Ինչ է տեղի ունենում Ադրբեջանում


Ինչ է տեղի ունենում Ադրբեջանում

  • 10-10-2019 12:52:59   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը
 
-Ադրբեջանում վարչապետ է փոխվել. Նովրուզ Մամեդովին փոխարինել է Ալի Ասադովը: Ինչո՞ւ էր պետք այս փոփոխությունը, ի՞նչ է դա փոխում ընդհանուր քաղաքականության մեջ։
 
-Իրականում, եթե արտաքին տեսքով դատենք, որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել, որովհետև Նովրուզ Մամեդովը, որ շուրջ մեկ տարի էր պաշտոնավարում, հեռացավ, և նրան փոխարինեց Ալի Ասադովը։ Նրանք երկուսն էլ նախիջևանյան կլանից են, ծագումով Նախիջևանից։ Ասադովը մոտ 10 տարի երիտասարդ է Մամեդովից, դրանից առաջ շուրջ 10 տարի զբաղեցրել է նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնը։ Այստեղ հատկանշական է, որ նախ Ադրբեջանում վարչապետի պաշտոնը որևէ էական դեր քաղաքական կառուցվածքի տեսանկյունից չունի։ Հատկապես Մեհրիբան Ալիևայի՝ փոխնախագահի պաշտոնն ստանձնելուց հետո այդ երկրում վարչապետի դերակատարումն էլ ավելի է նվազել։ Այստեղ ավելի կարևոր է, թե վարչապետի փոփոխությունն ինչ փոփոխություններ է բերելու կառավարության կառուցվածքում։ Կլինե՞ն արդյոք կադրային փոփոխություններ նախարարական պորտֆելներում, թե ոչ։
 
Ադրբեջանի վարչապետի պաշտոնն այն կարևոր պաշտոնը չէ, որտեղ արված փոփոխությունը պետք է շոշափելի փոփոխություն բերի երկրին։ Օրինակ, ասենք ռեֆորմատոր է գալիս, որը փոխելու է տնտեսությունը և այլն։ Բացի այդ, նույնիսկ կլանային առումով փոփոխություն չի եղել։ Այստեղ կարևորը վարչապետի փոփոխությունից հետո եկող փոփոխություններն են։ Որքանով հնարավոր է դիտարկել իրավիճակը, ելնելով Ադրբեջանում մամուլի հրապարակումներից, ես կարծում եմ, որ սա ավելի մեծ գործընթացի սկիզբ է լինելու՝ հաշվի առնելով, թե ադրբեջանական իշխանությունները հենց երեկ տեղի ունեցած ցույցին ինչպիսի դաժանությամբ արձագանքեցին, դա հստակ գալիս է փաստելու, որ ունեն լուրջ վախեր և դառնում են ավելի ագրեսիվ նաև իրենց հասարակության ներսում, իրենց ընդդիմախոսների հանդեպ։
 
-Նախօրեին Բաքվում տեղի ունեցած ցույցը որքանո՞վ էր ազդեցիկ։
 
-Մի կողմից այդ ցույցն արտոնված էր, թույլատրված էր քաղաքապետարանի կողմից, մյուս կողմից ցույցն սկսելուց կարճ ժամանակ անց ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ նրանք խախտում են կարգապահությունը և անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Առկա տեսանյութերից երևում է, որ դրանք շատ դաժան մեթոդներ էին։ Մարդկանց ուղղակի ծեծելով հեռացնում էին փողոցից և թույլ չէին տալիս մասնակցել ցույցի։ Ավելին, իշխանությունները կամ իշխանություններին հարող ուժերը ներգրավել էին նաև մարդկանց, որոնք իշխանությունների օգտին էին վանկարկում, և դա վերածվեց փոխադարձ մեղադրանքների։ Դրանից հետո Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավար Ալի Քերիմլին հայտարարեց, որ հաջորդ ցույցը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին։ Դեռևս պարզ չէ՝ արտոնված կլինի այն, թե ոչ, բայց փաստը ցույց է տալիս, որ անգամ արտոնված ցույցի պայմաններում իշխանությունը հնարավորություն չի տալիս մարդկանց արտահայտել իրենց ներսում կուտակված դժգոհությունը։
 
-Ընդհանրապես, ընդդիմությունը որքանո՞վ շանս ունի հաղթելու ավտորիտար Ադրբեջանում։
 
-Նայած, թե ընդդիմության ինչ ձևակերպում ենք տալիս, որովհետև ընդդիմադիր դաշտն էլ  բավական հեղհեղուկ վիճակում է։ Մի կողմից Ժողովրդական ճակատն է՝ համեմատաբար հին ընդդիմությունը, որը պարբերաբար քարկոծվում է իշխանամերձ աղբյուրներով, նրանք մեղադրվում են 1990-ականներին Ադրբեջանի բոլոր ձախողումների մեջ և որակվում են դավաճան։ Մյուս կողմից համեմատաբար ընդդիմադիր է համարվում Իլգար Մամեդովը և «Ռեալ» շարժումը, բայց նրանք, ըստ էության, այդ ազդեցությունը չունեն, ավելի միջազգային առումով են ընկալելի, քան ներքին հանրային տեսանկյունից։ Նախկինում Իլգար Մամեդովն ու «Ռեալ» շարժումն ունեին որոշակի աջակցություն, բայց մարդիկ, որոնք կարող են համարվել համեմատաբար չափավոր, այս տարիներին բավական հալածանքների ենթարկվելով, նաև հիասթափվելով, լքել են երկիրը։ Այսօր նրան սատարող այդ կոնտինգենտը չի երևում։
 
Կան նաև, այսպես կոչված, իսլամիստները, որոնց հանդեպ իշխանություններն առանձնակի դաժան են, անգամ պատրաստ են գնդակահարել փողոցում՝ մեղադրելով ահաբեիչ լինելու մեջ, առանց որևէ դատ ու դատաստանի։
 
Այս պահի դրությամբ ընդդիմադիր ուժ, որը կարող է մրցակցել Ալիևի հետ, չի երևում։ Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ կան որոշակի ազդակներ ներիշխանական ճամբարում՝ հների ու նորերի պայքարի հարթակում։ Սա, իհարկե, այլ քննարկման թեմա է։
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
Հարցազրուցավար
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ