«ՍԴ-ն մասնակից է եղել պետության զավթման գործընթացին և իրավական փաթեթավորում է տվել»
05-09-2019 11:38:10 | Հայաստան | Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, ՍԴ-ն երեկ հակասահմանադրական ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, իսկ 135-ր հոդվածը ճանաչեց սահմանադրական։ Շատերը նշում են, որ դատաիրավական բարեփոխումներն այնքան ուշացան, որ արդյունքում ունենք այս տեսակ կանխատեսելի որոշումներ։ Կա՞ր այլ ակնկալիք ՍԴ-ից, թե՞ սա այն է, ինչ ունենք այսօր։
Դեռ մինչև ՍԴ-ի կողմից այդ որոշման հրապարակումը ես առիթ ունեցել եմ ասելու, որ անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, այդ որոշման նկատմամբ վստահություն չի լինելու, որովհետև ՍԴ-ի հանդեպ վստահություն չկա։ Դա պայմանավորված է նախ ՍԴ կազմի նկատմամբ վերաբերմունքով, որովհետև նախկինում այդ կազմով ընդունվել են որոշումներ քաղաքական զգայուն թեմաների վերաբերյալ, մասնավորապես, նախագահական ընտրությունների կեղծման վերաբերյալ դիմումների քննության ժամանակ՝ սկսած 2003 թվականից։
ՍԴ-ի հանդեպ անվստահությունը կապված է նաև ՍԴ նախագահի ընտրության հետ, երբ շատ կարճ ժամկետում մարդը վայր է դնում պատգամավորի մանդատը, հրաժարվում կուսակցության անդամությունից, ընտրվում ՍԴ անդամ ու միանգամից ընտրվում ՍԴ նախագահ։ Սրանք հանգամանքներ են, որոնք գալիս են հիմնավորելու, որ այս ՍԴ-ն իր ծագումնաբանությամբ, իր կազմով չի կարող ունենալ վստահություն։ ՍԴ-ն նաև հանդիսացել է այն ինստիտուտներից մեկը, որն իրականացրել է քաղաքական իշխանության կողմից պետության զավթումը։
Ճիշտ է, այսօրվա քաղաքական իշխանությունը մինչև այժմ չհամարձակվեց պետության զավթման մասին դիրքորոշում արտահայտել, քաղաքական գնահատական տալ, բայց գոնե մենք ունենք վստահություն և պնդում ենք, որ ՍԴ-ն մասնակից է եղել պետության զավթման գործընթացին և իրավական փաթեթավորում է տվել։ ՍԴ-ն մնացել է որպես պետության զավթմանը մասնակցած ինստիտուտ, ու այդ դեպքում ինչպե՞ս կարելի է նրա կայացրած որևէ որոշում վստահելի համարել։
Որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին՝ նաև ՍԴ-ն է պատասխանատու այն պատճառների համար, որի արդյունքում եղավ թավշյա հեղափոխությունը։ Պարզ է, որ թավշյա հեղափոխությունից հետո պետության զավթման համար պատասխանատու, սահմանադրական արդարադատության չիրականացման համար պատասխանատու մարմինը չի կարող վստահություն ունենալ։ Հետևաբար, նրա որոշումներին չպետք է որևէ նշանակություն տալ։ Այստեղ կարևոր է, որ քաղաքական իշխանությունը դրսևորի կամք՝ հանձինս ԱԺ-ի։ Խորհրդարանը պետք է «Սահմանադրական դատարանի» մասին օրենքում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով, իրապես հեղափոխական որոշումներով հասնի ՍԴ նոր կազմի ձևավորմանը։
Այս առումով իշխանությունը չի՞ ուշացնում իր քայլերը։
Իշխանությունը հիմա առերեսվում է իր կողմից ուշացման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ։ Ես չեմ էլ ուզում անդրադառնալ այդ դատարանի որոշման հիմնավորվածությանը, պատճառաբանական, նկարագրողական մասին, խնդիրը սկզբունքային պետք է դնել՝ արդյոք մենք կարո՞ղ ենք հաշտվել այն հանգամանքի հետ, որ կադրային կազմով իր ծագումնաբանությամբ, իր գործունեությամբ ոչ լեգիտիմ մարմնի գոյությունը նոր իրավիճակում։ Իհարկե անհնար է, և արդյոք մենք կարո՞ղ ենք պետության զավթմանը մասնակցած մարմնի որոշումների հիման վրա ինչ-որ իրավական լուծումներ գտնել։ Այսինքն՝ նրա կողմից ընդունված որոշումների նկատմամբ էլ չի լինելու վստահություն, սա կարևոր հանգամանք է։
Եվ այս անվստահելիության պայմաններում, անկախ նրանից՝ ինչ որոշում կընդունի, կապված այդ որոշման նկատմամբ ակնկալիքներ ունեցողներից, հասարակությունը շարունակելու է մնալ տարանջատված, մի մասը բողոքելու է, դժգոհելու, մյուս մասը գոհ է լինելու։ Եվ ի վերջո, այսպիսով արդարադատության հարցն է բացակայում, մինչդեռ լեգիտիմ արդարադատության պարագայում արդեն ոչ գոհ լինելը, ոչ դժգոհելը էական չէին լինելու, այլ լինելու էր որոշման հիմնավորվածությունը և որոշման նկատմամբ վստահությունն էր լինելու, որը չկա։
Առկա ճգնաժամը կարծում եք միայն սահմանադրական փոփոխությունների միջոցո՞վ է հնարավոր հաղթահարել։
Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխությունների միջոցով հասնել ՍԴ նոր կազմի ձևավորմանը։ Սա է միակ լուծումը։