Ավետ Ադոնցի հարցազրույցը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին
12-09-2019 15:56:38 | Հայաստան | Հարցազրույցներ
Հարց. Պարոն Ադոնց, ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում վերջին տարիներին, և Բրյուսելում կայացած Հայաստանի Հանրապետության ու Եվրամիության միջև գործընկերության հերթական նիստին ի՞նչ գործընթացների շուրջ է պայմանավորվածություն ձեռք բերվել։
Ավետ Ադոնց. Դեպի ԵՄ երկրներ վիզաների ազատականացման հարցը ՀՀ և ԵՄ գործընկերության կարևորագույն հարցերից է և ամրագրված է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանի 14-րդ պարբերությունում և հոդված 15-ի 2-րդ կետում, ինչպես նաև Արևելյան գործընկերության Ռիգայի (2015), Բրյուսելի (2017) գագաթաժողովներում ընդունված համատեղ հռչակագրերում՝ «Գործընկերության առաջնություններ» և Բրյուսելի գագաթաժողովի կողմից հավանության արժանացած «20 արդյունք մինչև 2020թ.» փաստաթղթում, և ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի կարևորագույն կետերից է։
Այս ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարվում են նպատակաուղղված աշխատանքներ թե՛ ԵՄ համապատասխան կառույցների, թե՛ հատկապես ԵՄ անդամ երկրների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկան գտնվում է հենց վերջիններիս իրավասության շրջանակներում։
Հարց. Մարտի 5-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտնել էր իր պատրաստակամությունն առ այն, որ իրենք պատրաստ են վիզաների ազատականացման երկխոսության բանակցությունները սկսել որքան հնարավոր է շուտ։
Ավետ Ադոնց. Այո, կայացած հանդիպման արդյունքները ամփոփելու նպատակով կողմերը հանդես եկան մամուլի հատրարարությամբ։ Պարոն Յունկերը իսկապես վերահաստատեց, որ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունների մեկնարկի համար տեխնիկական պայմաններն արդեն իսկ բավարարված են, և ժամանակն է ԵՄ բոլոր պետությունների հետ համագործակցելու, որպեսզի միասին կարողանանք առաջ շարժվել։ Հավելեց, որ ինքը և եվրոպական հարևանության ու ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը պատրաստ են հնարավորության սահմաններում աջակցել այս գործընթացին և ավելի ուժեղ երկխոսություն ծավալել ԵՄ այն անդամ պետությունների հետ, որոնք հետևողական են այս հարցում՝ արձանագրելով, որ իրենք, որպես Եվրոպական հանձնաժողով, կողմ են հնարավորինս շուտ սկսելու բանակցությունների մեկնարկը։ Որպեսզի մուտքն ազատ լինի ԵՄ որևէ երկիր մեկնելու համար, մենք պետք է կարողանանք բավարարել անհրաժեշտ չափորոշիչները։ Որոշակի փոփոխություններ պետք է կատարվեն, գուցե լինեն օրենսդրական փոփոխություններ անձնագրային առումով։
Հարց. Իսկ Հայաստանը կարո՞ղ է արդյոք բավարարել անհրաժեշտ ստանդարտները։
Ավետ Ադոնց. Այո՛, պատկերացրեք, այդ ստանդարտներին շատ մոտ ենք։ Արդեն մեծ աշխատանք ենք կատարել նախ այն առումով, որ ստորագրել ենք ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը։ Վստահորեն կարող եմ ասել, որ այդքան էլ հեռու չենք նաև վիզայի ազատականացման գործընթացի մեկնարկից, սակայն այդ ուղղությամբ երկխոսություններ սկսելու համար անհրաժեշտ է ե՛ւ ԵՄ-ի հանձնաժողովի դրական կարծիքը, ե՛ւ ԵՄ անդամ երկրների համաձայնությունը։
ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացված ռեժիմ ունեցող երկրների փորձից դատելով և այն կրճատ ներկայացնելով՝ երկխոսության մեկնարկի ազդարարմանը հետևում է ԵՄ-ի կողմից տվյալ երկրին ճանապարհային քարտեզի (visa roadmap) ներկայացումը։ Վերջինս նախանշում է այն հստակ պահանջները, որոնք պետք է իրականացնի տվյալ երկիրը՝ քայլ առ քայլ մոտենալով մուտքի արտոնագրերի ազատականացմանը։
Հարց. Իսկ համաձայնագիրը գործելու դեպքում ի՞նչ սահմանափակումներ են գործելու ժամկետների և վերադարձի առումով։
Ավետ Ադոնց. Վիզայի ազատականացումը ենթադրում է, որ ՀՀ քաղաքացիները համապատասխան ռեժիմի շրջանակներում կարող են մուտք գործել եվրոպական ցանկացած երկիր առանց վիզայի կնիքն անձնագրում ունենալու։
Այսօրվա դրությամբ ԵՄ-ի հետ գործում է վիզաների դյուրացված ռեժիմ, և մուտքի արտոնագրերի ստացումը, ի տարբերություն նախորդ տարիների, ՀՀ քաղաքացիների համար դարձել է ավելի հեշտ։ Շատ մարդիկ արդեն ունեն բազմակի վիզաներ անձնագրում, ինչը մինչ համաձայնագրի ստորագրումը գրեթե հնարավոր չէր։
2014թ. հունվարից ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրից բացի, ուժի մեջ են մտել նաև հետընդունման մասին համաձայնագրերը, որոնց մշտադիտարկման համար ստեղծվել է համատեղ երկու կոմիտե։ Ցանկացած վիզայի դյուրացում նախատեսում է նաև հետընդունում, կանոնավոր միգրացիոն հոսքերի կանոնակարգում։ Եթե մի քաղաքացի մեկնել է որևէ եվրոպական երկիր և իր թույլատրելի ժամկետից երկար է մնացել և դարձել է անօրինական միգրանտ, ապա այդ քաղաքացին պետք է վերադարձվի։ Մենք պարտավոր ենք այդ մարդուն անհապաղ ետ ընդունել։ Առանց այլ պայմանի չէր կարող վիզաների դյուրացման համաձայնագիրը գործել։ Անօրինական միգրացիայի բաղադրիչը պետք է հնարավորինս նվազագույնի հասցվի և ինչո՞ւ չէ՝ նաև վերանա։
Օրինակ՝ Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի պարագայում գործում է հետևյալ մեխանիզմը՝ սահմանված 180 օրվա ընթացքում քաղաքացին կարող է եվրոպական որևէ երկրում մնալ 90 օր։ Այս վիզայի ազատ ռեժիմից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն անհրաժեշտ կենսաչափական անձնագրեր, որոնք ԵՄ կողմից պահանջվող բաղադրիչ են։
ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի արդյունավետ կիրարկումը ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար կարևոր նախապայման է։ Այս տարվա ապրիլի 2-ին նախարարությունում անցկացվեց ՀՀ-ԵՄ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, իսկ սեպտեմբերի 13-ին Երևանում նախատեսվում է անցկացնել նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը։
Նախորդ տարվա հունվարի 23-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ միջև շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը, որտեղ համապարփակ ներկայացվեց մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի իրականացման հաջող ընթացքը՝ շեշտելով մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունների մեկնարկի կարևորությունը։ Հայկական կողմը ներկայացրել է մի շարք առանցքային ոլորտներում իրավական և կարգավորիչ դաշտին առնչվող վերջին զարգացումները, նշել բարեփոխումների շարունակականությունը ապահովելու պատրաստակամության մասին։
Մեկնարկի հեռանկարների մասին որպես օրակարգային կետ քննարկումներ են ընթացել նաև 2018թ. մայիսի 17-ին Երևանում և այս տարվա ապրիլի 9-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ. Արդարության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 9-րդ և 10 րդ նիստերին, 2018 թ., նոյեմբերի 27-ին Երևանում կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստին, 2018թ. հունիսի 21-ին և ս.թ. հունիսի 13-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի առաջին և երկրորդ նիստերին։ Վերջինիս արդյունքներով կողմերը եկել են համաձայնության քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով շարունակել քաղաքացիների շարժունակության խթանումը մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով։ Միաժամանակ դիտարկվելու է պատեհ ժամանակին մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, այն պայմանով որ լավ կառավարվող և անվտանգության շարժունակության պայմաններն ապահոված լինեն։
Հարց. Խոսելով վիզաների ազատականացումից՝ պետք է նաև ենթադրել, որ էականորեն կաճի եվրոպական երկրներում հաստատված միգրանտների թիվը, կլինեն չարաշահումներ։ ՀՀ քաղաքացիներից շատերը կհատեն վերադարձի ժամկետն ու կնախընտրեն թեկուզ անօրինական, բայց տվյալ երկրում ապրել։
Ավետ Ադոնց. Անօրինական հոսքի կանխման առումով գործում է վերոնշյալ հետընդունման համաձայնագիրը։ Եթե լինի անօրինական միգրացիա, ապա մենք չենք կարողանա հասնել վիզաների ազատականացման գործընթացին։ Վստահ եմ, կլինեն բողոքներ, եթե մեր երկրի այս կամ այն քաղաքացին այնուամենայնիվ որևէ եվրոպական երկիր այցելելիս կեցության ժամկետը լրանալուն պես չվերադառնա, ապա նրա հանդեպ կկիրառվի պատժամիջոց, և նա հաստատ կվերադարձվի։ Եթե մենք ուզում ենք եվրոպական ցանկացած երկիր մուտք գործել ազատ, առանց դեսպանատուն դիմելու, փաստաթղեր ձևակերպելու և առանց երկարատև քաշքշուկների, ապա պետք է կարգապահ լինենք ինքներս մեր հանդեպ և չխախտենք վերադարձի ժամկետը։
Հարց. Հատկապես ո՞ր երկրների հետ է դիտարկվում մուտքի արտոնագրերի ազատականացումը։
Ավետ Ադոնց. ԵՄ անդամ, ինչպես նաև Շենգենյան համաձայնագրի դրույթները կիրառող երկրների հետ, բացառությամբ Անգլիայի, որի՝ ԵՄ-ի կազմում այս պահին մնալը հարցականի տակ է։
Հարց. Նախորդ տարեվերջին հնչեց հայտարարություն, որ իբրև մինչև 2020 թ. հայ քաղաքացիները կկարողանան եվրոպական որոշ երկրներ այցելել առանց մուտքի արտոնագրի։ Որքանո՞վ է այս տեղեկությունը համապատասխանում իրականությանը, կամ կխնդրեմ մանրամասնել, թե խոսքը մասնավորապես որ երկրներին է առնչվել։
Ավետ Ադոնց. Եվս մեկ անգամ շեշտեմ, խոսքը ԵՄ անդամ, ինչպես նաև Շենգենյան համաձայնագրի դրույթները կիրառող երկրների մասին է, այլ ոչ թե առանձին երկրների։ Այս պահին չեմ կարող նախանշել ոչ մի ժամկետ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացված ռեժիմի սահմանման համար, քանի որ դեռևս չեն մեկնարկել բանակցությունները, ինչի համար նախ անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր 28 երկրների համաձայնությունը։ Վիզաների ազատականացման ռեժիմ ունենալու համար նախ անհրաժեշտ է բանակցություններ սկսել։ Վստահ եմ, որ դրանք կմեկնարկեն հաջորդ տարվանից։
Հարց. Հայաստանը վիզային ռեժիմի ազատականացման առումով տարեսկզբից առ այսօր ԵՄ անդամ ո՞ր երկրների հետ է խորհրդակցություններ սկսել, որքանով հիշում եմ՝ առաջին պետությունը Գերմանիան է եղել։ Մեջբերեմ, որ հայաստանյան պատվիրակությունը հունվարին մեկնել էր Գեմանիա և ԱԳՆ-ից նշել էին, որ Հայաստանը ձեռնամուխ է լինելու ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ մեկնարկի վերաբերյալ խորհրդակցություններին։ Ի՞նչ գործընթացներ են այս ուղղությամբ տարվել, և առաջիկայում ԵՄ ո՞ր երկրների հետ են նույն ձևաչափով խորհրդակցություններ ընթանալու։
Ավետ Ադոնց. Երկխոսությունը խթանելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական պատվիրակություն՝ փոխոստիկանապետ Հ.Քոչարյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են տարբեր պաշտոնյաներ։ Այն թիրախավորված այցեր է իրականացնում դեպի ԵՄ անդամ երկրներ։ Առաջին նման այցն արդեն իսկ իրականացվել է այս տարվա հունվարի 15-17-ը դեպի Գերմանիա, երկրորդ այցը՝ հուլիսի 26-ին էր՝ դեպի Ավստրիա, իսկ երրորդ այցը կկայանա դեպի Բելգիա, Նիդերլանդներ և Լյուքսեմբուրգ՝ օրակարգում ունենալով հանդիպումներ ԵՄ համապատասխան պաշտոնատար անձանց և նշված երկրների պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։
Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ։ Առաջիկա այցերը նախատեսվում են սկանդինավյան երկրներ։ Գործընթացները նպատակ ունեն ժամկետային առումով արագացնել բանակցությունների մեկնարկը։