ՍԴ որոշումը Ռոբերտ Քոչարյանի գործով. «Դժբախտ երջանկություն»


ՍԴ որոշումը Ռոբերտ Քոչարյանի գործով. «Դժբախտ երջանկություն»

  • 03-09-2019 13:08:23   | Հայաստան  |  Վերլուծություն

Սահմանադրական դատարանը շենքի դիմաց հանրային բողոքի ակցիայի ուղեկցությամբ սկսել է քննարկել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը, որով նրանք վիճարկում են Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որնոցով սահմանվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: Եթե ՍԴ-ն որոշի, որ հոդվածները ունեն սահմանադրականության խնդիր, ինչպես կարծում են երկրորդ նախագահի պաշտպանները, ապա դա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ:
 
Դա չի նշանակում, որ դադարելու է նրա հանդեպ քրեական մեղադրանքը եւ գործը: Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության, այսինքն ընդհանրապես այդ գործով քրեական հետապնդման չենթարկվելու մասին հարցը ՍԴ-ն քննելու է այլ գործընթացով: Ի դեպ, հենց այդ հարցի համար է խորհրդատվության նպատակով ՍԴ-ն դիմել Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ: Վենետիկի հանձնաժողովը տվել է խորհրդատվություն տրամադրելու համաձայնություն:
 
Բայց, անձեռնմխելիության գործը դեռ պետք է քննվի, թե երբ, պարզ չէ:
 
Իսկ ահա կալանքի հարցում Սահմանադրական դատարանի որոշումը եթե ոչ ժամերի, ապա օրերի հարց է:
 
ՍԴ-ն որոշել է, որ գործը քննելու է գրավոր ընթացակարգով:
 
Անկասկած է, որ կալանքից Ռոբերտ Քոչարյանի երրորդ ազատումը ստեղծելու է նոր ներքաղաքական իրավիճակ, որն իհարկե քաղաքական շրջանակում, բայց որոշակիորեն կասոցացվի աբսուրդի, «գրոտեսկի» հետ, կթողնի երգիծանքի, հումորի, դեժավյուի տպավորություն: Շատերը միաժամանակ կմատնվեն «խուճապի», հիասթափության, հարց կտան՝ թե արդյոք «սրա համար էին հեղափոխություն արել»: Առավել եւս, որ կգտնվեն մարդիկ եւ ուժեր, որոնք Ռոբերտ Քոչարյանի կալանքի հնարավոր չեղարկման դեպքում կգործադրեն հանրությանը սարսափի ու խուճապի մատնելու հնարավոր ամեն ջանք, որովհետեւ չունեն հանրության հետ հաղորդակցվելու եւ խոսելու այլ ռացիոնալ օրակարգ ու բովանդակություն:
 
Կլինի՞ ՍԴ այնպիսի որոշում, որը կստեղծի Ռոբերտ Քոչարյանի ազատման հիմք: Եվ ինչպե՞ս կվերաբերի իշխանությունն այդ որոշմանը: Նոր իրավիճակի առանձնահատկությունը լինելու է այն, որ երրորդ անգամ ազատ արձակման պարագայում կառավարող քաղաքական ուժը կհայտնվի որոշակի անլուրջ վիճակում: Դա լինելու է Քոչարյանի գործի շուրջ ստեղծված մթնոլորտի անխուսափելի հետեւանքը: Մթնոլորտ, որի համար իր պատասխանատվությունն ունի իհարկե կառավարող ուժը, բայց նաեւ բազմաթիվ այլ ուժեր, որոնց համար Ռոբերտ Քոչարյանի գործը հարմար առիթ է նվազագույն պատասխանատվության դիրքում փորձել հավաքել առավելագույն միավորներ՝ թե նոր իշխանության, թե Քոչարյանի հաշվին:
 
Նրանց միջոցով արդեն ընդհանրապես հետհեղափոխական Հայաստանի արդյունավետության հաշվին հիմնական միավորները հավաքում է ավելի բարձր ու մեծ այլ ու՞ժ՝ որը Քոչարյանին բավականին նուրբ խնամքով մատուցեց հետհեղափոխական «սեղանին», հմտորեն իր հովանու տակ պատսպարելով նրանց, ում պետք էր:
 
Այժմ ակնառու է, որ հետհեղափոխական Հայաստանը դարձել է Ռոբերտ «Քոչարյանի գործի» որոշակի հասարակական-քաղաքական «պատանդ», երբ հանրային գիտակցության ու հոգեբանության մեջ դրա այս կամ այն զարգացումով են պայմանավորում երջանկությունը:
 
Ազատվելու մեխանիզմները չեն նշմարվում: Իսկ կարծել, թե ազատության մեխանիզմը լինելու է դատավճիռը, խաբկանք է, որովհետեւ բուն խնդիրը հանրային գիտակցության մեջ է, եւ այն վաղուց կենտրոնացած չէ անձի վրա, այն կենտրոնացած է երեւույթի վրա, եւ Քոչարյանից հետո պահանջվելու է հանուն երջանկության նոր զոհաբերություն:
 
Միաժամանակ պետք է արձանագրել, որ խնդիրն իր վարքագծով, հարցազրույցների, ելույթների եւ ուղերձների բովանդակությամբ խորացնում է նաեւ հենց Ռոբերտ Քոչարյանը: Գուցե այն պատճառով, որ նրա գործը արդեն շատ կոնկրետ ոսկեբեր երջանկության աղբյուր է մի շարք շրջանակների համար:
 
Իսկ հարցը, թե կոնկրետ ով է սպանել մարտի 1-ի տասը զոհերին՝ շատ կոնկրետ եւ առանցքային հարցը, դեռեւս չունի պատասխան:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play