11-09-2019 14:12:10 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում, որ անհրաժեշտ չէ, որ երեխան լինի բժշկական հսկողության տակ:
“Հեմանգիոմային առնչված ծնողները չգիտեն ում դիմել, -ասում է Վլ. Ավագյանի անվան բուժկենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը,- անոթային վիրաբույժնե՞րին, քանի որ դա անոթային ուռուցք է, ուռուցքաբաննե՞րին, քանի որ դա ամեն դեպքում գոյացություն է, թե՞ միկրովիրաբույժներին, քանի որ նաև կոսմետիկ խնդիր է: Արդյունքում բոլոր այս մասնագետներն էլ զբաղվում են դրանով”:
Այս խնդիրն առավել հաճախ հանդիպում է աղջիկների մոտ, հատկապես վաղաժամ ծնված, թերհաս և թերքաշ նորածինների մոտ:
Հեմանգիոմաները տարբեր տեղակայումներ ունեն՝ տարբեր օրգանների վրա, մաշկի և լորձաթաղանթների տարբեր հատվածներում: Այն կյանքի առաջին տարում ինքնուրույն հետ զարգանալու հակում ունի: Ուստի մինչեւ երեխայի 6-7 ամսականը ցանկալի է պարզապես սպասել: Եթե այն նահանջ չապրի, հարցը լուծել է պետք:
Ինֆանտիլ հեմանգիոմաների մեծամասնությունը կարելի է ախտորոշել անամնեզի (ինչ գործոնների հետ է հիվանդը կապում տվյալ հիվանդությունը, ինչ հետազոտություններ և ինչ բուժում է անցկացվել, ինչպիսին են արդյունքները) կամ արտաքին զննման միջոցով: Հազվադեպ դեպքերում ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է լինում կատարել ռադիոլոգիական քննություն՝ դուպլեքս-ՈւՁՀ, մագնիսո-ռենզոնանսային տոմոգրաֆիա, բջջաբանական և հյուսվածքաբանական քննություն:
Ի դեպ այս բոլոր հետազոտությունները անցնելու և Ձեր փոքրիկի հետագա առողջությունը ապահովագրելու համար կարող եք դիմել Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոն: Տիգրան Քամալյանը շեշտում է, որ չնայած այն սպառնալիք չէ մարդու կյանքի ու առողջության համար, սակայն հաճախ կարող է ճնշել հարակից օրգաններին, հետևաբար բժշկական միջամտության կարիք կլինի:
Oրինակ՝ եթե աճել է հարականջային թքագեղձում, ակնակապիճում, ակնագնդի մոտ, խանգարում է տարբեր օրգանների զարգացմանն ու նորմալ աճին, պետք է մտածել այն բուժելու մասին: Հեմանգիոմաների հեռացման համար դասական վիրաբուժությունից բացի կիրառում են նաև լազերային թերապիա, կրիոթերապիա (սառեցում), այժմ նաև դեղորայքային միջոցներ:
Կենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյան նշում է, որ իրենք մեծաթիվ նման դեպքերի հետ են առնչվել, անգամ եղել է դեպք, երբ ուռուցքը բավականին մեծ էր, սակայն իրենց բուժումների արդյունքում գլխաչափ ուռուցքը փոքրացել է մինչև զարմանալի չափերի: Բայց վերջին շրջանում հեմանգիոմաներն ավելի ու ավելի հաճախ ու արդյունավետորեն սկսել են բուժել դեղորայքի միջոցով: Այս մեթոդը հայտնաբերվել է պատահաբար սրտի բնածին արատ ունեցող երեխաներին բուժելու ընթացքում, երբ նկատել են, որ հեմանգիոման կիրառվող դեղերի ազդեցությամբ հետ է զարգացել, ու սկսել են կիրառել անհրաժեշտության դեպքում նաև առողջ երեխաների հեմանգիոմաների բուժման համար: “Որպես կանոն հեմանգիոմաները իրենց հանդեպ գերուշադրություն չեն պահանջում, սակայն դրանք պետք է վերահսկվեն: Կա մեկ վտանգ,- նշում է Տիգրան Քամալյանը, եթե հեմանգիոման հաճախակի վնասվում և արյունահոսում է, այն պետք է հեռացվի: Իսկ երբ գոյացությունը մեծանում է կամ փոխում է գույնը անհապաղ պետք է դիմել բժիշկ մասնագետին”: