացառում եմ, որ չեն տիրապետում և չունեն այդ տեղեկատվական բազան,- ուրեմն մեր իրավապահ համակարգի մասին պետք է խոսել ամոթով, գլխիկոր։ Ես համոզված եմ, որ իրենք շատ լավ տիրապետում են այդ կոնտինգենտին և պարտավոր են ուղղակի մաքրել այդ կոնտինգենտը, որովհետև այստեղ մի ուրիշ վտանգ կա. եթե նախկին իշխանությունների օրոք հանցավոր աշխարհը սերտաճած էր քաղաքական իշխանության հետ, ավելին՝ նրանցից ոմանք անգամ սպրդել էին օրենսդիր, ինչու ոչ՝ նաև գործադիր իշխանություն, նոր իշխանությունն այդպիսի խնդիր չունի։
 
Նոր իշխանությունը խնդիր ունի ռեալ պայքար մղելու քրեական աշխարհի դեմ։ Այդ պայքարի արդյունքները պետք է մշտապես տեսանելի լինեն, մարդիկ պետք է տեսնեն կոնկրետ արդյունքներ։ Օրինակ, ինձ համար տեսանելի ու հասկանալի պետք է լինի քրեական աշխարհի դեմ իրականացվող պայքարը, այսինքն այդ աշխարհի որևէ ներկայացուցիչ չպետք է իրեն լավ զգա ոչ դրսում, ոչ ՔԿՀ ներսում՝ իհարկե պաշտպանելով մարդու բոլոր իրավունքները։
 
Վերջին շրջանում քրեական աշխարհի ակտիվացումը, «ռազբորկաները», սպանություննե՞րը հիմք հանդիսացան, որ նման փոփոխություններ արվեն Քրեական օրենսգրքում։
 
Նախկին իշխանությունների ժամանակ համագործակցություն կար իշխանությունների և քրեական աշխարհի միջև։ Ես դեռ նախորդ տարի, իշխանափոխությունից հետո եմ արձանագրել, որ քրեական աշխարհի դեմ պայքարն ինձ համար սկզբունքային նշանակություն ունեցող խնդիր է, առավելևս, որ մենք ամենօրյա շփում ունենալով ՔԿՀ-ների հետ, տեսնելով այնտեղ գոյություն ունեցող ոչ ֆորմալ ինստիտուտների գոյությունը, ոչ ֆորմալ ազդեցությունների համակարգը, ես ինքս եմ ունեցել համոզմունքը, որ այդ աշխարհի դեմ պետք է տանել տոտալ և շատ կտրուկ ու կոշտ պայքար՝ արձանագրելու համար արդյունքներ։ Բայց ես նաև շատ լավ գիտակցում եմ, որ եթե այդ պայքարը պետք է լինի միայն պատժողական, զուգահեռաբար չտարվի սոցիալական, հոգեբանական, քարոզչական աշխատանք, որն ընդհանրապես հանցագործ աշխարհի պահանջվածությունը կվերացնի մեր հասարակության մեջ, մենք չենք ունենա գլոբալ արդյունք։ Բայց քանի որ տվյալ դեպքում օրենքի առումով է այդ հանգամանքը մատնանշվում, ես, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այդ օրենքն անհրաժեշտ է։ Ավելին, պետք է մեխանիզմները ճկուն լինեն, և պետք է դրանից բխող հայեցակարգ լինի իրավապահ մարմինների գործողություններն իրականացնելու համար։ Պետք է այդ ընթացակարգերն էլ հաստատվեն ու կյանքի կոչվեն։
 
Ինձ համար հանցավոր աշխարհի դեմ պայքարը շատ սկզբունքային խնդիր է։ Ես կարծում եմ, որ այդ առումով մեզ անհրաժեշտ է ունենալ որակապես նոր ոստիկանություն, նոր իրավապահ համակարգ այն առումով, որ նախ այդ համակարգը որևէ ձևով սերտաճած չլինի հանցավոր աշխարհի հետ, որևէ ձևով չկրի այդ աշխարհի որևէ ֆորմալ ազդեցություն, և ամենակարևորը՝ ունակ լինի պայքարելու, կանխարգելելու հանցավոր աշխարհի վառ ներկայացուցիչների որևէ նկրտում։ Սա է խնդիրը։

 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ