Շվեյցարացի բարերարների աննախադեպ նվերը հայ փոքրիկներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07-10-2019 18:18:20 | Հայաստան | Բարեգործություն
Մարալիկցի շուրջ 120 փոքրիկ այսօրվանից հաճախելու է ամբողջովին լուսավոր ու հարմարավետ մանկապարտեզ, որտեղ նոր է ամեն ինչ՝ խաղահրապարակից մինչև սանհանգույցներ, ննջասենյակներ ու կաթսայատուն:
1961թվականին հիմնադրված մանկապարտեզը մինչև 2018 թվականը հիմնանորոգման չի ենթարկվել՝ միայն մասնակի վերանորոգվել է:
Նախորդ տարվա հունիսից «Օգնություն Հայաստանին» շվեյցարական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ մանկապարտեզում սկսվել են հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ:
Մարալիկի միակ մանկապարտեզի նախկին անմխիթար վիճակը բարելավվելու համար շինարարներից շուրջ մեկ տարի հինգ ամիս է պահանջվել: Կատարված շինարարական աշխատանքների վրա էլ ծախսվել է 300 հազար ԱՄՆ դոլար:
Ի պատիվ Բարոնյան ամուսինների՝ ավագանու որոշմամբ՝ նախկինում Անի մանկապարտեզն անվանակոչվեց Մայք Բարոնյանի տիկնոջ՝ Ռոմի Բարոնյանի անվամբ: Հենց նրանց էր վերապահվել ավանդական կարմիր ժապավենը կտրելու, եղևնին տնկելու և մանկապարտեզ առաջինը մուտք գործելու պատիվը: Շրջայցից առաջ էլ Մարալիկի հոգևոր հովիվն օրհնեց նորակառույցը:
Նշենք, որ «Օգնություն Հայաստանին» շվեյցարական հիմնադրամի հովանավորությամբ մինչ այս հիմնանորոգվել են Պռոշյան և սահմանամերձ Այգեհովիտ գյուղերի մանկապարտեզները: