uPay-ն առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն


uPay-ն առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն

  • 08-10-2019 09:57:33   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Ucom-ի նորարարական լուծումներից մեկը՝ uPay-ն այս տարի առաջին անգամ է ներկայանում ԴիջիԹեք 2019-ին որպես առանձին ընկերություն։ «Տոն տեխնոլոգիական հայության համար» ցուցահանդեսի շրջանակներում uPay-ն իր օգտատերերին է ներկայացնում նոր հավելվածի բետա-տարբերակը: 
 
uPay բետա-տարբերակի պատասխանատուների հիմնական ուղերձն է «Ստեղծի´ր քո վճարային համակարգը»: Այդպիսով օգտատերերին կոչ է արվում համատեղ ջանքերով ստեղծել այն, ինչից պետք է օգտվեն հենց իրենք՝ տարբեր տարիքային խմբերում ներառված անձինք։ uPay ընկերությունը պատրաստ է լսել բոլորի կարծիքները և առաջարկությունները և դրանց հիման վրա շարունակաբար բարելավել նոր հավելվածը:
 
«Մեր նոր հավելվածն ստեղծելիս ուսումնասիրել ենք միջազգային պրակտիկան, լայն տարածում ունեցող միջազգային վճարային համակարգերը և ներդրել ենք լավագույն լուծումները: Երիտասարդ, նպատակասլաց ու պատրաստակամ մեր թիմը բաց է բոլոր առաջարկների և նկատառումների համար: ԴիջիԹեք 2019-ին ակնկալում ենք լսել դիտարկումներ ու նոր առաջարկներ մեր օգտատերերից և դրանց հիման վրա պլանավորում ենք ստեղծել յուրաքանչյուր անհատին գոհացնող վճարային համակարգ», - ասել է uPay ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Սաղոյանը։
 
«Տաղավարը նախագծելիս փորձել ենք ստանալ ինտերակտիվ և շփման համար հաճելի միջավայր։ ԴիջիԹեքի այն մասնակիցները, ովքեր կայցելեն մեր տաղավար ու կցանկանան դառնալ բետա-տարբերակի թեստավորողներ, հնարավորություն կունենան մասնակցել մրցույթի և ստանալ նվերներ», - նշել է uPay ընկերության մարքեթինգի մենեջեր Ժաննա Մկրտումյանը։ 
 
Հավելենք, որ նոր հավելվածն ստեղծվել է նոր տեխնոլոգիայով, նոր մոտեցումներով, մասնավորապես՝ ծրագրավորման մեջ օգտագործվել է աշխարհում լայն տարածում ստացած «event sourcing» տեխնոլոգիան։ Այն ապահովում է համակարգի ճկունությունը և էապես արագացնում դրա աշխատանքը: Հավելվածն ունի պարզ, բոլոր օգտատերերի համար հասկանալի, մատչելի ինտերֆեյս: Ինչպես արդեն նշեցինք, այն մշտապես բարելավվելու է օգտատերերից ստացված հետադարձ կապի հիման վրա։ 
 
«Յուփեյ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2018թ. դեկտեմբերին Ucom ընկերության կողմից և գործում է ԿԲ-ի կողմից ստացած վճարահաշվարկային ընկերության լիցենզիայի հիման վրա: uPay ընկերությունը շուկային է ներկայանում լայն մասնաճյուղային ցանցով և բջջային հավելվածով: Թե՛ մասնաճյուղային ցանցում և թե՛ հավելվածի միջոցով օգտատերերը կարող են կատարել տարատեսակ ֆինանսական գործարքներ: uPay  մասնաճյուղերը 42-ն են, որոնք գործում են Ucom-ի սպասարկման կենտրոններում, 20-ը՝ Երևանում, 22-ը՝ ՀՀ մարզերում:  
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ