Լիդիանի ղեկավարի ակնարկը վարչապետին. բեսթսելլերի եւ սպառնալիքների միջեւ


Լիդիանի ղեկավարի ակնարկը վարչապետին. բեսթսելլերի եւ սպառնալիքների միջեւ

  • 07-09-2019 12:13:43   | Հայաստան  |  Վերլուծություն

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավական ինտենսիվ հանդիպումներ է ունեցել Ամուլսարի հարցով: Նախ նա հանդիպել էր Իմ քայլը խմբակցության հետ եւ քննարկել հարցը փակ ֆորմատով, հետո ընդունել Ջերմուկի բնակիչներին, իսկ հետո տարածվեց տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության ժամանակավոր նախագահ եւ գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին:
 
Այդ հանդիպումն աչքի է ընկել ուշագրավ դրվագով: Հանդիպման մանրամասներ հայտնի չեն, սակայն կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությանն ուղեկցող պաշտոնական լուսանկարներում նկատելի է, որ Լիդիան Ինթերնեյշնլի նախագահը հանդիպման է եկել գրքով, որը հաջորդ լուսանկարում արդեն Նիկոլ Փաշինյանի ձեռքին է: Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ վարչապետի հյուրը նրան գիրք է նվիրել:
 
Խոսքը ամերիկյան բեսթսելլերի մասին է, որի հեղինակը ամերիկացի կենսագիր, պատմաբան, քաղաքական մեկնաբան, Պուլիտցերյան մրցանակի արժանացած Դորինս Քյերնս Գուդվինն է: Իսկ խոսքը նրա հեղինակած՝ «Առաջնորդություն. տուրբուլենտ ժամանակաշրջանում» գիրքն է, որը հրատարակվել է մեկ տարի առաջ:
 
Գրքում հեղիակը ուսումնասիրում է առաջնորդության հատկանիշները, դրանց ծագման, հասունացման եւ իրագործման հանգամանքները: Առաջնորդ ծնվու՞մ են, թե՞ դառնում, որտեղի՞ց են առաջանում հավակնությունները, ինչպես են մարտահրավերները, խնդիրները ազդում առաջնորդի հատկանիշների վրա, առաջնո՞րդն է ժամանակ ստեղծում, թե՞ ժամանակն է ստեղծում առաջնորդ:
 
Ամերիկյան բեսթսելլերում հեղինակը շոշափում է այդ հարցերը, դա անելով ԱՄՆ պատմության ընթացքում 4 տասնյակից ավելի նախագահներից չորսի կենսագրական ուսումնասիրության, օրինակների վրա՝ Աբրահամ Լինկոլն, Թեոդոր Ռուզվելտ, Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ, Լինդոն Ջոնսոն:
 
Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության նախագահի ակնարկը Հայաստանի վարչապետին բավականին թափանցիկ է: Միաժամանակ, հարցն ու իրավիճակը անշուշտ երկիմաստ է, որովհետեւ առաջնորդությունը ենթադրում է որոշում, իսկ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ Ամուլսարի հարցում այսպես թե այնպես որեւէ որոշման դեպքում բարդ իրավիճակի առաջ է եւ որեւէ որոշում նրանից իսկապես պահանջում է առաջնորդական վճռականություն եւ կամք: Հասկանալի է, թե վարչապետից առաջնորդության շրջանակում ինչ որոշում է ակնկալում Լիդիան ընկերության ղեկավարը:
 
Միեւնույն ժամանակ, առանցքայինն այն է, թե վարչապե՞տն ինչ որոշման կհանգի, ընթերցելով բեսթսելլերը: Պետք չէ բացառել, որ գիրքը Նիկոլ Փաշինյանին կտա ժամանակ շահելու հնարավորություն՝ կարդալու համար: Դա իհարկե կատակ, սակայն Ամուլսարի հարցը մոտենում է որոշակի եզրագծի:
 
Այդ ընթացքում վարչապետը մի կողմից ստանում է բեսթսելլեր առաջնորդության մասին, մյուս կողմից ստանում է քաղաքական նկատելի սպառնալիքներ՝ հանքի շահագործման պարագայում քաղաքական ցնցումների մասին ազդակների տեսքով:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
Lragir.am
Նոյյան տապան  -   Վերլուծություն