Lragir.am զրուցակիցն է Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը
Պարոն Գալստյան, երեկ վարչապետը գրառում էր արել՝ հիշեցնելով, որ թեև ահազանգում էին՝ Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է և ամեն պահի կարող է փլվել, պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված լիներ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։
Պոչամբարի վերաբերյալ կա մասնագետների եզրակացությունը, որը գրվել է շատ վաղուց, անգամ նախքան Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ Դա վարչապետի գրելու բան չէր, որ գրել է՝ բովանդակային և մասնագիտական առումով։ Մենք մեր հայտարարության մեջ նշել ենք, թե ինչ է պետք անել այդ թեմայով վիճաբանելու փոխարեն։ Թեղուտի պոչամբարի վերաբերյալ կա 100 էջից բաղկացած եզրակացություն, կա նաև վերջին տարիների միջազգային փորձ, թե ինչ պոչամբարների պատվարներ են փլվել Կանադայում և Բրազիլիայում, որտեղ ոչ մի երկրաշարժ չի եղել։ Դա էլ դարձավ Ամուլսարի պատմությունը, որ ասում են՝ միայն երկրաշարժի դեպքում կարող են լինել ռիսկեր։ Այդպես չի իրականությունը, ինչ-որ մեկն էլի հերթական անգամ մակարոն է կախում տարբեր մարդկանց ականջներին։ Մենք նշել ենք, որ ուրախ ենք, որ վարչապետ Փաշինյանը վերջապես խոսեց Թեղուտի վտանգներից, սակայն նրան խնդրում ենք մեզ թշնամի չդարձնել։ Մեզ հետ բանավիճելու փոխարեն՝ հարցի շուրջ դրսևորել համալիր մասնագիտական ու պատասխանատու մոտեցում։ Խնդրում ենք սկայպ-խորհրդակցություններ կազմակերպել Համաշխարհային բանկի կողմից վարձված փորձագետների հետ, ովքեր ուսումնասիրել են Հայաստանի պոչամբարների վիճակը դեռ 2015-2016թթ․, ինչպես նաև Վալեքսի կողմից վարձված միջազգային ինժեներների հետ։
Երկրաշարժը կարող է լինել պատճառներից ընդամենը մեկը։ Ի վերջո, ինքը երկար տարիներ լրագրող է եղել, գիտի՝ փաստերը պետք է ստուգել, նոր հրապարակել, հիմա վարչապետ եղած ժամանակ ինչպես կարող է փաստերը չստուգել, նոր հրապարակել։
Արարատ Միրզոյանը հույս ունի Ամուլսարի իրադարձությունների զարգացումը տեսնել քննարկումների ճանապարհով։ Դուք այս պահին տեսնո՞ւմ եք նման հնարավորություն։
Ես տեղյակ չեմ՝ ինչ քննարկումների մասին է խոսքը, մեզ հետ քննարկում չի էլ եղել։ Այն քննարկումը, որին մենք մասնակցել ենք մեկ անգամ Բաղրամյան 26-ում և որին մասնակցում էր հարյուր հոգի, Ջերմուկի և հարակից համայնքի բնակիչներին էին կանչել, մեզ էլ ձեռքի հետ կանչել էին, որ իբր մենք էլ ենք մասնակցել, այս ֆորմատով մասնագիտական քննարկում, վերլուծություն չի կարող լինել։ Կոնկրետ Հայկական բնապահպանական ճակատի հետ վերջին մեկ ամսվա ընթացքում որևէ քննարկում չի եղել։ Եվ եթե ամիսներ շարունակ ասում են, որ սպասում են եզրակացությանը, եզրակացությունից հետո նորից քննարկումներ են անում, նորից դիմում են նախարարություն, հետո նախարարությունը որոշում է դիմել ակադեմիային։ Եթե այս ամենը պետք է արվեր, ապա ինչու էր հայտարարվում, որ սպասում են հետազոտությունների արդյունքներին։ Այնքան հակասական բաներ կան, որ արդեն չգիտենք՝ ինչ մտածել և ինչ ասել։
Ի դեպ, իմքայլական պատգամավորներից կարծիք են հայտնում, որ Լիդիանն ինքն էլ այլևս շահագրգիռ չէ այդ հանքը շահագործելու։
Չեմ կարող որևէ բան պատասխանել, իրենք ասում են, թող իրենք էլ մեկնաբանեն։ Հիմա այնքա՜ն հեքիաթներ պատմողներ ենք առաջացել։
Սեպտեմբերի 20-ը հայտարարվել է բնապահպանական մոբիլիզացիայի օր։
Այո, իսկ այդ ընթացքում տարբեր խմբեր նաև շաբաթ օրն են երթ կազմակերպում։ Սա արդեն ինքնըստինքյան պրոցես է դարձել։
Նշվում է նաև, որ քաղաքական խմբեր կան, որոնք փորձում են այս թեմայի վրա իրենց ձեռքերը տաքացնել և այլն։
Ես կարող եմ խոսել միայն Հայկական բնապահպանական ճակատի անունից։ Մեզ մոտ նման մարդիկ չկան և ոչ էլ կարող են ներկա լինել։ Իսկ եթե կառավարությունն ուզում էր, որ էս ամենը չլիներ, ուներ հսկայական ժամանակ, ԱԺ-ն էլ ութ ամսից ավել է՝ իրենց տրամադրության տակ էր, կարող էին մի շարք օրենքներ փոխել և հարցերը լուծել։ Հերիք է՝ նախկինների քայլերը քննարկել ժողովրդական հեղափոխությունից մեկուկես տարի անց։ Նրանց մասին խոսելը վաղուց անիմաստ է, նրանք քաղաքական դիակներ են։ Եվ ամեն անգամ իրենց թեման անընդհատ վերաքննարկելն իմաստ չունի։
Մեկ ուրիշ կարևոր հարց եմ ուզում տալ նրանց, որոնք այս օրերին ԱԺ-ում մյուս հանքերի մասին են խոսում և հայտարարում, որ այ սա են անում, նա են անում, բայց ո՞վ է խանգարում կառավարությանը և ԱԺ-ին այս մեկուկես տարվա ընթացքում այդ հարցերը լուծել։ Այս մեկուկես տարվա ընթացքում, ունենալով բոլոր լծակները, իրենք ոչ մի հարց չեն լուծել։ Ով է Սոթքին, Ագարակին, Զանգեզուրին զրկելու լիցենզիայից, մենք դիմել ենք կառավարությանը, որ ուժը կորցրած ճանաչի և մինչև այսօր սպասում ենք։ Մեր դիմումից չորս ամիս հետո կցկտուր պատասխան է եկել, որտեղ գրված էր, որ պետք է ուսումնասիրություններ անեն։ Հարցեր կան, որի պատասխանները պետք է տրվեն, և մեզ հետ պետք չէ բանավեճի մեջ մտնել։