Հուշագիր է ստորագրվել Սփյուռքի նախարարության եւ «Նորավանք»<br /> հիմնադրամի միջեւ<br />


Հուշագիր է ստորագրվել Սփյուռքի նախարարության եւ «Նորավանք»
հիմնադրամի միջեւ

  • 29-07-2009 20:40:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն աջակցելու նպատակով հուլիսի 29-ին համագործակցության հուշագիր են ստորեգրել ՀՀ սփյուռքի նախարարությունը` ի դեմս նախարար Հրանուշ Հակոբյանի եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը` ի դեմս տնօրեն Գագիկ Հարությունյանի: ԻՆչպես հայտնում են ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը կարեւորել են Սփյուռքում հայագիտության զարգացման, հայկական Սփյուռքի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների, սփյուռքագիտության ուղղությամբ երիտասարդ մասնագետների պատրաստման, այդ բնագավառում աշխատող մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ` ներկայումս հայկական սփյուռքում տեղի ունեցող գործընթացների գիտական վերլուծությունը: «Միայն գիտական եւ կրթական հաստատությունների հետ սերտ համագործակցության արդյունքում մենք կկարողանանք սփյուռքյան բազմաթիվ եւ բազմաբեւեռ հիմնախնդիրները ուսումնասիրել, քննարկել, վերլուծել, անել առաջարկություններ եւ կայացնել որոշումներ» - նշել է Հրանուշ Հակոբյանը: Մասնավորապես, հայկական Սփյուռքում հայոց լեզվի ուսանումը խթանելու նպատակով կմշակվեն ծրագրեր եւ ուսումնասիրություններ, կազմակերպվի «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում. հիմնախնդիրներ, լուծումներ» խորագրով կլոր սեղան, կամբողջացվեն հայկական համայնքների վերաբերյալ ուսումնասիրությունները եւ համայնքների պատմությունը: Ըստ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի, հուշագիրը նաեւ կնպաստի Սփյուռքում վերլուծական կենտրոնների ստեղծմանը, որոնք կնպաստեն հայ ներուժի հայտնաբերմանը եւ ուղղորդմանը ի շահ հայության եւ Հայրենիքի. «Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ չափազանց կարեւորվում են գիտելիքն ու դժվար իրադրություններում արագ եւ ճիշտ կողմնորոշվելու ունակությունը, նման կառույցները մեծապես կնպաստեն հայության կազմակերպմանն ու հետագա գործունեությանը» - նշել է տնօրենը: Հուշագրով նախատեսվում է նաեւ նպաստել սփյուռքագիտության զարգացմանը, պատրաստել եւ վերապատրաստել սփյուռքագետներ, կազմակերպել հայագիտության զարգացմանն ուղղված միջոցառումներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն