Հույս ունենք, որ ՍԴ անդամները խոհեմություն կդրսևորեն և կփրկեն Սահմանադրական դատարանի վարկը


Հույս ունենք, որ ՍԴ անդամները խոհեմություն կդրսևորեն և կփրկեն Սահմանադրական դատարանի վարկը

  • 05-10-2019 15:44:54   | Հայաստան  |  Հարցազրույցներ

lragir.am -ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը
 
Խորհրդարանը նախօրեին 98 կողմ, 1 դեմ և 2 անվավեր ձայներով ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը։ Ձեր կարծիքով՝ այս գործընթացն ի՞նչ ելք է ունենալու, որո՞նք են ակնկալիքները։ Արդյոք սա մի գործընթաց չէ, որի ելքը հենց սկզբից պարզ է՝ հաշվի առնելով, թե ինչ կազմ ունի այսօր ՍԴ-ն։
 
Ակնկալիքը մեկն է՝ պետք է դադարեցնեն Հրայր Թովմասյանի լիազորությունները։ Եթե ԱԺ մեծամասնությունը որևէ այլ ակնկալիք ունենար, պարզապես չէր մտնի այս գործընթացի մեջ։ Երեկ նաև կոչեր եղան ՍԴ դատավորներին ուղղված, որ ակնկալում ենք ձեզնից անաչառ մոտեցում և ձեր խղճի մտոք քվեարկություն, որովհետև, ի վերջո, նրանցից է կախված ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման հարցը։
 
Անընդհատ նշվել է, որ ՍԴ-ն մի կառույց է, որը լեգիտիմություն չունի, որի որոշումները լեգիտիմ չեն, ու հիմա այս հարցն ուղարկում եք ՍԴ քննությանը։ Արդյոք եթե ՍԴ անդամները կողմ քվեարկեն ԱԺ-ի դիմումին, դրանով ՍԴ-ն կինքնամաքրվի, արդյոք հանրության վերաբերմունքը այդ կառույցի նկատմամբ կփոխվի։
 
Կարծում եմ՝ սա առաջին քայլն է, բայց, այնուհանդերձ, մենք չենք կարող ոչ իրավական եղանակով առաջ գնալ։ Նույնիսկ բոլոր այն մարդիկ, որոնք քննադատում էին այս մոտեցումը, նրանք բոլորը պնդում էին, որ սա օրինական եղանակով կատարվող գործողություն է։ ԱԺ մեծամասնությունը փորձել է ամեն ինչ անել օրինականության և իրավական գործիքակազմի շրջանակներում։
 
Բայց այստեղ ավելի կարևոր է ոչ թե իրավական, այլ քաղաքական մոտեցումը։ Կոնկրետ հարյուրավոր փաստեր բերվեցին, թե նախ ինչպես է Հրայր Թովմասյանը դարձել ՍԴ նախագահ, ինչպիսի հապճեպությամբ, ինչ օրենքներ խախտելով։ Նույնիսկ կուսակցականությունը չդադարեցրած վիճակում ՍԴ դատավոր են նշանակել, այնինչ եթե մի քանի օր անց լիներ, լրիվ ուրիշ ընթացակարգերով էր լինելու ընտրությունը։ Այսինքն այդ ամբողջ նախորդ ոչ իրավական ռեժիմի ճարտարապետը, որը նաև հավերժացման ծրագիր էր գծել Սերժ Սարգսյանի իշխանության համար՝ փոխելով Սահմանադրությունը և հարմարեցնելով իրենց քիմքին, այսօր փորձում է ինչ-որ բարոյախրատական դասեր տալ, սահմաններ գծել և հայտարարել, թե մենք այս կողմն եք, դուք այն կողմը։ Նա ոչ դրա բարոյական իրավունքն ունի, ոչ էլ քաղաքական։ Եթե նա մի քիչ ունենար կարողություն վերը նշված բարոյականության, ապա պետք է մեկ օր առաջ հրաժարական տար։ Երբ որ մերժվեց նախորդ իշխանությունը, լինելով նրա մասնիկը, նա ևս պետք է վայր դներ իր լիազորությունները։
 
Ժամանակին մենք տեսել ենք, որ երբ նախագահ է հրաժարական տալիս, իր հետ իր թիմի հիմնական անդամները դուրս են գալիս քաղաքականությունից կամ վայր են դնում իրենց լիազորությունները։ Այս մարդիկ պարզապես ուզում էին տեղավորվել նոր իրողությունների մեջ և, օգտագործելով մեր շատ դեմոկրատ և ժողովրդավարություն կառուցելու մղումները, տեղավորվել դրա մեջ և փորձել իրենց սև խաղերը խաղալ։ Բայց մենք չենք մոռացել, որ նրանք նախորդի մի մասն են կազմում և մինչ օրս փորձում են ծառայել այդ ռեժիմին։
 
Ինչո՞ւ այդ կետից չսկսեցիք, ինչո՞ւ գնացիք ՍԴ դիմելու տարբերակով։ Օրինակ՝ թե ինչպես է նա ընտրվել, ինչպիսի ընթացակարգեր են խախտվել, այդ կետից սկսելն ավելի արդյունավետ չէ՞ր լինի։
 
Անկեղծ ասած, ես անմիջական մասնակցություն չեմ ունեցել, մեր իրավական թիմն է դրանով զբաղվել, և ես իրենց լիովին վստահում եմ։ Բայց գիտեմ, որ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ևս այդ ուղղությամբ աշխատում է և անկախ ամեն ինչից, մեր օրակարգում կան նաև այլ գործիքներ՝ պլան B, պլան C, և անկախ ամեն ինչից, վաղ թե ուշ այդ գործիքները կկիրառվեն։ Բայց մենք հույս ունենք, որ ՍԴ անդամները խոհեմություն ու շրջահայացություն կդրսևորեն և կփրկեն Սահմանադրական դատարանի վարկը։ Այստեղ ոչ թե Հրայր Թովմասյանի հարցն է, ՍԴ-ի վարկի հարցն է։ Որպեսզի այդ վարկը փրկվի, նրանք այսօր ունեն այդ հնարավորությունը։
 
Քոչարյանի գործը ՍԴ-ում քննե՞լը պատճառ դարձավ ձեր կողմից այսպիսի քայլի համար։ Որովհետև մեկ տարի առաջ դուք կարծեք թե չէիք տեսնում ՍԴ նախագահին փոխելու հարց։
 
Այն օրինագծում, որ շրջանառվեց և հարցը առաջ բերվեք, հստակ նշված է, որ այո, դրա հետ էր կապված, բայց իրավական հիմնավորումներով։ Նաև այն խախտումները, որոնք արձանագրվել են և հիմք են հանդիսացել այս նախագծի առաջ մղման համար, ուղղակիորեն կապված են եղել այդ դատավարությանը նախորդած և հաջորդած տարբեր գործողությունների հետ։ Թաքցված չէ, որ հիմքերն այդտեղ են։
 
Ամեն դեպքում, ուշացած չէի՞ն ձեր քայլերը։ Հեղափոխությունից հետո ավելի հեշտ չէ՞ր հասնել ցանկալի լուծման, այդ թվում՝ դատական համակարգի փոփոխության։
 
Ես կարծում եմ, որ շատ ոլորտներում հեղափոխությունից հետո կարելի էր արմատական քայլեր անել, սակայն չպետք է մոռանալ, որ այդ արմատական քայլերը կարող են բերել տվյալ ոլորտների փլուզման։ Իշխանության կարևոր խնդիրներից մեկը երկրի զարգացման բնականոն ընթացքն ապահովելն էր, որի համար, այո, երբեմն եղել են հետաձգումներ, ուշացումներ։ Դրանք հիմնականում ունեցել են օբյեկտիվ պատճառներ։ Օրինակ, բուհական ոլորտում, շատերն ասում էին՝ բոլոր ռեկտորներին հեռացրեք առանց մարդկանց արժանիքները հաշվի առնելու, առանց մտածելու, որ դա կարող է բերել բուհական համակարգի փլուզման։

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ