Հայաստանի բախտը վճռված է. իսկ ինչ կլինի մի քանի ժամ անց


Հայաստանի բախտը վճռված է. իսկ ինչ կլինի մի քանի ժամ անց

  • 04-09-2019 14:03:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Մի քանի ժամ անց Սահմանադրական դատարանը կայացնելու է, կամ ավելի շուտ հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ որոշում: Երկրորդ նախագահի պաշտպանները դիմել են դատարան, վիճարկելով Քրեական օրենսգրքի այն հոդվածների սահմանադրականությունը, որոնք առնչվում են Քոչարյանի խափանման միջոցին եւ քրեական հետապնդմանը: ՍԴ որոշումից է կախված՝ կմնա՞ երկրորդ նախագահը կալանքի տակ, թե՞ ոչ:
 
Այդ առիթով ՍԴ որոշմանը նախորդում են ամենատարբեր գնահատականներ, այդ թվում ընդհուպ այնպիսիք, որոնք ՍԴ որոշումը «ասոցացնում» են «Հայաստանի բախտի» հետ, համարելով, որ այդ որոշումից է կախված Հայաստանի բախտը:
 
Ինչպես Հայաստանում իշխած մոտ երեսնամյա համակարգի, այդպես էլ դրա առանցքային դերակատարների, ու նաեւ նրանցից մեկի՝ Ռոբերտ Քոչարյանի մասին յուրաքանչյուր քաղաքացի ունի իր կարծիքն ու գնահատականը, ընդհուպ ծայրահեղությունից ծայրահեղություն տիրույթում, պաշտամունքից արմատական մերժում: Այդ կարծիքն ունենալը յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է:
 
Բայց, ինչքա՞ն վատ կարծիք պետք է ունենալ Հայաստանի հանրության մասին, եւ առավել եւս մեկուկես տարի առաջ աննախադեպ, ոչ բռնի հեղափոխության միջոցով Հայաստանում իշխած երեսնամյա համակարգը կառավարման ղեկից հեռացրած հանրության մասին, որ մեկուկես տարի անց Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՍԴ վճռով պայմանավորել այդ հանրության եւ Հայաստանի բախտը:
 
«Հայաստանի բախտը» վճռվել է մոտ մեկուկես տարի առաջ, 2018 թվականի ապրիլ-մայիսին, կամ սկզբունքորեն, քաղաքական եւ ռազմա-քաղաքական իմաստով ամբողջացել է այդ գործընթացը, որովհետեւ Հայաստանի բախտը վճռել է նաեւ հայկական բանակը՝ 2016-ի ապրիլին:
 
Ինչպե՞ս է հնարավոր «Հայաստանի բախտը» հավասարեցնել քաղաքական ու հոգեբանական բարդույթների, այն նեղացնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՍԴ որոշման շրջանակում, որքան էլ որ ՍԴ այս կամ այն որոշումը ունենալու է նաեւ քաղաքական կարեւոր նշանակություն:
 
Բայց, որքան էլ այս կամ այն որոշումը ռիսկեր պարունակի Հայաստանի համար, խորքային առումով Ռոբերտ Քոչարյանը, ու ընդհանրապես որեւէ մեկը երբեք չի կարող պարունակել ավելի մեծ ռիսկ՝ առավել եւս թավշյա հեղափոխությունից հետո, քան այն վախը, որ ինչ որ մարդիկ ինչ որ նպատակներով փորձում են ներշնչել հանրությանը, «կորպորատիվ» խնդիրներ լուծելու համար, եւ, ի դեպ, նաեւ հենց Ռոբերտ Քոչարյանին կամա թե ակամա աջակցելով: Որովհետեւ նրանք հանրությանն իրենց ներշնչած վախով փորձելով ծանրացնել «Ռոբերտ Քոչարյանից ազգն ազատելու» սեփական «առաքելության» կշիռը, միաժամանակ կամա թե ակամա ծանրացնում են նաեւ Ռոբերտ Քոչարյանի կշիռը:
 
Իսկ գլխավորը՝ արժեզրկում են Հայաստանի հանրության 2016-18 հաղթանակը, որովհետեւ այդ հաղթանակի առաջին հատվածը ադրբեջանական զինուժի եւ Ադրբեջանին ագրեսիայի պատրաստած ուժային կենտրոնների նկատմամբ էր, այդ թվում ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի, իսկ երկրորդ հատվածը՝ Հայաստանում իշխած մոտ երեսնամյա համակարգի:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն