Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական օլիմպիական<br /> փառատոնում նվաճեց 2 մեդալ<br />


Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական օլիմպիական
փառատոնում նվաճեց 2 մեդալ

  • 27-07-2009 17:30:00   | Ֆինլանդիա  |  Սպորտ
ՏԱՄՊԵՐԵ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 25-ին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքից հայրենիք վերադարձավ Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնի մասնակից Հայաստանի մարզական պատվիրակությունը: Հայ 20 մարզիկներ փառատոնում հանդես եկան 6 մարզաձեւերում: Առավել հաջող էին ձյուդոիստները: Տատամի ելած 6 հայ մասնակիցներից Գարիկ Հարությունյանը (50 կգ, Վանաձոր) գրավեց 2-րդ, իսկ Մհեր Թավաքալյանը` (73 կգ, Չարենցավան) 3-րդ տեղը: նրանց հանձնվեցին արծաթե եւ բրոնզե մեդալներ: Դժգոհելու տեղիք չտվեցին սպորտային մարմնամարզիկները, որոնք թիմային պայքարում գրավեցին 6-րդ տեղը: Բազմամարտում 75 մասնակիցների պայքարում Հայաստանի 3 տղաներից Վահան Վարդանյանը եւ Արթուր Դավթյանը հաջողությամբ հաղթահարեցին նախնական փուլի արգելքը եւ անցան եզրափակիչ: Այդ փուլում 24 ուժեղագույնների մրցավեճում Արթուր Դավթյանը գրավեց 6-րդ, իսկ Վահան Վարդանյանը` 8-րդ տեղը: Առավել հաջող էին նրանց մրցելույթները առանձին գործիքների վրա: Նախ, որ նշած երկյակը մտավ եզրափակիչ, որտեղ ուժեղագույն ությակի մրցավեճում, օղակների վրա վարժությունում Վահան Վարդանյանը գրավեց 4-րդ, իսկ Արթուր Դավթյանը` 5-րդ տեղը: Վերջինը 6-րդը ճանաչվեց նաեւ զուգափայտերի վրա վարժությունում եւ 8-րդը` հենացատկում: Համեստ արդյունքով բավարարվեցին մարմնամարզուհիները, որոնք 83 մասնակիցների մեջ տեղ գտան 7-րդ տասնյակում: Խճուղային հեծանվավազքում 100 մասնակիցների մրցավեճում Մհեր Մկրտչյանը գրավեց 40-րդ, իսկ Վարշամ Դարբինյանը` 41-րդ տեղը: Իրենց անձնական ցուցանիշները բարելավեցին լողորդներն ու աթլետները: Ինչ վերաբերում է թենիսիստներին, ապա նրանք հանդիսականի վերածվեցին հենց 1-ին փուլից հետո: Արդյունքում, 49 երկրների մրցավեճում մեդալների հաշվարկով Հայաստանի պատվիրակությունը գրավեց 33-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ