Ռուսաստանը կարող է Թուրքիային տրամադրել միջուկային զենքի տեխնոլոգիաներ։ Ինչու է դա պետք Ռուսաստանին


Ռուսաստանը կարող է Թուրքիային տրամադրել միջուկային զենքի տեխնոլոգիաներ։ Ինչու է դա պետք Ռուսաստանին

  • 11-09-2019 13:44:39   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 

Lragir.am-ի  զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը
 
 
 Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չի ընդունում միջուկային զենք ստեղծելու առիթով իր երկրի վրա դրված արգելքը: Նա անտրամաբանական է համարել այն, որ աշխարհի մի շարք երկրներ ունեն միջուկային մարտագլխիկով հրթիռներ, սակայն իր երկիրը չի կարող ունենալ: Որքանո՞վ է հավանական Թուրքիայի նկրտումների կյանքի կոչումը։
 
 
Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի միջուկային նկրտումները հայտնի էին դեռևս տարիներ առաջ։ Հստակ տեսնում ենք, որ Թուրքիան գնում է այնպիսի ճանապարհով, որ ժամանակին ունենա միջուկային զենք, որ կարողանա անհրաժեշտ պահի արտադրել այդ զենքը։ Ատոմակայան կառուցելը օգնության է հասնում այդ հարցում։ Առաջին ատոմակայանը Թուրքիայում կառուցում է Ռուսաստանը, և մեծ մտավախություններ կան, որ հենց Ռուսաստանը կարող է Թուրքիային տրամադրել միջուկային տեխնոլոգիաներ։
 
Ինչու է դա պետք Ռուսաստանին. նախ նրա համար, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամեն կերպ շահագրգռված է Էրդողանի վարչակարգի պահպանմամբ, երկրորդ՝ Պուտինը ցանկանում է սկսել ՆԱՏՕ-ն մասնատելու գործընթաց, իսկ այդ առումով ամենահարմար երկիրը համարվում է Թուրքիան։ Այսինքն գործարք կարող է տեղի ունենալ, որպեսզի Ռուսաստանը միջուկային զենքի տեխնոլոգիաները տա Թուրքիային, պայմանով, որ Թուրքիան լքի ՆԱՏՕ-ն։ Ըստ էության, Թուրքիան միջուկային զենք ունենալու դեպքում ՆԱՏՕ-ի կարիքն այնքան էլ չի զգա, և Թուրքիան հմտորեն օգտագործում է այդ հանգամանքը՝ ասելով, թե «ինչու Իսրայելը պետք է միջուկային զենք ունենա, իսկ ես ոչ։ Ո՞վ է ասել, որ ինձ արգելված է»։
 
Այս պայմաններում ինչպիսի՞ն պետք է լինի մեր դիրքորոշումը։
 
Շատ բարդ հարց է. ակնհայտորեն միջուկային Թուրքիան որոշ առումով ավելի վտանգավոր է։ Համարժեքը կլիներ այն, որ մենք նույնպես ունենայինք միջուկային զենք, բայց դա դժվար իրականանալի է։ Կարծում եմ՝ պետք է շարունակել աշխատել գերտերությունների հետ, մասնավորապես, օրինակ, Գերմանիայի հետ, որպեսզի վերջինս վերջապես զբաղվի Հայաստանի անվտանգության ապահովմամբ։ Ինչու հենց Գերմանիան, որովհետև հիշում եք, որ 2016 թվականին Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանության հարցում իր հանցակցությունը, այսինքն պատասխանատվության իր մասը։ Հիմա կարելի է պատասխանատվության այդ մասի չափով Գերմանիայից պահանջել համապատասխան փոխհատուցում, այսինքն զբաղվել նաև մեր անվտանգության ապահովմամբ։ Իր հանցակցության չափով Գերմանիան պետք է մասնակցի մեր անվտանգության ապահովմանը։ Դա կլինի տարբեր տիպի տեխնոլոգիաների տեսքով, թե այլ նախագծերի ֆինանսավորմամբ, դա արդեն այլ հարց է։ Այսպիսի պահանջով առաջին հերթին պետք է հանդես գան Սփյուռքում, հետո երկրորդ փուլում կարող է խաղի մեջ մտնել Հայաստանը։
 
Այսինքն` Հայաստանը պետք է բազմավեկտոր անվտանգության քաղաքականությո՞ւն վարի։
 
Ընդհանրապես, բազմավեկտոր քաղաքականությունը ավելի նախընտրելի է, քան մեկ բևեռից կախված լինելը։ Թուրքիայի օրինակը ապացուցում է դա, երբ անհրաժեշտության դեպքում Թուրքիան շատ հմտորեն օգտագործում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առաջացած խնդիրները։ Իհարկե, մեր հնարավորությունները դա թույլ չեն տալիս, բայց կարելի է փորձել հասկանալ, թե Ռուսաստանում ինչ են մտածում, արդյոք իսկապես կա նման վտանգ, որ Մոսկվան կարող է միջուկային զենքի տեխնոլոգիաներ տրամադրել Թուրքիային։
 
Որքանո՞վ են իրական այդ վտանգները։
 
Իմ անձնական կարծիքն այնպիսին է, որ շատ հարցերում չեն համընկնում Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի շահերը, ինչպես չեն համընկնում Թուրքիայի և Էրդողանի անձնական շահերը։ Կան փորձագետներ, որ պնդում են, որ այսօր չկան Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններ, կան Պուտին-Էրդողան հարաբերություններ, և հենց դրանք են պայմանավորում կողմերի դիրքերը։ Էրդողանը գիտի, որ Պուտինն ամեն կերպ աջակցելու է իր վարչակարգի պահպանմանը, մինչդեռ ԱՄՆ-ի դերպքում վստահ չէ, որ այդպես կլինի։ Պուտինն էլ օգտագործում է Էրդողանին, փորձում է ամեն կերպ հաճոյանալ նրան, բավարարել նրա պահանջները և հասնել նրան, որ ի վերջո, Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից։ Պուտինի համար իդեա-ֆիքս է դարձել Թուրքիային ՆԱՏՕ-ից պոկելը, և դա հնարավոր է բացառապես այն դեպքում, եթե Թուրքիան ունենա միջուկային զենք։ Այլ դեպքում չեմ պատկերացնում, որ Թուրքիան համաձայնի դուրս գալ ՆԱՏՕ-ից, որքան էլ Մոսկվան իրեն սիրաշահի։
 
Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից, մասնավորապես Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից հետո խոսվում էր Էրդողանի իշխանության դիրքերի թուլացման մասին։ Որքանո՞վ են իրական կանխատեսումները, որ Էրդողանը կարող է պարտվել հաջորդ ընտրություններում։
 
Էրդողանը նորից նախագահ ընտրվելու, ըստ էության, ցմահ նախագահ մնալու մեծ շանսեր ունի, եթե ֆորսմաժորներ չլինեն։ Նա կարող է անընդհատ վերընտրվել մինչև 2033 թվականը։ Ճիշտ է, վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանի և նրա կուսակցության հեղինակությունը նվազել է, բայց ամեն դեպքում Թուրքիայում բոլորը պատրաստվում են 2023 թվականին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին։ Այդ տարի լրանում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, և Էրդողանը, ըստ ամենայնի, կցանկանար, որ 2023 թվականին Թուրքիան արդեն լինի որպես միջուկային զենք ունեցող երկիր։ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ առաջիկայում կունենան նոր Թուրքիա։ Ըստ ամենայնի, նա նկատի ունի միջուկային զենք ունենալը։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ