Գազի շանտաժ. քաղաքական գինը Երեւանի ու Մոսկվայի համար


Գազի շանտաժ. քաղաքական գինը Երեւանի ու Մոսկվայի համար

  • 01-10-2019 14:04:53   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայկական մամուլում աստիճանաբար ինտենսիվանում են հրապարակվող տեղեկությունները գազի գնի թանկացման մասին: Նշվում են թանկացման տարբեր տոկոսներ, 20-ից մինչեւ 40 տոկոս: Դրա մասին խոսում է ոչ միայն մամուլը, օրերս նաեւ Սասնա ծռերի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանն էր հայտարարել, որ գազը թանկանալու է: Նա այդպիսով ասել էր, թե Ռուսաստանն ուժեղացնում է ճնշումը Փաշինյանի վրա, իսկ իրենք նրա կողքին են: Տպավորություն է, որ գազի գնի թանկացման եւ Փաշինյանի կողքին լինելու մասին հայտարարությունը, համենայն դեպս կամա, թե ակամա, նրա կողքին լինելու գինը թանկացնելու համար է:
 
Համենայն դեպս, թե Ժիրայր Սէֆիլյանը, թե մամուլի հրապարակումները չեն նշում թանկացման կոնկրետ աղբյուր, բոլորի տեղեկատվության աղբյուրներն առայժմ անանուն են:
 
Միեւնույն ժամանակ, անշուշտ նորություն չէ, որ գազի գինը Ռուսաստանի համար քաղաքական լծակ է, ընդ որում ոչ միայն Հայաստանի դեմ, այլ բոլորի, ով էապես կախված է ռուսական գազից, այդ թվում՝ եվրոպական շատ երկրներ:
 
Ի վերջո, Ռուսաստանն այդ գինը բաձրացրեց նաեւ նախորդ տարի՝ սահմանին 150 դոլարից հասցնելով 165-ի: Ներսում իհարկե գինը չթանկացավ: Դրա գինն էլ Գազպրոմ Արմենիայի ռեսուրսներն են, այսպես ասած արդյունավետ կառավարումը, խնայողությունը եւ այլն, թեեւ ընկերությունը հայտարարեց, որ չի կարող մշտապես իր վրա վերցնել ներքին գնի անփոփոխության գինը:
 
Զուգահեռ տեղի է ունենում Հայաստանի եւ ռուսական Գազպրոմի բանակցությունը: Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ բանակցում են ոչ միայն կոնկրետ գնի շուրջ, այլ գնագոյացման այնպիսի մեխանիզմի, որը տեւական ժամանակով կլուծի հարցն ու այն չի դարձնի ամենամյա սրացումների առարկա:
 
Նաեւ, Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ պետք է ձեւավորել ԵՏՄ միասնական գնագոյացման մեխանիզմ եւ շուկա, այլապես ո՞րն է ԵՏՄ իմաստը, եթե դա չկա: Ռուսաստանին դա ձեռնտու չէ, քանի որ այդպիսով առնվազն ԵՏՄ տիրույթում կզրկվի գազային եւ էներգետիկ լծակից: Միասնական շուկայի հեռանկարը թերեւս մոտ չէ: Իսկ ինչպիսին է հայ-ռուսական բանակցության հեռանկարը:
 
Հայաստանի փոխվարչապետը Երեւանում ԵՏՄ Վեհաժողովից առաջ հերքել է մամուլի տեղեկությունը, թե գազը թանկանալու է: Բայց, միաժամանակ նա նշել է, որ հաջորդ տարվա համար գինը դեռ պարզ չէ եւ հույս է հայտնել, որ այն չի թանկանա: Դա նշանակում է, որ համենայն դեպս կարող է եւ թանկանալ:
 
Ակնառու է, որ որոշումը լինելու է քաղաքական եւ Ռուսաստանը չթանկացնելու համար Երեւանից պահանջելու է քաղաքական գին: Այստեղ հարցն այն է, թե կարո՞ղ է ադյոք Երեւանը ցույց տալ, որ գազի թանկացումը քաղաքական գին կարժենա Ռուսաստանի համար:
 
Երեւանում մեկնարկում է ԵՏՄ Վեհաժողովն ու հավանական է, որ հարցը կլինի առնվազն Փաշինյան-Պուտին առանձնազրույցի օրակարգում, բայց թերեւս քիչ հավանական է, որ լուծվի հենց այդ հանդիպումով: Միաժամանակ, կարո՞ղ է արդյոք այստեղ դեր ունենալ Իրանի նախագահը, որին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ԵՏՄ Վեհաժողովին մասնակցելու: Արդյո՞ք Իրանն այստեղ կարող է լինել Երեւանի քաղաքական «փաստարկ»:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play