Հայաստանում ստեղծվել է սարքավորում, որով հնարավոր կլինի որսալ անտառներում սղոցի ձայնը, հրդեհները.ՀԺ


Հայաստանում ստեղծվել է սարքավորում, որով հնարավոր կլինի որսալ անտառներում սղոցի ձայնը, հրդեհները.ՀԺ

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանում անտառահատումները բացահայտելու համար նոր սարքավորում է ստեղծվել: «Հայ-Թեք Գեթվեյ» ընկերության Վանաձորի գրասենյակը ստեղծել է մի սարքավորում, որով հնարավոր է որսալ էլեկտրական սղոցի ձայնը, անտառային հրդեհները եւ  ազդանշան տալ համապատասխան անձանց:
 
 
Ընկերության Վանաձորի գրասենյակի ղեկավար Սվետա Ջաղացպանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ է իրենից ներկայացնում սարքը:
 
- Սվետա, տեղյակ ենք, որ «Հայ-Թեք Գեթվեյ»-ը անտառի պահպանության համար նոր սարքավորում է ստեղծել: Ի՞նչ է այդ սարքավորումն իրենից ներկայացնում:
 
- Համակարգը կոչվում է՝ «Forest guard»: Դա խելացի սենսորային IOT համակարգ է, որը նախատեսված է անտառներում ապօրինի ծառահատման, հրդեհների, մեքենաների ապօրինի մուտքի տեղորոշման եւ կանխարգելման համար:
 
 
 
- Ի՞նչ մեխանիզմներով է սարքն աշխատում: Ինչպե՞ս է ֆիքսում:
 
- Սղոցի ձայնի, հրդեհի՝ այսինքն ջերմաստիճանի կտրուկ բարձրացման, ծխի մեծ ծավալի դեպքում կամ մեքենայի ձայնի առկայության դեպքում անմիջապես ազդանշան է ուղարկում եւ  ի տարբերություն նման մյուս համակարգերի` ազդանշանը ուղարկում է շատ արագ՝ մեկ-երկու վայրկյանի ընթացքում: Մյուս նման համակարգերը ազդանշանն ուղարկում են ընդամենը 10 րոպե հետո: Խնայում է էլեկտրաէներգիա, մենք կարող ենք մարտկոցները փոխել յուրաքանչյուր 4-6 տարին մեկ: Այսինքն վերանում է 4-5 ամիսը մեկ սարքերն իջեցնելու եւ մարտկոցները փոխելու խնդիրը, որը նաեւ շատ ծախսատար է, բայց նաեւ ժամանակատար է եւ հոգնեցնող:
 
- «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակներում այժմ քանի՞ անտառում է աշխատում այդ սարքավորումը:
 
- Հիմա միայն Ստեփանավանում ենք դրել: Սա զուտ պիլոտային ծրագիր է: Այսինքն՝ հիմա մեր նպատակն այն չէ, թե ինչ վիճակագրություն կա, քանի ծառ են կտրում: Մենք 1 կիլոմետր քառակուսի տարածք ենք ծածկել սենսորներով, մեր նպատակն է տեսնել եղանակային պայմանների ազդեցությունը սարքերի վրա, եւ եթե լինեն ծրագրային բացեր՝ ուղղենք, որ ստանանք իդեալական, նորմալ աշխատող պրոդուկտ:
 
- Այս պահին կա՞ պայմանավորվածություն բոլոր անտառներում հետագայում այդ սարքավորումը տեղադրելու վերաբերյալ:
 
- Կառավարությունը շատ է հավանել նախագիծը: Տեղյակ եմ, որ հաջող պիլոտայինի ավարտից հետո մեծ է հավանականությունը, որ սարքերի պատվեր կստանանք:
 
- Իսկ հնարավո՞ր չէ, որ սարքավորումները ինչ-որ բան սխալ ցույց տան, շուտ փչանան:
 
- Սխալ ցույց տալու առումով հիմա էլ կարող եմ ասել, որ նման խնդիր չկա: Արդյունքները մեծ ճշտությամբ են հաղորդվում: Հենց փչանալու խնդիրն ենք պիլոտայինի ընթացքում փորձում պարզել ու նոր լուծումներ ենք գտել: Արդեն քեյսերը փոխելու հարցով ենք զբաղված, որ անձրեւաջուր չլցվի, որ եղանակային պայմանների պատճառով՝ խիստ ցրտի դեպքում մենք խնդիր չունենանք մարտկոցների հետ կապված: Այդ ամեն ինչը լուծելի է, ու մենք հիմա այդ խնդիրները լուծելով ենք զբաղված, որ սարքերն աշխատեն ե՛ւ ամառվա շոգին, ե՛ւ ձմեռվա ցրտին ու չփչանան:
 
- Սարքավորումը Վանաձորի մասնաճյուղո՞ւմ եք պատրաստել, թե ընկերության գլխամասում:
 
- Վանաձորում ենք պատրաստել: Մեր հիմնական նպատակն է` Վանաձորում սկսել պրոդուկտ արտադրել: Պարզապես Վանաձորում եւ ընդհանրապես Հայաստանում միկրոէլեկտրոնիկայով լրջորեն զբաղվող կադրերի խնդիր կա, ու մենք կադրերին զրոյից ենք պատրաստում: Սակայն անում ենք հնարավոր ամեն ինչ՝ համապատասխան ոլորտի որակյալ կադրերին մեր թիմի մեջ ներգրավելու համար՝ թեկուզ Վանաձորից դուրս:
 
- Եթե սարքավորումներն իրենց արդարացնեն եւ պայմանագիր կնքեք համապատասխան գերատեսչության հետ, անհրաժեշտ քանակությամբ սարքավորումներ կկարողանա՞ք ապահովել ՀՀ անտառների համար:
 
- Այո, կարող ենք ապահովել: Մենք հիմա մեզ նախօրոք ապահովագրում ենք այդ հարցով: Քանի որ գիտենք, որ նորմալ են աշխատելու այդ սարքերը եւ վաճառք կլինի, հիմա հենց այդ հարցով ենք զբաղված: Սարքելն ավելի արագ կտեւի, քան տեղադրելը: Մենք կհասցնենք մատակարարել, բայց տեղադրելը մի քիչ կբարդանա, քանի որ արդեն աշուն է՝ ձմեռ է գալիս, տեղեր կան մի քիչ անձրեւ է գալիս՝ քայլել հնարավոր չէ: Շատ հնարավոր է, որ անտառտնտեսության պետերը խորհուրդ տան դրանք տեղադրել գարնանը:
 
- Սարքավորումն ազդանշանն ուղարկելու է Շրջակա միջավայրի նախարարությո՞ւն:
 
- Որտեղ որ անհրաժեշտ լինի, այդտեղ էլ կուղարկի: Կարող է մի քանի տեղ ուղարկել: Կարող ենք այնպես մշակել, որ հեռախոսին էլ գա ազդանշանը:
 
 
 
- Սարքավորումը մնացած բոլոր նմանատիպ IOT սենսորային համակարգերի համեմատ, որոնք այլ երկրներում կան, բավական էժան է, ինքնարժեքը ցածր ու բնականաբար մենք էլ այնպիսի գնով կվաճառենք, որ շատ թանկ չլինի, հասանելի լինի, ե՛ւ մեզ օգուտ լինի, ե՛ւ մեր երկրին: Նաեւ էժան վաճառելու պատճառներից մեկն էլ այն է, որ մեր համակարգը 1 կիլոմետր քառակուսի ծածկելու համար շատ ավելի քիչ թվով սենսորներ է պահանջում, քան մրցակից այլ համակարգերը: Այլ համակարգերը առնվազն 40 հատ սենսոր են ուզում մեկ քառ. կմ.-ի համար, մեր դեպքում առավելագույնը 25 սենսոր է պետք: Եթե նույնիսկ անտառի տարածքը շատ հարթ լինի, պատկերացրեք ամեն սենսորը մինչեւ 1 կմ շառավղով տեսանելիություն կարող է ապահովել:
 
- Մինչ այս պահը նմանատիպ սարքավորում Հայաստանում ստեղծվե՞լ է, թե սա նորամուծություն է:
 
- Հայաստանում սա նորամուծություն է: Հոկտեմբերին ԱՄՆ եմ գնալու, քանի որ մեր պրոդուկտը մեծանալու ապագա ունի, այն կարող ենք նաեւ ԱՄՆ շուկա տանել, Գերմանիայի շուկա տանել, Ինդոնեզիայի շուկա տանել: Մասնակցելու եմ ԱՄՆ-ում «business introduction»-ի, այն ամենը, ինչ մեզ պետք է ամերիկյան շուկա մտնելու համար, մենք անելու ենք եւ ներկայանանք ԱՄՆ-ում ներդրողներին ու կառավարությանը: Մեր ընկերությունը գործում է Հայաստանից դուրս բնակվող մի շատ հայրենասեր հայ ընտանիքի շնորհիվ, որը փորձում է անել հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանում պրոդուկտ մշակելու եւ զարգացնելու, ՏՏ ոլորտը նաեւ մարզերում զարգացնելու  եւ իր հայրենակիցներին աշխատանքով ապահովելու հարցում:
 
- Սարքավորումն այլ երկրներին վաճառելու մտադրություն այս պահին կա՞:
 
- Իհարկե կա: Կարող եմ հավելել, որ եթե ինչ-որ մի պրոդուկտ ենք մշակում եւ դա արտահանել հնարավոր չէ, կարծում եմ` չարժե դա արտադրել: Պիտի այնպիսի բան զարգացնենք Հայաստանում, որը գնա ուրիշ երկրների շուկաներ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը